Նախիջևան. Կորուստ և հնարավորություններ. Լեւոն Ստեփանյան
«Նախիջևան» հայրենակցական միության ղեկավար, գեներալ-մայոր
Լևոն Ստեփանյան-ի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած
«Նախիջևան. կորուստ և հնարավորություններ» թեմայով հանդիպում-քննարկմանը
Նախիջևանը մի պահ ուներ հնարավորություն լինել Հայաստանի տարածքի մաս. ինչ-որ անձնական, ներկուսակցական խաղերի ընթացքում դա չհաջողվեց: Այսօր այն Թուրքիայի կողմից օկուպացված, միլիտարիզացված տարածք է, որտեղ կա ամեն տեսակի հարձակողական զենք. Նախիջևանից այսօր սպառնում են մեր ազգին, մեր պետականությանը: Այն, առանց սահման խախտելու, կարող է ռմբակոծել մեր գյուղերը, քաղաքները, ենթակառուցվածքները: Մենք համոզված պիտի լինենք, որ պաշտպանված ենք:
Ես բացառում եմ, որ կկրակեն ատոմակայանի վրա՝ դա մի քիչ ավելի լուրջ է, բայց եթե մենք մասշտաբային պատերազմ սկսենք, ապա այս հատվածում ևս գործողություններ կլինեն:
Թե Խորհրդային Հայաստանը, թե այսօրվա Հայաստանը արհամարհել են Նախիջևանը. ոչ մի գիտական աշխատություն չի կատարվել, չի հրատարակվել, հայկական գրքեր չեն տարածվել: Երևանից հոսանք էին տալիս, խանութներում հայկական ապրանք էին ծախում, բայց՝ ոչ ավելին: Նախիջևանում Երևանի հեռուստատեսությունը «չէր բռնում», ռադիոն խռխռում էր, մի կերպ լսում էինք: Երբ Եղեռնի ոգեկոչումն այստեղ սկսեց նշվել, այնտեղ ապրիլի 24-ը տոն էր ընկալվում:
Ու սկսվեցին հալածանքները. հայերն էլ սկսեցին դուրս գալ Նախիջևանից՝ թողնելով իրենց տունուտեղը: Երեխուն ծեծում էին, վախից փախչում էին ընտանիքով: Աղջկան սպառնում էին, մարդը հավաքում էր ընտանիքը, դուրս գալիս. այդպես կամաց-կամաց հայաթափվեց:
Նախիջևանը հնարավոր էր վերադարձնել 1989թ. նոյեմբերին: Դեռ սովետական միություն կար. շարժումն սկսվել էր արդեն: Նախիջևանում թուրքերը ջարդել էին սահմանը: Ես այդ ողջ տեղեկությունները ստացել եմ: Ինձ գիշերվա կեսին զանգահարել են ասել, որ եթե 100 հոգի վերցնեմ-գնամ, իրենք այնտեղ աղմուկ կբարձրացնեին, և բոլորը, որ վախեցած-կուտակված էին, կփախչեին: Մեզնից շատ-շատ վախեցած էին: Ես այստեղ ուղղակի խնդրեցի, ասացի՝ տվեք ինձ երկու-երեք նորմալ ջոկատ, ես Նախիջևանը ձեզ կտամ: Դա հասցրին Լևոն Տեր-Պետրոսյանին, նա ասաց՝ ուշացել ենք:
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն»