Երիտասարդ գիտնականի աչքերով
Հերմինե Ղարագուլյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի 3-րդ կուրսի ասպիրանտ է... Հայացքս անորոշ կետի՝ պատկերացնում էի, լսում Հերմինեի մեղմ ձայնը՝ իր, իր գիտական ուղու, իր հաջողությունների մասին պատմելիս, զգում էի սերն ու նվիրումը գիտությանը և ողջ ընթացքում հիացմունքիցս չէի կարողանում պոկել ու անջատել ափսոսանքի զգացողությունը… Ասաց. "Пусть будет нашей высшей целью одно: говорить, как чувствуем, и жить, как говорим" - Սենեկա։
-Մասնագիտությանս ընտրության հարցում մեծ դեր է խաղացել իմ ֆիզիկայի ուսուցիչը, ով նույնպես ԵՊՀ-ի շրջանավարտ է: Ծնողներս այնքան էլ կողմ չէին. ես այդ տարիքում խորությամբ չէի գիտակցում, թե հետագայում ինչ խնդիրների առջև կարող եմ կանգնել Հայաստանում գիտության այսքան օտարված լինելու պատճառով։
-Ցավոք, պետք է նշեմ, որ աշխատում եմ ֆիզիկայի հետ ընդհանրապես կապ չունեցող կազմակերպությունում՝ Հայաստանի պետեսագիտական համալսարանի կարիերայի և մարքեթինգի կենտրոնում՝ որպես գլխավոր մասնագետ: Այդ է պատճառը, որ, լինելով փորձարար, իմ գիտական հետազոտությունները գրեթե ամեն օր ավարտում եմ 22:00-ին, երբեմն օգտագործում եմ նաև միակ հանգստիս օրը, կիրակի օրերին ևս մեր գիտական խմբի մյուս անդամների հետ գալիս եմ համալսարան` փորձարարական աշխատանքներս ավարտին հասցնելու համար:
-Եթե այնպիսի երկրում ապրեինք, որ մասնագիտությունն ապահովեր քիչ թե շատ բարեկեցիկ կյանք, ապա կկարողանայի ժամանակ տրամադրել նաև նախասիրություններիս, հիմա ընդամենը փորձում եմ ժամանակի «պատառիկներ» պոկել՝ անձնական հետաքրքրություններիս համար: Միայն այն կարող եմ ասել, որ կրթություն-աշխատանք-ընտանիք ոլորտները համատեղելը չափազանց դժվար է մեր երկրում:
-Մասնագիտական հետագա աճս շատ կցանկանայի պատկերացնել Հայաստանում, սակայն կառավարության կողմից գիտության ներկայիս անտեսված վիճակի պատճառով երբեք չեմ մերժի արտերկրի քիչ թե շատ լավ առաջարկ։
-Գիտական հետազոտություններս սերտորեն կապված են հեղուկ բյուրեղների հետ: Վերջին երկու տարում իմ մասնակցած գիտաժողովներից կարող եմ առանձնացնել “24th International Liquid Crystal Conference”-ը (2012), “Optics of Liquid Crystals”-ը (2011), Այժմ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» ֆինանսավորման շնորհիվ պատրաստվում եմ մասնակցել փետրվարի 19-ին Բարսելոնայում կազմակերպված ”Internatioanl Conference on Photonics, Optics and Laser Technology” գիտաժողովին:
-Մեր խմբի գիտական աշխատանքների արդյունքները տպագրվել են միջազգային ազդեցության բարձր գործակից ունեցող մի շարք գիտական ամսագրերում: Այդ աշխատանքներում հիմնականում ընդգրկված են 4-5 համահեղինակ, փորձարարական մասը գրեթե ամբողջությամբ ինքս եմ իրականացնում, սակայն, առանց իմ գիտական ղեկավարներ Ռ. Ալավերդյանի և Ա. Գևորգյանի հետ քննարկումների, լուրջ արդյունքներ դժվար կլիներ ստանալ:
-2009թ. արժանացել եմ արտասահմանյան դրամաշնորհի Անգլիայի Լիդսի համալասարանից 1 տարով մագիստրատուրայում սովորելու համար (Taught MSc Programme “Colour and Imaging Science” Departmental scholarship, £ 2000 տարեկան), սակայն տրամադրված գումարի ոչ բավարար լինելու պատճառով չեմ կարողացել գնալ։ Գյուլբենկյան հիմնադրամից ստացած դրամաշնորհով մասնակցել եմ Մայնցում (Գերմանիա) տեղի ունեցած “24th International Liquid Crystal Conference” գիտաժողովին (2012թ.):
-Ինչ վերաբերում է վերջին տարիներին գիտության ասպարեզում դրական միտումներին, իսկապես, վերջերս քիչ թե շատ պետական և ոչ պետական կառույցների, ինչպես նաև անհատների կողմից սկսել է գիտությունը կարևորվել, բայց դա էլ, անշուշտ, չի կարելի համարել բավարար, որովհետև անհարժեշտություն կա արմատապես փոխել իրավիճակը: Հատկապես փորձարար գիտնականը մրցունակ չէ արտերկրի գիտնականի հետ` տեղի լաբորատորիաների ժամանակակից սարքերով ոչ հագեցած լինելու պատճառով:
-Արտասահմանում երբևէ չեմ աշխատել, սակայն միջազգային գիտաժողովների մասնակցության ժամանակ, շփվելով այնտեղի գիտական աշխարհի ներկայացուցիչների հետ, հասկացել եմ, որ այսքան դանդաղ քայլերով մենք երբեք էլ լուրջ հաջողությունների չենք հասնի գիտության ոլորտում, այսօր բոլոր բնագավառներում թռիչքաձև փոփոխություններ են տեղի ունենում, իսկ դուք նայեք մեր ընթացքին…
-Իշխանությունների անտարբերության պատճառով հակվում եմ այն մտքին, որ գիտությունը գիտնականների հոբբին է, ոչ թե նաև եկամուտ ապահովող «զբաղմունք», որը կօգնի վարել բարեկեցիկ կյանք, իսկ շռայլությունների մասին խոսել նույնիսկ ավելորդ է: Գիտական աշխարհում (Հայաստանում) մի բան է միայն մխիթարող` որ ի տարբերություն մյուս ոլորտների, այստեղ գրեթե կոռուպցիան բացակայում է:
-Ինչ վերաբերում է սեռին, ապա ցածր կուրսերում որոշ դասախոսների կողմից տարբերակում կատարվում էր, հիմա գրեթե այդպիսի իրավիճակներում չեմ հայտնվում՝ որպես իգական սեռի ներկայացուցիչ, ոչ՛ Հայաստանում, ոչ՛ էլ արտերկրում: Իմ անձնական կարծիքն այն է, որ ոչ՛ գիտական աշխարհում, ոչ՛ էլ մեկ այլ բնագավառում սեռը որևէ նշանակություն չունի, կարևորը նպատակ, ցանկություն և կամք բառերի ներդաշնակությունն է յուրաքանչյուր մարդու մեջ:
Հ.Գ. "Пусть будет нашей высшей целью одно: говорить, как чувствуем, и жить, как говорим" - Սենեկա։ Սենեկա կրտսեր։ Լուցիուս Աննեուս Սենեկա կրտսեր՝ Lucius Annaeus Seneca minor, մ.թ.ա 4- մ.թ. 65։
Մանե Հակոբյան
Հետք.ամ