Երիտասարդ գիտնականները` երիտասարդական գիտական մրցանակաբաշխությունների մասին

Հարյուր երիտասարդ գիտնականի ուղղեցի մի երկար հարցաշար։ Պատասխանների ընդհանուր վերլուծությունը բավական ժամանակ կպահանջի, քանի որ նյութը շատ մեծ ծավալի է։ Սակայն միանգամից կարելի է ասել, որ պատասխաններն ընդհանուր առմամբ սպասելի էին՝ հաշվի առնելով գիտության ֆինանսավորման ու կազմակերպման ներկա վիճակը մեր երկում։

Այստեղ ուզում եմ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես են ընդհանրապես վերաբերում երիտասարդները տարատեսակ մրցանակաբաշխություններին, որոնք վերջին երկու տարվա ընթացքում սկսեցին իրականացվել զանազան պետական ու հասարարակական կառույցների, մասնավոր հիմնադրամների կողմից։ 

Հարցաշարում խոսքը գնում է, մասնավորապես, հետևյալ մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների մասին, որոնք իրականացվել են  «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» (ՊԳՖԱ) ֆեյսբուքյան էջի նախաձեռնությամբ, մրցույթների կազմակերպման ու դրանց արդյունքների ամփոփման գործում՝ էջի անմիջական մասնակցությամբ և ՀՀ ԳԱԱ «Գիտության զարգացման հիմնադրամի», «Գ. Ծառուկյան» և «Տաշիր» բարեգործական հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ։

-ՀՀ ԳԱԱ «Ակադեմիա» ամենամյա մրցանակ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար (յուրաքանչյուր տարի մրցույթը հայտարարվում է գիտության որոշակի ոլորտի աշխատանքների համար և նախատեսված է Ազդեցության գործակից (Impact Factor) ունեցող գրախոսվող գիտական ամսագրերում հրապարակված գիտական աշխատությունների (շարքի) համար, որոնք հրապարակվել են երիտասարդ հեղինակների կողմից մրցույթին նախորդող երկու տարիների ընթացքում) - 2012 թ. մրցանակը տրվել է ֆիզիկայի ոլորտում

-Ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում մինչև 35 տարեկան երիտասարդ հեղինակների/համահեղինակների՝ 2010թ. ընթացքում տպագրված աշխատանքների խրախուսման ծրագիր

-Հասարակական գիտությունների ոլորտում ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում 01.01.2005–01.07.2011 ժամանակահատվածում տպագրված աշխատանքների՝ մինչև 41 տարեկան երիտասարդ հեղինակների/համահեղինակների խրախուսման ծրագիր

-Հասարակական գիտությունների ոլորտում միջազգային գիտական ամսագրերում մինչև 41 տարեկան երիտասարդ հեղինակների/համահեղինակների` 01.01.2005թ.–01.10.2011թ. ժամանակահատվածում տպագրված այն աշխատանքների խրախուսման ծրագիր, որոնք հաշվառվում են (ինդեքսավորվում են)Social Sciences Citation Index, Arts and Humanities Citation Index, Thomson Reuters, Springer, Scopus, JSTOR, International Bibliography of the Social Sciences, Philosophy Documentataion Center eCollection,  ERIH (European Reference Index for the Humanities), WestLaw, Linguistic Bibliography միջազգային շտեմարանների ցանկերում

-Մինչև 40 տարեկան երիտասարդ գիտնականների՝ առավելագույն հղում ունեցող հոդվածների մրցույթ՝ 2005 թվականից մինչև 2012թ. տպագրված հոդվածների համար։

Ի հավելումն, դիտարկվել են նաև Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակը («Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգ, 2011 և 2012 թ.թ. մրցանակաբաշխություններ) ու «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» անվանական մրցանակները՝ 2012 թվականի ընթացքում գիտության տարբեր ոլորտներում արժեքավոր աշխատանքների համար։

Ստացված պատասխաններից բխում են մի քանի անմիջական դիտարկումներ և եզրահանգումներ։ Մասնավորապես, ակնառու նկատվում է, որ մրցանակաբաշխությունների արդյունքներն ամփոփելիս կիրառվող չափանիշների նկատմամբ վերաբերմունքը էականորեն տարբերվում է բնագետների և հասարակագետների մոտ։ Առաջինները հիմնական շեշտը դնում են բացառապես քանակական ցուցանիշների վրա (տպագրությունների քանակ, ամսագրերի ազդեցության գործակից, հոդվածների հղման ինդեքս, h-գործակից և այլն), մինչդեռ երկրորդները, որպես կանոն, կարծում են, որ պետք է հենվել նյութի բովանդակության, կարևորության և նորույթի վերաբերյալ որակական գնահատականների վրա, իսկ այդ գնահատականները պետք է տան մասնագետները։

Սա բավական կարևոր խնդիր է, որը պահանջում է համակողմանի քննարկում՝ ժամանակակից գիտաչափական մեթոդների կիրառոթյամբ։ Այս խնդրին  կանդրադառնանք առաջիկա հրապարակումներից մեկում, իսկ այստեղ նշենք միայն այն, ինչն ընդհանուր է բոլոր հարցվածների պատասխաններում՝ անկախ վերջիններիս մասնագիտական կոնկրետ բնագավառից, լինի դա` բնագիտական թե հասարակագիտական։

Դա մրցանակաբաշխությունների կարևորության հարցն է՝ ընդհանուր առմամբ։

Հարցման արդյունքը հետևյալն է. առանց բացառության, բոլորը կարևորում ենմրցանակաբաշխությունների  դերը՝ որպես խրախուսիչ երևույթ և հասարակության ու պետության կողմից գիտության և գիտնականի գնահատման ցուցանիշ։ Միաժամանակ, անխտիր բոլորը նշում են, որմրցանակներն  էական դեր չեն կարող խաղալ ոլորտի զարգացման տեսակետից և շեշտում են գիտության ընդհանուր ֆինանսավորման անհապաղ ավելացման անհրաժեշտությունը։ Իսկ ինչո՞ւ անհապաղ՝ հաջորդիվ։

Մանե Հակոբյան

Հետք.ամ