Բժշկությունն ու առողջապահությունը պետք է տարանջատել իրարից
Հայաստանի արյունաբանների ասոցիացիայի նախագահ
Երվանդ Հակոբյանի խոսքը
«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ
Արյունաբանությունը վերջին տարիներին Հայաստանում զարգացում է ապրում: Տարեցտարի ավելի ու ավելի շատ օրդինատորներ են նախապատվություն տալիս արյունաբանության ոլորտին: Այսօր 11 օրդինատոր ունենք: Բայց այստեղ մի մեծ բայց կա…շրջանավարտները նախընտրում են գնալ ու աշխատել արտերկրում՝ Գերմանիայում, Միացյալ Նահանգներում… Պատճառն այն է, որ արտերկրում արյունաբանները բավականին բարձր աշխատավարձ են ստանում, իսկ Հայաստանը աշխատավարձերի չափով վերջին տեղերից մեկում է:
Կարեւոր է, որ բժշկությունն ու առողջապահությունը տարանջատվեն իրարից: Այսօր Հայաստանում դա բացակայում է: Բժիշկը ուզած- չուզած ստիպված է զբաղվել առողջապահական ոլորտի խնդիրներով՝ թղթաբանական խնդիրներ լուծելով, դեղորայք հայթայթելով…Հիվանդի հարազատների հետ քննարկում ենք հարցեր, որ բժշկության հետ բոլորովին կապ չունի: Խորհուրդ ենք տալիս՝ որտեղի՞ց դեղը հայթայթեն, ինչպե՞ս ավելի մատչելի կարող են ձեռք բերել: Մենք դա ստիպված ենք անում, բայց հետեւանքները անկանխատեսելի են եւ երբեմն անգամ մեր դեմ են օգտագործվում: Կազմակերպչական հարցերով ոչ ոք չի զբաղվում: Իսկ ճիշտ կազմակերպման շնորհիվ, կադրերը ճիշտ վերաբաշխելով կարելի է գումար խնայել:
Առողջապահական համակարգում մյուս կարեւորագույն խնդիրը կրթությունն է: Ոչ միայն բժիշկների, այլեւ հիվանդների եւ նրանց հարազատների կրթվածության մակարդակը պետք է բարձրացնել: Նրանք պետք է հասկանան, որ բժշկի ասածը պետք է անեն, որպեսզի հետագայում խնդիրներ չունենան: Այսօր հիվանդին բուժում ես նշանակում, նա շարունակում է հարեւանից, բարեկամից խորհուրդ հարցնել եւ նրա կարծիքը ավելի բարձր դասել:
Հաճախ ենք լսում, որ բժիշկը պետք է ամբողջ կյանքում սովորի: Ճիշտ է: Համալսարանն ավարտելուց հետո, բժիշկը պարտավոր է շարունակել ուսումը, մասնակցել տարբեր վերապատրաստման դասընթացների, կոնֆերանսների, որպեսզի հետ չմնա աշխարհի ռիթմից: Բայց շատ քիչ բժիշկներ կան, որ նման հնարավորություն ունեն՝ անգամ ամենամեծ ցանկության դեպքում: Դա բավականին թանկ արժե: Մեկ կոնֆերանսի մասնակցությունը 1000 դոլարից է սկսվում:
Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթ խնդիրներից է նաեւ այն, որ չկան հստակ ստանդարտներ: Մենք պետք է ունենանք բժշկական ստանդարտներ, որոնք թույլ կտան հասկանալ՝ ո՞վ է լավ բժիշկ, ո՞ւմ է ճիշտ դիմել: Ստանդարտների հաստատման դեպքում շատ հարցեր ինքնաբերաբար կլուծվեն, որովհետեւ մրցակցություն եւ շուկայում դիմակայելու խնդիր կառաջանա:
Առողջապահության ոլորտի զարգացման գործին մասնակցություն պետք է ունենան երեք օղակներ՝ առողջապահության նախարարությունը, ասոցիացիաները եւ պացիենտները:
Ամբողջ աշխարհում ընդունված է պացիենտների ասոցիացիա հասկացությունը, Հայաստանում նման բան չկա: Այդ ասոցիացիան պետք է հիվանդանոցների լավ ու վատ կողմերի մասին բարձրաձայնի, մյուս հիվանդներին ուղղորդի՝ որտե՞ղ կարելի է դիմել, գումար հայթայթի: Այդ վերահսկողությունը չափազանց կարեւոր է: Նմանատիպ օղակի առկայության դեպքում կլինիկաների միջեւ կբարձրանա մրցակցությունը, դաշտը կառողջանա:
Շատ կարեւոր է նաեւ Հայաստանում բարձրացնել մասնագիտական ասոցիացիաների դերը: Արտերկրում ասոցիացիաները մեծ կշիռ ունեն: Մենք պետք է կարողանանք ստեղծել մերը, որ կարողանանք նույն հարթության վրա շփվել, համագործակցել, Հայաստան բերել այն բժիշկներին, որ հեղինակություն ունեն աշխարհում:
Երրորդ օղակը պետությունն է՝ հանձինս առողջապահության նախարարության: Շատ դեպքերում նախարարությունը ճիշտ քայլեր է անում, բայց այնպես է մատուցվում, որ եթե անգամ դու այդ գաղափարի կողմնակիցն ես , դառնում ես դրա մոլի հակառակորդը: Օրինակ՝ դեղատոմսերով դեղեր դուրս գրելը միանշանակ ճիշտ որոշում էր: Երկրորդ կարծիք լինել չէր կարող, բայց այնպես ներկայացվեց, որ բժիշկների կողմից էլ հավանության չարժանացավ: Նույնը կարող եմ ասել էլեկտրոնային համակարգի մասին, որը եթե ներդրվի մի քանի քայլով առաջ կգնանք: Բայց ինչպե՞ս ներկայացվում, ինչպե՞ս էր գրված ծրագիրը…
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ