Բաց նամակ ընդդեմ օլիգարխիկ ամենաթողության
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին
Հայաստանի Հանրապետության վարչապետ` Տիգրան Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության դատախազ` Աղվան Հովսեփյանին
Մեծարգո պարոնայք
Այն, ինչն սկիզբ առավ ուղիղ մեկ տարի առաջ ու աներևակայելի սանձարձակությամբ շարունակվում է մինչ օրս, մարդկային առողջ բանականությամբ ընկալելի չէ:
2012-ի տարեսկզբին` ամանօրյա տոնականին, սեփականատիրոջ քմահաճույքով ու նախաձեռնմամբ սկիզբ առավ մայրաքաղաքի ճարտարապետական գոհարներից մեկի` Կենտրոնական ծածկած շուկայի չարտոնված ու լայնածավալ ավերումը: Մինչ լուրը հասավ քաղաքապետին, ու կիրառվեց տուգանքի պատժամիջոցը, չքացել էին արդեն Շուկայի հետնասրահը, հիմնասրահի կամարաթռիչքներից վերջին երեքն ու նկուղային հարկաբաժինը` ամբողջությամբ:
Պատկան մարմինների`դեպքերի իրական ընթացքից ակնհայտորեն ուշացող վճիռներն ու սեփականատիրոջը որոշակի պարտավորություններ հարկադրող որոշումները որևէ ազդեցություն չունեցան սեփականատիրոջը նախնական մտադրությունից հրաժարվելու և հասարակության պահանջներն իրականացնելու խնդրում: Եվ նա, գիտակցելով, որ մասնագիտական ուղղորդումներն ամենևին չեն բխում իր շահերից, մայիսի 27-ի, դարձյալ նախատոնական, կեսգիշերին, հաշված ժամերի ընթացքում ու վայրագությամբ կործանեց ու հողին հավասարեցրեց անպաշտպան Շուկայի գլխավոր սրահի կեսից ավելին…..
Հաջորդ օրն իսկ, սկիզբ առած բողոքի նոր ալիքը մեղմելու նպատակով և հրապարակավ սեփականատերը հայտարարեց, թե կատարվածը “ինքնափլուզում” էր, և որ ինքը վերականգնելու է Շուկան իր նախկին տեսքով: Այդ սին խոստումների քողի տակ, դարձյալ պատկան մարմինների պատշաճ վերահասկության բացակայության պայմաններում, անցուդարձողի աչքից սքողված ու առանց պահանջված նախագծային փաստաթղթերի առկայության` էլ ավելի եռանդուն կերպով շարունակվեց ինքնակամ շինարարությունը, և արդեն տարեմուտի նախատոնական օրերին հանրությունն ականատես եղավ Շուկայի քանդված հատվածի ողջ տարածքով մեկ վեր խոյացող օտարածին բազմահարկի երկաթբետոնե կմախքի հայտնությանը…..
Արդ` մեկնաբանություններն ավելորդ են:
Մեծարգո պարոնայք
Եթե ակնհայտ օրինախախտի հանդեպ չկա համարժեք պատիժ` չի ձևավորվի նաև օրինապաշտ հանրություն: Իսկ երբ օրինախախտը պետության օրենսդիր մարմնի ընտրյալն է / ցավոք` ոչ միակը/, ապա այդ պետությունը ապագա չունի: Եթե այս թեզը լոկ հոռետեսություն է ու որևէ աղերս չունի իրականության հետ, ապա մենք պետք է որ կենդանի վկան լինենք Ձեր հետևյալ հրահանգների.
- Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակավորել որպես մշակութային վանդալիզմ, իսկ հանցավորների նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով:
- Արձանագրել, որ Կենտրոնական ծածկած շուկան սեփականատիրոջ անօրեն գործողությունների հետևանքով կորցրել է գույքի իր հատկանիշն ու վերածվել ավերակի, և հանձնարարել այն, իբրև այդպիսին, հանել անշարժ գույքի կադաստրային հաշվառումից:
- Կենտրոնական ծածկած շուկային հասցված ֆիզիկական վնասի փոխհատուցման նպատակով հանձնարարել հուշարձանների պահպանման ու օգտագործման պետական լիազոր մարմնին կատարելու հուշարձանի ներկա վիճակի փաստագրում, կազմելու վերականգնման նախահաշվարկ և ներկայացնելու առաջարկություն` ավերված հուշարձանի գիտական վերականգնման ու պահպանման հետագա քայլերի վերաբերյալ:
- Կազմակերպել ծառայողական հետաքննություն` պարզելու համար պետական այն ատյանների հանցաբաժինը, որոնց ծառայողական թերացումների պատճառով է, որ մեկ տարի շարունակ և այժմ էլ սառնասիրտ հետևողականությամբ խեղվում ու չքանում է մայրաքաղաքի` պահպանման ենթակա պատմամշակութային հուշարձանների պետական ցուցակում հերթական` 152 համարի ներքո գրանցված անզուգական Կենտրոնական ծածկած շուկան, ավելին, որ, ի հեճուկս բազմիցս հնչեցված ահազանգերի, համառորեն ու նման ճակատագրի հող է նախապատրաստվում նաև այդ նույն ցուցակում 96 համարի ներքո գրանցված մեկ այլ ազգային արժեքի` Հանրապետության հրապարակի Կառավարության 2-րդ Տան այլակերպման ու խեղման համար:
Առդիր ներկայացվում են թեմայի վերաբերյալ մամլո առավել պրոֆեսիոնալ հրապարակումները:
Մեր հավաքական հասցեն է` Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 17 ,Հայաստանի ճարտարապետների միություն:
Հարգանքներով և խոստացված փոփոխությունների ակնկալիքով`
Սարգիս ԳՈՒՐԶԱԴՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր; Մկրտիչ ՄԻՆԱՍՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, Ճարտարապետների միության նախագահ; Հրանուշ ԽԱՌԱՏՅԱՆ,ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու; Գրիգոր ԱԶԻԶՅԱՆ, ինժեներ կոնստրւկտոր, ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր; Կարինե ԴԱՆԻԵԼՅԱՆ, աշխարհագրական գիտությունների դոկտօր, պրոֆեսոր; Ռուբեն ԱՐԵՎՇԱՏՅԱՆ, արվեստի քննադատ; Ժասմեն ԱՍՐՅԱՆ, արվեստագետ, ՀՀ Նախագահին առընթեր հանրային խորհրդի անդամ; Մուրադ ՀԱՍՐԱԹՅԱՆ, ճարտարապետույան դոկտոր, պրոֆեսոր; Ալեքսանդր ԲԱԴԱԼՅԱՆ, ճարտարապետ, ՀՀ Նախագահի մրցանակակիր; Աշոտ ԿԱՆԱՅԱՆ, ճարտարապետ, ԵրՃՇՀ պրոֆեսոր; Հասմիկ ԱՍԼԱՆՅԱՆ, “Շողեր միություն” ՀԿ նախագահ; Գուրգեն ՄՈՒՇԵՂՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, պրոֆեսոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր; Սարգիս ՍԱՐԴԱՐՅԱՆ, ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր; Ստեփան ԼԱԶԱՐՅԱՆ, ճարտարապետ, պետական մրցանակի դափնեկիր; Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ, ճարտարապետ, պետական մրցանակի դափնեկիր; Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; Մհեր ՉԵՐՔԵԶՅԱՆ, ճարտարապետ, ԵրՃՇՀ պրոֆեսոր; Գայանե ՇԱԳՈՅԱՆ, ազգագրագետ, գիտությունների թեկնածու; Գարեգին ՉՈՒՔԱՍԶՅԱՆ, համակարգային վերլուծաբան; Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ, կինոռեժիսյոր; Վարդան ՀԱԿՈԲՅԱՆ, նվագաղմբավար; Արամաիս ԱՍԼԱՆՅԱՆ, ինժեներ կոնստրուկտոր; Մարտին ԱՍԼԱՆՅԱՆ, ինժեներ կոնստրուկտոր; Նունե ՊԵՏՐՈՍՅԱՆ, ճարտարապետության թեկնածու, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր; Գագիկ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ, ճարտարապետ, մշակութային հուշարձանների պահպանող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ; Արտեմ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ճարտարապետ, ԵրՃՇՀ պրոֆեսոր; Ասլան ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ; Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ; Սաշուր ՔԱԼԱՇՅԱՆ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր; Մարյամ ԲԱՐՍԵՂՅԱՆ, գրող, հրապարակախոս; Կարո ԵՂՆՒԿՅԱՆ, իրավաբան; Էմիլ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, նկարիչ; Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ, ծրագրավորող; Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆ, կառավարման փորձագետ; Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆ, փաստաբան; Դավիդ ՔԵՐՏՄԵՆՋՅԱՆ, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր և այլք: