Մայրաքաղաքում բժիշկներն ավելի շատ են, քան հիվանդները

«Արամյանց» ԲԿ գլխավոր բժիշկ

Հռիփսիմե Կռնատյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում եւ կառավարում»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

 

Երեւան քաղաքում ավելի շատ են բժիշկները, քան հիվանդները: Կադրերի գերհագեցվածության խնդիր  կա: Սնկի նման են աճում բժշկական կենտրոնները: Ի դեպ, առաջ են կարողանում  գնալ եւ  շուկա գրավել այն  կլինիկաները, որոնք  կարողանում են լավ գովազդ անել: Շատ լավ մասնագետներ այդ պատճառով են ստվերում մնում: Այս ֆոնի վրա մարզեր ունենք, որտեղ, մեղմ ասած, բժշկի կարիք կա: Ավարտելուց հետո բժիշկները նախընտրում են աշխատել խոշոր քաղաքներում:

Բժիշկները շատ են, բայց քչերն են նախապատվություն տալիս, օրինակ, թերապեւտի մասնագիտացմանը, չունենք ընտանեկան բժիշկներ, որոնց դերը չափազանց կարեւոր է: Բժիշկները նախապատվությունը են տալիս,  այսպես ասած, « մոդայիկ» մասնագիտություններին:

Չկա մի առողջապահական կենտրոն, որը կհամակարգի այդ ամենը: Իմ կարծիքով,  Ճիշտ կլինի, օրինակ,  որ համակարգող մի կենտրոն լինի, որ թերապեւտներին որոշակի առավելություններ  տա, նրանք անվճար վերապատրաստվեն, որպեսզի  մարզերում առաջնային օղակը սպասարկող բժիշկներ լինեն:

Մենք՝ բժիշկներս,  նույնպես ՀՀ քաղաքացի ենք ու մեթոդներ ենք փնտրում   ՀՀ քաղաքացու ցավը մեղմելու համար:  Ես «Արամյանց» ԲԿ գլխավոր բժիշկն եմ եւ կարող եմ ասել, որ մեզ մոտ բժիշկներ կան, որ աշխատում են բացառապես անապահով խավի հետ: Մենք 80-ն անց հիվանդներ ունենք, որոնցից հարազատները հրաժարվում են եւ օրեր շարունակ մեր բժիշկներն են նրանց խնամում: Եւ մեր բժիշկները հարգանքի արժանի են:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ