Կրթության արդի հիմնախնդիրները աշխարհում, Հայաստանում

Դենիս Դևիդսոն

Դիլիջանի UWC միջազգային դպրոցի տնօրեն

- Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում:

-Կրթության սահմանումը ձևակերպելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչ կրթություն նկատի ունենք, որովհետև մեր օրերում կրթությունը կապված չէ միայն տարբեր առարկաների ուսումնասիրության հետ. կրթություն ասելով՝ պետք է նկատի ունենանք առավել լայն ասպեկտներ: Այսուամենայնիվ, կրթությունն անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք ապրել, և, որպեսզի կարողանանք դիմակայել անընդհատ փոփոխվող աշ-խարհի մարտահրավերներին՝ պետք է սովորենք լինել ստեղծարար, լինել ավելի շատ արկածախնդիր, համառ ու համբերող:

- Որպես Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրեն՝ համեմատություններ անցկացնելու հնարավորություն ունեք՝ միջազգային կրթական հաջողված փորձի և հայկական կրթական համակարգի միջև: Ուստի, խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և աշխարհում ընդունված կրթական չափորոշիչների համապա-տասխանության մասին:

- Կարծում եմ՝ հնարավոր չէ համեմատել երկու տարբեր կրթական համակարգեր, տվյալ դեպքում՝ միջազգայինն ու հայկականը, ինչպես հնարավոր չէ համեմատել, օրինակ, խնձորը փայտի հետ: Բայց կարող եմ ասել, որ, ի տարբերություն հայկական կրթական համակարգի, UWC կրթական համակարգի մեջ ավելի շատ հետևում են ոչ ավանդական կրթական մեթոդներին և ավելի շատ փորձարարություններ են անում: Մենք բավականին հա-ջողություններ ունենք, քանի որ, վերցնելով միջազգային կրթական այս համակարգը, կարողացել ենք գրավել ներդրողների, որոնք շատ մեծ ներդրումներ են արել՝ կառուցելով այս միջազգային դպրոցը: Կարծում եմ, որ հայկական կրթական համակարգն ամբողջությամբ մեծ ներդրումների կարիք ունի: Իսկ ես գիտեմ, որ հայ երե-խան մեծ ցանկություն և ձգտում ունի՝ լավ և որակյալ կրթություն ստանալու:

-Խոսենք նաև ազգային կրթության մասին. ըստ Ձեզ՝ ո՞րն է ազգային կրթության սահմանումն ու էությունը:

-Բոլոր այն երկրներում, որտեղ ես աշխատել եմ, առկա է եղել ազգային կրթության ձևի և բովանդակության հարցը: Եվ ամեն երկիր ի վերջո գտնում է իր աշխարհհայցքին համահունչ ազգային կրթություն կազմակերպե-լու պատշաճ տարբերակը: Քաղաքագետներն ու քաղաքական գործիչները կրթությունը դնում են քաղաքականության սահմանումների մեջ, փորձում են քաղաքականացնել՝ կարծելով, որ այս միջոցով քվեներ կստանան: Այստեղից սկիզբ է առնում լարվածություն՝ կոնկրետ աշակերտների հետ աշխատող ուսուցիչների և կրթությունը քաղաքականացնողների միջև:

-Ի՞նչ անհրաժեշտություն կար Հայաստանում հիմնելու կրթական այս հաստատությունը:

-Այս դպրոցի հիմնադրումը հայկական կրթական վերածնունդին միտված մի քայլ է: Չէ՞ որ պատմականորեն Հայաստանը եղել է կրթության, գիտության և մշակույթի օրրաններից մեկը: Հիշենք միայն վաղ միջնադարում՝ 4-6 դարերում, և հետո էլ, ինչ հզոր կրթական կենտրոններ կային Հայաստանում, այդ թվում նաև՝ հիմնարար կրթություն մատուցող վանական համալիրները: Գաղտնիք չէ, որ հայ մարդն, առհասարակ, աշխարհի կրթա-կան, գիտական և մշակութային ժառանգության մեջ մեծ ներդրում և համբավ ունի: Կարծում եմ, որ այս դպրոցի հիմնադրումով և կրթական այս ծրագրի ներդրումով՝ Ռուբեն Վարդանյանը նպատակ ունի Հայաստանը նորից դարձնել կրթական կենտրոն: Եվ այս տեսլականը կյանքի կոչելու համար նա աշխարհի տարբեր անկյուններից սովորողներ է ներգրավում: Այս պահին դպրոցն ունի 70 երկրից ժամանած աշակերտներ: Սա ոչ մի քաղաքական ուղղվածություն չունի, պարզապես նպատակն է Հայաստանը դարձնել նույնքան կարևոր կրթական կենտ-րոն, որքան առաջ էր, ինչպես նաև՝ շեշտել հայկական ինքնությունը:

-Այս դպրոցում կողք կողքի սովորում են միմյանց հետ քաղաքական խնդիրներ ունեցող տարբեր պետություն-ների քաղաքացիներ կամ քաղաքական հակադիր բևեռներում գտնվող տարբեր ազգերի երեխաներ, օրինակ՝ հայ երեխաների հետ Դիլիջանի միջազգային դպրոցում սովորում են ազգությամբ թուրք երեխաներ: Ասացեք, խնդրեմ, կրթական այդ ի՞նչ քաղաքականություն եք իրացնում, որ այդ աշակերտներին բերում եք երկխոսութ-յան դաշտ:

-Այստեղ բոլոր ուսանողները նախ ստիպված են ապրել իրար հետ: Հետո մենք հնարավոր ամեն կերպ մոտի-վացնում ենք նրանց, որպեսզի այդ երկխոսությունը տեղի ունենա: Սկզբունքը հետևյալն է. բոլորն իրավունք ունեն կարծիք ունենալու, սակայն պակաս կարևոր չէ, որ բոլոր կարծիքները լսելի լինեն: Այս հարցի լիարժեք պատասխանը կստանաք սակայն, երբ տեսնեք մեր ուսանողներին միասին ճաշելիս, ուսանելիս և պարզապես ազատ ժամանակ շփվելիս:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում UWC կրթական համակարգը և ինչո՞վ է տարբերվում տարբեր երկրների պետական կրթական համակարգերից:

-1964 թվականին Քուրդ Հանն է ներդրել կրթական այս համակարգը: Դա Սառը պատերազմի ժամանակներն էին: Ես երիտասարդ աղջիկ էի և հիշում եմ, թե ինչ վախ էինք ապրում, որ ամեն պահի կարող է անատոմիական ռումբ պայթել: Քուրդ Հաննը կարծում էր, որ ավելի մեծ տարիքի մարդկանց հետ դժվար կլինի աշխատել և նրանց բերել երկխոսության: Եվ նախապատվությունը տվեց երիտասարդներին, որոնք աշխարհի տարբեր ծայրերից մի տեղում համախմբվելով՝ առավել հեշտ կադապտացվեն միմյանց և քաղաքակրթական երկխոսություն կսկսեն իրար հետ: Եվ այս փորձը կյանքի կոչելու համար նա չէր կարող հենվել ավանդական կրթական համա-կարգի վրա և կիրառել ավանդական կրթական մեթոդները: Բնականաբար, պետք էր ներդնել փորձարարական կրթական համակարգ, որի կրթական ծրագիրը չի սահմանափակվում լսարանում առարկաներ ուսանելով, քանի որ լսարանից դուրս շփումն ու հարաբերությունները ևս կրթական գործընթացի մաս են կազմում: Օրինակ՝ մենք ունենք «Ռե ապագա» կոչվող մի ծրագիր, որի շրջանակներում մեր ուսանողները, համագործակցելով տե-ղի և այլ մարզերի ուսանողների հետ, փորձում են վերամշակել էլեկտրոնիկան: Ունենք նաև աշակերտներ, որոնք գնում են Վանաձորի գիշերօթիկ դպրոց, «Օրրան» և այլուր՝ կամավորական աշխատանքներ կատարելու: Այսինքն՝ այն, ինչ տեղի է ուենում բուն ուսումնական ծրագրից դուրս, ընկալում ենք որպես կրթական գործընթացի մի մաս:


 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ


 

Սամվել Կարաբեկյան

Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ, ԵՊԼՀ համալսարանական շարունակական կրթության կենտրոնի ղեկավար

-Խնդրում եմ ձևակերպեք կրթության նպատակը 21-րդ դարի մարտահրավերների համատեքստում՝ ա)աշխար-հում, բ) Հայաստանում:

Շատ տարողունակ հարց եք տալիս: Նախ պետք է հանել աշխարհում և Հայաստանում բաժանումը, որովհետև ցանկացած կրթական համակարգ մեկուսացման պայմաններում չի կարող զարգանալ: Եթե կարճ ասենք, կրթության հիմնական նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է: Այլ բան է, որ 21-րդ դարում փոխվել են կրթության խնդիրները, և սա առաջին հերթին կապված է տեղեկատվական-տեխնոլոգիական հեղափոխության հետ: Գիտակրթական տեղեկատվության կուտակման և փոխանցման արագությունը մոտ տասը հազար անգամ աճել է և քանի գնում արագանում է: Սա հանգեցնում է այն բանին, որ այլևս որևէ դասախոս կամ մասնագետ չի կարող հավակնել ամբողջական տեղեկատվությանը տիրապետելուն կամ այն փոխանցող եզա-կի փորձագետ լինելուն, քանի որ ուսանողներն էլ մուտք ունեն բազմազան տեղեկատվական աղբյուրներ: Հետևապես, դասախոսի կամ ուսուցչի դերակատարումը պետք է լինի ուսանողի կամ աշակերտի ստացած մասնա-գիտական տեղեկատվության համակարգումը, մշակումը և ուղղորդումը՝ որպես փորձառու մասնագետ: Բնա-կանաբար, սա նաև փոփոխություն է մտցնում ուսանողների՝ որպես տեղեկատվության սպառողների և որպես կրթության սուբյեկտների դերակատարության մեջ, որով սեփական կրթության համար պատասխանատվությունն այլևս ընկնում է նրա ուսերին: Այսինքն՝ յուրաքանչյուր ուսանող, ըստ էության, ինքն է ստանձնում պար-տավորություն և պատասխանատվություն իր կրթական ուղիների համար: Ստացվում է, որ ուսումնառությունը մասնագիտական տեղեկատվությունը կրավորական կեցվածքով կլանելու փոխարեն դառնում է կոնկրետ աշխատանք, քանի որ հարափոփոխ աշխարհում, երբ փոխվում են հասարակություններն ու հասարակություններին ուղղված մարտահրավերները, ուսանողն ինքը պետք է հարթի իր մասնագիտական ճանապարհն ու դարձնի իրեն մրցունակ և պահանջված աշխատաշուկայում:

-Խոսենք Հայաստանում մատուցվող կրթության որակի և դրա՝ աշխարհում ընդունված կրթական չափորոշիչների համապատասխանության մասին: Այստեղ խոսենք նաև ազգային կրթության մասին:

-Նախ սահմանենք կրթության որակ ասվածը, որը բացարձակ հասկացություն չէ: Որակը՝ հատկապես կրթության բնագավառում, ընդունված է սահմանել երկու տեսանկյունից. նախ համապատասխանությունը դրված նպատակին, ապա՝ դրված նպատակի համապատասխանությունը հանրության և աշխատաշուկայի պահանջներին: Եթե նպատակը ճիշտ է սահմանված, և այն ուղիները, որոնց միջոցով պետք է հասնել այդ նպատակին, ուրեմն՝ ունենք որակյալ կրթություն: Սա շատ պարզ սխեմա է: Այստեղ ընդհանրացումներ անել և մեկ սահմա-նում տալ հնարավոր չէ և ճիշտ էլ չէ, որովհետև, օրինակ՝ մենք չենք կարող ասել Մանկավարժական համալսարանի՞, թե՞ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն է ավելի որակյալ կրթություն մատուցում, որովհետև նրանք տարբեր խնդիրներ են լուծում և տարբեր նպատակներ ունեն: Մի դեպքում նպատակը, ասենք, հանրակրթական դպրոցների համար ֆիզիկայի որակյալ ուսուցիչներ պատրաստելն է, մյուս դեպքում, օրինակ՝ միջուկային ֆիզիկայի բնագավառում հետազոտող-գիտնական պատրաստելը: Հետևապես, կրթության որակը չափելի է կոնկրետ բուհի, կոնկրետ ֆակուլտետի նպատակների տեսանկյունից: Իսկ թե ինչպես են մե-զանում հասնում վերջնական նպատակին և արդյունքին, այստեղ ունենք շատ խնդիրներ, որոնք կապված են կրթական ամբողջ պրոցեսի կազմակերպման և կառավարման հետ: Այս իմաստով, Արևմտյան լավագույն հա-մալսարանների փորձից մենք բավականին ետ ենք մնում: Սա շատ տարողունակ հարց է և մասնագիտական լուրջ խնդիր, որը երկարատև քննարկում է պահանջում:

Ինչ վերաբերում է ազգային կրթություն ասվածին, չեմ կարող պատասխանել Ձեր հարցին, որովհետև ինձ հա-մար էլ պարզ չէ, թե ինչ ասել է ազգային կրթություն: Կարող է լինել կրթության ազգային համակարգ, որն արդ-յունավետ է գործում: Որպես կանոն, երբ խոսում են ազգային կրթությունից, բովանդակությունը նկատի ունեն, իսկ բովանդակությունը չի կարող լինել ազգային կամ ապազգային, քանի որ չենք կարող ունենալ ազգային ֆի-զիկա կամ ազգային լեզվաբանություն, այլ կարող ենք ունենալ լեզվաբանություն, պատմություն, որոնք օգտագործում են հայերենի նյութը: Վերջին հաշվով, երբ մենք ունենք պետություն և պետական կրթական համա-կարգ, ուրեմն՝ այն ազգային է:

-Հայաստանյան կրթական ցենզը ո՞րքանով է ապահովում աշխատաշուկայի պահանջարկը:

- Սա էլ բավականին տարողունակ հարց է, բայց փորձեմ սխեմատիկ պատասխանել: Նախ ի՞նչ բան է հայաս-տանյան աշխատաշուկա կոչվածը: Իմ խորին համոզմամբ՝ դասական առումով, աշխատաշուկա չունենք, որը որոշակի պահանջարկ է ձևավորում: Դե, եթե այստեղից հստակ ձևակերպված պատվերներ չեն գալիս, ապա շատ դժվար է կողմնորոշվել կրթական ծրագիրը վերափոխելու ընթացքում որոշակի պատվերներին համա-պատասխանեցնելը: Մյուս կողմից, պետք է նշեմ, որ, մտնելով եվրոպական բարձրագույն կրթության ընդհանուր տարածք, այսինքն՝ ներդնելով բոլոնյան համակարգը, մենք հնարավորություն ենք ստանում վերցնել նաև համաեվրոպական աշխատաշուկայի պահանջները: Ընդհանուր առմամբ, մենք դեռ հեռու ենք դասական իմաստով աշխատաշուկայի պահանջներին բավարարելուց, իհարկե, բացառությունները չհաշված:

-Խնդրում եմ՝ նշեք հայաստանյան կրթական համակարգի կարևոր ձեռքբերումներն ու թերացումները հետանկախության շրջանում:

-Ինձ համար առաջին ձեռքբերումը, այնուամենայնիվ, մնում է, թեպետ դժվարությամբ ընթացող և ոչ միշտ ճիշտ քայլերով ուղեկցվող, ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական և հետազոտական տարածք: Երկրորդը՝ հանրակրթական դպրոցի վերափոխումը՝ դարձյալ երբեմն ոչ ճիշտ բովանդակությամբ ընթացող, որ-տեղ խոչնդոտները, ցավոք սրտի, հաճախ մասնագիտական ու կրթական չեն, այլ արտակրթական են: Մասնավորապես՝ վերջին 15-20 տարում նկատվող և հետզհետե ուժգնացող քաղաքական ճնշումը կրթական համակարգի վրա: Այսուհանդերձ, կրթական համակարգի տեսակետից նշյալ բարեփոխումներն ինձ համար մոտա-վորապես նույն կշիռն ունեն, ինչպես Եվրոպայի Խորհրդի մեջ մտնելը: Ճիշտ է, սա չի նշանակում, մտանք և վերջ, պարզապես, պետք է ճիշտ կառավարել այդ համակարգերը և լինել անկեղծ՝ չհայտարարել մի նպատակ, բայց իրականում անել բոլորովին այլ բաներ, որն էլ համարում եմ հետընթաց՝ հետանկախության շրջանում եղած ձեռքբերումների նկատմամբ:


 

ԵՐԵՎԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ