Մրցունակ կադրերի ապահովման միտումով

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը: Համառոտ ներկայացվել են Հայաստանի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ոլորտում 2012թ.-ին երկու ընկերությունների կողմից համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաև 2013թ.-ի ռազմավարությունը:

Նշվել է, որ համագործակցող կողմերի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական ուղղություններն են՝ ՏՀՏ ոլորտի զարգացում, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում շնորհալի երիտասարդների բացահայտում և խրախուսում, մրցունակ կադրերի պատրաստում և կառավարման որակի կատարելագործում: Այս համատեքստում, ՏՀՏ ոլորտում մի շարք հեռանկարային ծրագրերի իրականացման համար, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը միայն 2012թ.-ին ներդրել է ավելի քան 75 մլն. դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հայտարարության համաձայն՝ ընկերությունը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, և որ ոլորտի ինքնաբավ և երկարաժամկետ զարգացում երաշխավորող նախաձեռնություններին աջակցությունը կնպաստի նաև հասարակության զարգացմանն ու համաշխարհային հարթակում Հայաստանի բարձր վարկանիշի ապահովմանը: Այս ուղղությամբ իրականացված կարևոր քայլերից մեկը ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատներին խրախուսելն է: Վերջին երեք տարիներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորել է համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը: Ծրագիրը կարևոր է ոչ միայն երկրում ՏՀՏ-ի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծացնելու և ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու, այլև աշխարհում Հայաստանի դրական վարկանիշն ամրապնդելու առումով:

Բացի այդ, երեք տարի շարունակ ստանձնելով «Սինոփսիս Արմենիա» ընկերության կազմակերպած` Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստել է այս հատվածի հետագա զարգացմանը, երիտասարդ, շնորհալի կադրերի բացահայտմանն ու ոլորտի հանդեպ երիտասարդ մասնագետների հետաքրքրության մեծացմանը: Վերջին յոթ տարվա ընթացքում օլիմպիադան վերաճել է միջազգային մրցույթի` 2012 թ.-ին ընդգրկելով 418 մասնակից 14 երկրից:

Նշանակալի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը նաև ՏՀՏ ոլորտում կառավարման որակի բարձրացման գործում: Ընկերությունը հավատացած է, որ ոլորտի արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա զարգացման առանցքային գործոններից է: Արդեն երկրորդ տարին ընկերությունն աջակցում է նաև «ՏՏ ոլորտում լավագույն մենեջեր» ամենամյա մրցանակի նախաձեռնությանը, որի նպատակը ՏՏ ոլորտում աշխատող հայ մենեջերների մասնագիտական որակի բարձրացումը, աշխատանքային գործընթացների կազմակերպման բարելավումն ու կառավարումն է: Նախագծի շնորհիվ, ՏՏ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների մենեջերներ հնարավորություն են ստանում որակավորման դասընթացներ անցնել աշխարհի լավագույն համալսարաններում:

Նշենք նաև, որ երկու տարի առաջ ստորագրած պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա»-ն և «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա»-ն գործընկերության հեռանկարային ծրագիր են սկսել`Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ասպարեզում կրթությունը խթանելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում բացվել է ուսումնական 2 լաբորատորիա, իսկ «Սինոփսիս Արմենիան» անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր:

«Բիզնեսը չպետք է ինքն իրեն մեկուսացնի հասարակությունից: Գործարարը պետք է ունենա հասարակության անբաժանելի մաս կազմելու`կորպորատիվ քաղաքացի լինելու զգացողությունը: Կորպորատիվ քաղաքացի, որի պարտականությունները չպետք է սահմանափակվեն պարզապես հարկերի պարտաճանաչ վճարմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ բիզնեսը պետք է երկարաժամկետ զարգացման ծրագրերով աջակցի հասարակության բարեկեցությանը` նպաստելով տնտեսության այն ճյուղերի առաջխաղացմանը, որոնք, վերջին հաշվով, հանգեցնում են կյանքի որակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կիրառական գիտությունների զարգացումն այլընտրանք չունի սակավ և անվերականգնելի բնական պաշարներ ունեցող Հայաստանում», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ հավելելով. Հաջողակ բիզնես գործունեությունը պարտավորեցնում է, որ բիզնեսն իր գործունեության արդյունքը կիսի հասարակության հետ, աջակցի երկրի երիտասարդությանն իր ստեղծագործական պրպտումներում և հայրենիքում կայանալու ձգտումներում: Եվ, որ առավել կարևոր է` մեզանից յուրաքանչյուրը`թե՛ իբրև անհատ, և թե՛ իբրև կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչ, կարող է և պետք է իր նպաստը բերի մեր թիվ մեկ խնդրի` աշխատանքային միգրացիայի և «ուղեղների արտահոսքի», հաղթահարման գործում»:  

Գիտական ներուժի բացահայտման և հնարավորությունների կատարելագործման  միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ռազմավարությունը շարունակվելու է նաև 2013 թվականին: