Դպրոցների կառավարման նոր գործիք
Երևանի թիվ 27 դպրոցում կայացավ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի հանդիպումը Երևանի դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց 2012/2013 ուս. տարվա 2-րդ կիսամյակի մեկնարկը:
Հանդիսավոր մրցանակաբաշխությամբ ամփոփվեց նաև «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթը, որի արդյունքում Երևանի թիվ 169 և 90 դպրոցները ճանաչվեցին մրցույթի հաղթող` ստանալով համակարգիչ, իսկ թիվ 128 և 121 դպրոցներն իրենց ներկայացրած յուրօրինակ աշխատանքների համար ստացան գրադարան: Նշենք, որ ևս 11 դպրոցներ ստացան պատվոգրեր Երևանի քաղաքապետարանի և «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության և գիտության նախարարության անմիջական աջակցությամբ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված դպրոցների կառավարման էլեկտրոնային գործիքը, որը թույլ է տալիս ամբողջովին վերահսկել դպրոցի առօրյա գործունեությունը:
Դպրոցների տնօրենների համար նախատեսված էլեկտրոնային գործիքի միջոցով հնարավոր է իրականացնել դպրոցի գործունեության արդյունավետ վերահսկողություն, վիճակագրական վերլուծությունների գործիքի միջոցով ստանալ դպրոցին վերաբերող տարբեր տվյալներ և կատարել դպրոցի արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ վերլուծություններ:
Վերոնշյալ էլեկտրոնային գործիքի միջոցով տնօրենը կարող է տեսնել դպրոցի անձնակազմի և աշակերտների թվայնացված ցուցակը, ուսուցիչներին կցված դասարաններն ու աշակերտներին, դասավանդվող առարկաները, դասաժամերը, դասացուցակները, ցանկացած աշակերտի՝ ցանկացած առարկայից ստացած բոլոր գնահատականները, բացակայությունները, տվյալ պահի դրությամբ գնահատականների միջինը և կիսամյակային գնահատականը, ինչպես նաև ընթացքում փոփոխվող գնահատականները:
Գործիքի ստեղծման նպատակներից մեկն է թափանցիկ դարձնել դպրոցների գործունեությունը, ինչպես նաև նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը` կապված տարեվերջին գնահատականների և կիսամյակայինների փոփոխման հետ:
Գործիքը հնարավորություն է տալիս դպրոցի տնօրենին կամ պատասխանատուին էլեկտրոնային հաղորդակցման միջոցով անմիջական կապի մեջ լինել աշակերտների ու ծնողների, «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի և ԿԳ նախարարության պատասխանատուների հետ: Համակարգը թույլ է տալիս ցանկացած ծնողի կամ աշակերտի իր անհատական էջում տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների և այլ միջոցառումների մասին: Եվ այս ամենը արվում է ընդամենը մեկ հաղորդագրության միջոցով` բոլորին անհատապես տեղեկացնելու փոխարեն:
Նշենք, որ «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մշակված կառավարման գործիքի առավել ընդլայնված տարբերակը թույլ է տալիս Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումներին լիարժեք վերահսկել իրենց ենթակայության տակ գտնվող դպրոցների գործունեությունը:
Հիշեցնենք, որ Dasaran.am-ն ընդգրկել է իր ցանցում ՀՀ մոտ 1400 դպրոցներից 502-ը` այս պահին ունենալով ավելի քան 450.264 գրանցված բաժանորդ (աշակերտներ և ծնողներ), 502 տնօրեններ և 20.256 ուսուցիչներ: 2013-ին կրթական ծրագիրը շարունակելու է միացնել իր ցանցին ՀՀ մարզերի գյուղական համայնքների դպրոցները, ինչպես նաև աշխատանքներ է ծավալելու ԼՂՀ դպրոցները ներգրավելու ուղղությամբ: Նշենք նաև, որ 2012թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում կայքը գրանցել է 2.682.056 ռեկորդային այցելություն և 42.271.801 էջադիտում:
«Dasaran.am»-ի հանրային կապեր