Սվետլանա Գրիգորյանը՝ Կարպ Խաչվանքյանի մասին

Ներկայացման օրերին Կարպը թատրոն էր գալիս միշտ միևնույն ժամին: Մտնում էր հանդիսասրահ, իր դիտողությունն էր անում բեմի աշխատողներին, հետո հանդարտ, մտազբաղ բարձրանում էր հարդասենյակ: Մենք նկատում էինք, երբ գալիս էր ներկայացման, միշտ մռայլ էր լինում, քչախոս …

Չէր սիրում, երբ ծանոթներն իրենից ներկայացման տոմս էին խնդրում: Նույնիսկ պրեմիերաների օրերին իր հարազատներին չէր սիրում հրավիրել, որովհետև դառնում էր ավելի ջղային, անհանգիստ, անսովոր: Զայրանում էր, երբ ինչ-որ մեկն ասում էր, որ ներկայացումը նայելու է եկել այս կամ այն նշանավոր մեկը: Նա այդ լուրը հայտնողին նույնիսկ վիրավորում էր:

Տրամադրությունը բարձրանում էր, երբ ավարտվում էր ներկայացումը. «Այս փորձանքն էլ անցավ. Խաղալ չեմ սիրում, սիրում եմ, երբ ազատ եմ լինում»,- ասում էր նա և սկսում կատակել:

Գիտենալով նրա այդ սովորությունը ես միշտ աշխատում էի չմոտենալ, չխոսեցնել նրան: Իսկ երբ դուրս էր գալիս բեմից և տեսնում էր ինձ, կարծես անծանոթ մեկն էր կանգնած դիմացը. ես էլ խուսափում էի իրեն նայելուց: Տարօրինակ բան. Մեկ րոպե անց բեմ ենք մտնում և սկսում խաղալ՝ խինդ ու ծիծաղ պարգևելով ժողովրդին:

Կարպուշան երբեք չէր կրկնում դերը, եթե նույնիսկ ամիսներով չէր խաղում այն: Ուներ զարմանալի տրամաբանական հիշողություն: Բավական է հագներ այս կամ այն դերի զգեստը, բեմ մտներ, իսկույն հիշում էր դերը. ավելին՝ արգելում էր իրեն հուշել: Նա գտնում էր, որ դա խանգարում է դերասանին լինել օրգանական, անմիջական և ամբողջական: Հուշարարը տվյալ դեպքում միշտ լարված ու անորոշ վիճակում էր նրան պահում:

Չափազանց բարի, առաքինի անձնավորություն էր մեր Կարպուշան, շատ էր սիրում երեխաներին ու ծերերին: Տպավորվել է մի դեպք. դիտում էինք «Զուռնաչիներ» կինոնկարը: Այնտեղ բոլորը ծերեր են: Երբ նրանք նվագում էին, և հնչում էին Սայաթ-Նովայի երգերը, ես տեսա, թե ինչպես լուռ արտասվում էր Կարպուշան:

Դա երբեք չեմ մոռանա:

Շատ էր սիրում երգ լսել, բայց եթե նրան գցեին բանտ և ասեին. «եթե երգես, քեզ բաց կթողնենք», նա այդ չէր կարող անել, որովհետև ոչ մի երգի խոսք չէր հիշում, բայց բավական էր, որ մտնի բեմ, զարմանալի հիշողություն, երգում էր, պարում և մեծ ներշնչանքով:

Մի պահ շեղվենք Սվետլանա Գրիգորյանից ու լսենք Կարպ Խաչվանքյանին. «Ես կյանքում այլ եմ, բեմի վրա բոլորովին ուրիշ: Ես սրամտությամբ չեմ փայլում և ինձ չեմ համարում սրամիտ մարդ, թեև բեմում խաղում եմ միայն նմաններին: Երբեք ոչ երգել եմ, ոչ պարել եմ, ոչ մի բանաստեղծություն չեմ արտասանել և ոչ էլ գիտեմ: Եթե ասեն՝ Կա՛րպ, սկզբից մինչև վերջ մի բանաստեղծություն ասա, թե չէ կգնդակահարենք, երդվում եմ՝ չգիտեմ ոչ մի հատ՝ ո՛չ ռուսերեն, ո՛չ հայերեն»:

1966-ին Կարպ Խաչվանքյանը բեմադրեց «Իմ չքնաղ լեդի» մյուզիքլը, որն անցավ մեծ հաջողությամբ: Այդ ներկայացման մասին շատ գրեցին թերթերը՝ բարձր գնահատականի արժանացնելով թե՛ բեմադրությունը և թե՛ նրա խաղը պրոֆեսոր Հիգինսի դերում: Իմ կարծիքով, դա գերազանց բեմադրություն էր, և մենք խաղում էինք մեծ ոգևորությամբ: Հիշում եմ՝ մեզ հյուր էին վրաց օպերետի դերասանները: Ներկայացման վերջում բոլորը բեմ բարձրացան, շնորհավորեցին մեզ և ասացին. «Դուք մեզ վրա լիմոն քամեցիք»:

Կարպ Խաչվանքյան (Կազմող-հեղինակ՝ Ս.Առաքելյան)
Նյութը՝ Ք.Ա.

Լուրեր.քոմ