Բագրատ Ենգիբարյան. ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը վերանայման կարիք ունի.
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման 2008-18 թ.թ. հայեցակարգը վերանայման կարիք ունի: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ ընդհանրապես հնարավոր չէ 10 տարվա համար ՏՏ ոլորտի կանխատեսումներ անել, քանի որ ոլորտը դինամիկ զարգացող ու փոփոխվող է ողջ աշխարհում: Այնուամենայնիվ՝ այն միջանկյալ նպատակները, որ դրվել են ոլորտի առջեւ 2013 թ. համար, ամենայն հավանականությամբ, մեծամասամբ կգերակատարվեն, կամ արդեն իսկ գերակատարվել են:
Այսպես՝ պլանավորվել էր, որ 2013 թ. ՏՏ ոլորտի ընկերությունների քանակը կգերազանցի 400-ը, այնինչ 2012 թ. վերջերին արդեն մոտենում է այդ թվին: ՏՏ մեկ աշխատողի տարեկան արտադրողականությունը պետք է հասցվեր 25 հազ. դոլարի, բայց արդեն գերազանցում է 35 հազ. դոլարը: Ինտերնետի հասանելիության եւ տնային տնտեսությունների համակարգչային հագեցվածության տեմպերը եւս շատ բարձր են: ՏՏ ոլորտի ընդհանուր տարեկան շրջանառությունը 2012 թ. ամենայն հավանականությամբ կհասնի 300 մլն դոլարի, իսկ 2013 թ. համար կանխատեսվել է 400 մլն դոլար (2018 թ. համար՝1 մլրդ դոլար):
Նշենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը 2013 թ. իրականացնելու է «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագիրը; ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւս արձանագրեց, որ վերջին 5 տարիների ընթացքում լուրջ հաջողություններ կան: Հաեցակարգային խնդիրներից, թերեւս, սպասվածից ավելի դանդաղ են իրականանում տեխնոլոգիական ավանների եւ վենչուրային հիմնադրամների ստեղծումը: Մասնավորապես՝ պլանավորվում էր 2013 թ. վենչուրային հիմնադրամի մեծությունը հասցնել 100 մլն դոլարի, սակայն ներկայում այն 6 մլն դոլար է, իսկ այս տարի սպասվում է ներգրավել 40 մլն դոլար: Ինչ վերաբերում է տեխնոլոգիական ավաններին, ապա, ըստ Կ. Վարդանյանի, դրանք հնարավոր կլինի ստեղծել մարզերում ռոբոտաշինական խմբերի բազայի վրա: