Կրթություն. Գայանե Սողոմոնյան
Մեզ հարցնում են, թե ինչու չեք զբաղվում այն հարցով, թե մի երեխայի պայուսակն ինչքան ծանր է, նա մինչև քանի՞ կիլոգրամ կարող է տանել: Ես ասացի` թող այդ երեխայի կյանքում ամենածանր բեռը այդ պայուսակը լինի, որտեղ իր գիտելիքների շտեմարանն է, թող գիտելիք տանելը լինի բեռը: Մեր հասարակության մեջ մի հիվանդ շերտ կա, որի համար կրթությունն արժեք չունի, դրա համար նեգատիվ երևույթներ է փնտրում դպրոցում: Ծնողը պետք է մտածի` ինքն էլ մի բան անի դպրոցի համար, որ դպրոցում ստացած գիտելիքի շարունակությունը տանը տա: Տիրություն անի այն երեխային, որը դպրոցում շատ լավ բաներ է լսում, լավ թեմաների մեջ է, նրա աշխարհն ուրիշ աշխարհ է դպրոցում: Երեխան եկավ տուն` հետևիր` բակում ինչ է լսում, հեռուստաեթերում` ինչ, և քո տան թեմաներն ինչ են: Այսօր ծնողներն ամեն ինչով զբաղվում են` բացի իրենց երեխայի դաստիարակությունից: Դպրոցը ես եմ, դու ես, մենք ենք:
Ընդունում եմ` այսօր նախադպրոցական հաստատություններում, դպրոցներում խնդիրներ կան: Մանկապարտեզները գերբեռնված են, 12-ամյա կրթական համակարգում լարվածություն կա. ստացվեց այնպես, որ բեռնաթափման խնդիրը չլուծվեց: Չլուծվեց, որովհետև ճիշտ չենք մոտենում հարցին: Դպրոցին պիտի վստահենք, կրկնուսույցներին մոռանանք: Ես միշտ մի բան եմ մտածում` այդքան գումար ինչո՞ւ են տալիս ծնողները կրկնուսույցներին: Այդ նույնը երեխան սովորում է դպրոցում, ուղղակի պիտի հետևել, որ սովորի:
Ընդունում եմ, որ դասագրքերի հետ կապված էլ որոշակի խնդիրներ կան: Դասագիրք գրելը, քննական թեստեր գրելը հատուկ մասնագիտություն է, և պիտի շատ լուրջ մարդիկ ներգրավել: Մեզ մոտ կաղում են, դասագրքերը ծանր են: Պետք է գրել 5 բալանոց համակարգով 3.5-ի սովորող երեխայի համար, որ ոչ վատ սովորողը ծուլանա, դժվարություն տեսնի ու փախչի, ոչ էլ լավ սովորողի համար այն պրիմիտիվ լինի: Ես չեմ հերքում նաև, որ այսօր կրթական համակարգում դրամահավաքություն կա: Խոսքը նվերի մասին չէ: Գիտեք, ամոթ է, երբ մեր գործը թողած` դրամահավաքության հետևից ենք գնում: Ամոթ է, որ մենք այսօր զբաղվենք դրանով: Ինձ մտահոգում է, որ այդ հարցը դեռ օրակարգային է մնացել: Այսօր դրա դեղատոմսը ծնողն է: Քաղաքապետը մի անգամ ինձ ասաց` հնարավոր չի՞ արմատախիլ անել դա: Չի կարող պատահել, որ չլինի դրամահավաքություն, 200-ի մեջ 10-ը կանեն, չեմ բացառում, բայց իմանամ, թե ովքեր են այդ տնօրենները, բացառվում է, որ ներվի նման բան:
Բարեփոխումներ անելիս մի քիչ շտապում ենք, ավելի ճիշտ` շատ ենք շտապում, փոփոխությունները մի քիչ պիտի հապաղելով անենք: Օրինակ` տարրական դպրոցում 4 տարի սովորելով` երեխաները քննություն են հանձնում: Դրա հիման վրա, նախորդների հետ համեմատելով, մենք պիտի վերլուծենք` ինչ արդյունք են տալիս նրանք: Զարմանալիորեն բոլորս դիպլոմավոր երեխաներ ենք ուզում ունենալ:
Այսօրվա դիպլոմն ու այն հին ժամանակվա դիպլոմներն էլ միմյանց հետ անհամեմատելի են, երեխաները հիմա չեն սովորում, այսօր շատ քիչ երեխաներ են սովորում: Այսօր չեն կարդում, ամեն անգամ տեսակ-տեսակ գրքերի շնորհանդեսներ ենք անում, չեն կարդում, և դա կրթական համակարգի հետ կապ չունի: Վերջին մի քանի տարում դեռ էլի շարժ կա դեպի ընթերցանությունը, թեկուզ էլեկտրոնային. թող այդպես կարդան:
Ես ուրախ կլինեի, որ կողքից մենք արհեստագործական ուսումնարաններին զարկ տայինք, ես դա շատ եմ կարևորում, որովհետև մեզ մոտ արհեստների խնդիր կա, մեր արհեստները կորչում են, մեր ազգային արհեստները չեն պահպանվում, ափսոս է: Մեկ` որ ափսոս է, երկրորդը` սա մեր մշակույթն է, մենք մեր մշակույթի առջև սրբորեն պիտի դողանք: Եվ, ի վերջո այն կհարթի սոցիալական խնդիրը: Հիմա օպտիմալացման ծրագիր կա, կսկսենք ուժեղացնել արդեն արհեստագործական ուսումնարանները: