Երվանդ Բոզոյան. Մենք չունենք սոցիալական դոկտրին՝ Հայաստանը ինչպիսի երկիր պետք է լինի
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ազգային գաղափարախոսություն» թեմայով քննարկման ժամանակ
Այս քննարկման հարցը Հայաստանում գոյություն ունի արդեն 28 տարի: Անկախության օրից սկսած՝ ակտիվ մասնակցել ենք նման տիպի քննարկումներին, և դա նույնիսկ քաղաքական դաշտում այնքան ակտուալ դարձավ, որ առաջին նախագահը հայտարարեց, թե այն կեղծ կատեգորիա է:
Ազգային գաղափարախոսությունը՝ որպես հասկացություն, առաջացավ 19-րդ դարում, երբ արդյունաբերական հեղափոխություն եղավ, երբ ազգ հասկացությունն արդեն կրոնական հարթակից տեղափոխվեց, և ամեն ժողովուրդ ձգտեց իր ազգային իղձերին, նպատակին հասնելու ուղենիշին: 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը ազգային գաղափարախոսության առանցքը մեծ հայրենիքի գաղափարն էր՝ Մեծ Գերմանիա, Մեծ Հայաստան, Մեծ Թուրքիա, Մեծ Իտալիա… Ըստ էության, այդ գաղափարախոսության հիմնական կրողները ազգայնական ուժերն էին: Որոշ դեպքերում նրանք դառնում են ռասիստական ուժեր, որոշ դեպքերում՝ նացիստական, որոշ դեպքերում՝ տրանս-ազգային ուժեր: Ասենք՝ բոլշևիկները, ըստ էության, հռչակում էին մեծ Ռուսաստան. այդ մեծ Ռուսաստանը ձևակերպում էին մեծ, համաշխարհային կոմունիզմի գաղափարով: Հիշու՞մ եք Դոստոևսկու այն գաղափարը, թե ռուս ժողովուրդը Աստծո կողմից ստեղծված այն ժողովուրդն է, որն աշխարհը տանում է ուղղափառ ճանապարհով: 1917-ին դա վերափոխվեց ռուսների կողմից՝ դառնալով այսպես՝ ռուս պրոլետարիատը աշխարհի առաջադեմ պրոլետարիատն է, որը պիտի միավորի բոլոր ազգերի պրոլետարիատներին և տանի դեպի երջանիկ միասնություն: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այդ ազգային գաղափարախոսությունները, փաստորեն, վերածվեցին ազգային-դեմոկրատական արժեհամակարգերի: Օրինակ՝ Գերմանիան ազգային գաղափարախոսության երեք հարթություն է ունեցել: 1-ինը Հռոմեական կայսրության գաղափարն էր. որ գերմանական ժողովուրդը պետք է իշխի Եվրոպային՝ վերականգնելով Հին Հռոմը: 2-րդը Երրորդ պրոյեկտի գաղափարն էր. դա հիտլերյան նացիզմն էր, որի միջոցով գերմանացիները նպատակ ունեին, այսպես ասած, միավորել և արդեն ամբողջ աշխարհին տիրել: Եվ 3-րդը այսօրվա Եվրամիության գաղափարն է: Նույն գերմանական վերնախավը իդեա ունի, որ Եվրամությունը պետք է դառնա գերմանական պետական և քաղաքական մեքենայի այն տարածքը, որտեղ Գերմանիան կիշխի տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ասպեկտներով: Այս բոլորը ազգային գաղափարախոսության տարբեր դրսևորումներն են, պարզապես հին ժամանակ դա կրոնական բնույթ ուներ, 30-ական թթ. նացիստական բնույթ ուներ, այսօր դեմոկրատական բնույթ ունի:
Ըստ էության, մեր ժողովրդի մեջ էլ միշտ կար Մեծ Հայաստանի գաղափարը: Եվ կարելի է ասել, որ 88-ի Ղարաբաղյան պոռթկումը ոչ միայն ազատության, դեմոկրատիայի պահանջ էր, նույնիսկ ոչ միայն Ղարաբաղի պահանջ էր, այլև հիշողությունն էր, վիրավորանքը թուրքերից կրած տառապանքներից, որ միաձուլվելով դարձավ Ղարաբաղյան շարժում, հայ ժողովրդի համար մետաֆիզիկա: Բայց երբ վերականգնեցինք մեր պետականությունը, ճգնաժամ սկսվեց, որովհետև մենք չէինք հասկանում, թե ո՞րն է մեր նպատակը: Մեկը ասում էր, որ հայ ժողովրդի նպատակը պետքէ լինի վերամիավորվելը Ղարաբաղի հետ, մյուսը հայտարարում էր, թե պետք է Թուրքիայից պահանջներ ունենանք, մեկն էլ՝ որ ընդհանրապես Թուրքիայից պահանջներ չպետք է ունենանք, նույնիսկ Ցեղասպանության հարցը պետական մակարդակով չպիտի լինի, ավելին՝ թուրքերի և ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերությունները պետք է դոմինանտ լինեն: Այս արժեհամակարգային բախումների արդյունքում մենք լղոզվեցինք, այդ արժեհամակարգը մոռացվեց, պրակտիկ քաղաքականության մեջ քիչ էր կիրառվում, և բանսարկությունը մտավ քաղաքական դաշտ, արժեհամակարգը կամաց-կամաց մահացավ, իսկ ընտրությունների կեղծման հիմնադրումից՝ 95-96-թթ.-ից հետո քաղաքական միտքն ու գաղափարը կամաց-կամաց վերացան, որովհետև ընտրակեղծիքը և ընտրակաշառքը սպանեցին կուսակցություններին, կուսակցությունների քաղաքական սպանությունների արդյունքում մեռավ նաև գաղափարախոսությունների մասին դիսկուրսը: Եվ հիմա մենք ունենք մի վիճակ, որտեղ մեր ժողովրդի մեջ կան հախուռն պատկերացումներ, թե ինչ է նշանակում ազգային գաղափարը:
Ի՞նչ է նշանակում ազգային գաղափարախոսություն. մենք պետք է գույքագրենք սա: Ո՞վ ենք մենք՝ որտեղի՞ց ենք գալիս, ու՞ր ենք գնում, և դրա հիման վրա պիտի ունենանք ազգային զարգացման դոկտրին, որտեղ պետք է ներառված լինի մեր անվտանգությունը, որովհետև մենք շատ բարդ իրավիճակի մեջ ենք ապրում, և ցավոք սրտի ինքնաբավ անվտանգության բևեռ չունենք, մեր անտանգությունը այլ երկրից է կախված: Այդպիսի ազգեր շատ քիչ կան այսօր աշխարհում, ում անվտանգությունը հիմնականում ապահովագրված է ուրիշ երկրների կողմից, այսինքն՝ եթե հանկարծ այդ երկիրը ինչ-ինչ հանգամանքներում վերանա, փլուզվի, մեր անվտանգության հարցը ուղղակիորեն կասկածի տակ կլինի:
Ուրեմն՝ ազգային զարգացման ստրատեգիա, ազգային նպատակ, ազգային առաքելություն, և այս աշխարհում դու ինչ դեր ես կատարում:
Այստեղ մի քանի կետեր կան.
ա. Պետք է իմաստավորես քո պատմությունը.
բ. Իմաստավորման ժամանակ պիտի հասկանաս, թե դու որտեղի՞ց ես գալիս, ի՞նչ սխալներ ես ունեցել:
Գ. Մեզ պետք են բժիշկ-ինտելեկտուալներ, որոնք ճշգրտությամբ կվերլուծեն մեր պատմությունը, կհասկանան, թե մենք որտե՞ղ ենք սխալներ արել, որովհետև այն ժողովուրդը, որը չգիտի իր պատմության սխալների տեղը, չի կարող ունենալ ապագա:
Բացի դրանից՝ մենք պետք է կարողանանք ունենալ ազգային զարգացման ստրատեգիա, որպեսզի մենք միայն մեր անվտանգությունը չապահովենք: Նախ նպատակ դնենք ՝ մենք ինչի՞ ենք ուզում հասնել, Հայաստանը ինչպիսի երկիր լինի, ումից ինչ պահանջներ ունենք: Այդ ամբողջը հստակ ձևակերպված չի. մենք չունենք սոցիալական դոկտրին: Տեսեք՝ եվրոպական ժողովուրդներն ունեն պատկերացումների դոկտրին, որտեղ, ասենք, ֆրանսիական կամ գերմանական արժեհամակարգերը կիրառվում են մյուս եվրոպական ժողովուրդների համար: Ասիական ժողովուրդներն էլ մահմեդական հիմքի վրա ունեն: Մենք կոչվում ենք սահմանային ազգ, այսինքն Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում գտնվող, մեր մեջ սինթեզված են ասիական և եվրոպական բարքեր, մենք ոչ մաքուր ասիական ժողովուրդ ենք, ոչ էլ մաքուր եվրոպական ժողովուրդ ենք: Մեր կրոնը էապես տարբերվում է ուղղափառությունից, կաթոլիկությունից և բողոքականությունից այն հանգամանքով, որ մաքուր ազգային կրոն է, բայց իր մեջ կրոնական դոկտրինան չի հասցրել այն մակարդակին, որը կտաներ մեզ դեպի զարգացում: Այն ավելի շուտ ազգապահպանման ֆունկցիա է կատարել: Ասում ենք՝ ո՞րն է սփյուռքահայի ազգային գաղափարը: Սփյուռքահայը, որ ապրում է Հայաստանից դուրս, հիմնականում ազգապահպանման գաղափարն ունի: Ցեղասպանության ճանաչմամբ, արդարության խնդիրը դնելով նա նաև ինքնապահպանման խնդիր է դնում, և այդ գործիքների ֆունկցիան կատարում են եկեղեցին ու ազգային կուսակցություննները: Այսինքն՝ սփյուռքահայը ավելի շատ պասիվ և կղերապահպանողական արժեհամակարգի մեջ ապրող է, ինչը բնական է: Հայաստանում ապրող հայի համար ցեղասպանության խնդիրը կարևոր է, բայց ամենակարևորը չէ: Հայաստանցու արժեհամակարգի մեջ շատ ավելի ֆունդամենտալ խնդիրներ կան: Դա Ղարաբաղի խնդիրն է, դա անվտանգության խնդիրն է, դա հաջողության հասնելու խնդիրն է, որ մեր ազգը կարողանա արագ հասնել բարձր որակի և, ասենք, արտագաղթը կանխի ու ներգաղթ ապահովի, որ երկիրը կարողանա հզորանալ, զարգանալ: Որովհետև մենք, ճիշտ է, հին ազգ ենք, բայց նաև համարվում ենք ուշացած ազգ: Այսինքն՝ սոցիալական, տեխնոլոգիական տեսակետից, օրինակ, ֆինները, շվեդները ավելի մոբիլ հասարակություն են ներկայացնում, քան մենք, որովհետև մեզ մոտ բդեշխական, ֆեոդալական, կոռուպցիոն բարքերն ու պատկերացումները խորն են նստած, մարդը չի կարողանում ազատագրվել, և մարդկային կապիտալը լավ չի օգտագործում: Եվ այդ իմաստով մենք շատ ֆունդամենտալ խնդիրներ ունենք լուծելու:
Տեսեք՝ ազգեր կան, որոնք տիտղոսային ազգեր են և համաշխարհային առաքելության ձգտող: Դրանք գերմանացիներն են, ռուսներն են, որոնք երկար ժամանակ գերտերություն են եղել. հիմա էլ, կարելի է ասել, ռեգիոնալ տերություն են: Միացյալ Նահանգներն է հիմա միակ գերտերություն համարվում, և իր այդ առաքելությամբ է ապրում, ու այդ գաղափարը ըստ էության իր համար շատ կարևոր է: Հին ժամանակներում այդ առաքելությունն ունեին հույները, երբ Ալեքսանդր Մակեդոնացու, այսպես ասած, իմպերիան կար: Հայ ժողովուրդը իր պատմության մեջ 23 տարի ընդամենը՝ շատ կարճ եղել է համաշխարհային գերտերություն: Բայց ոչ ոք դա չի հասկանում և չի մարսել դա: Ի՞նչն էր իդեան, որ Տիգրան Մեծը կարողացավ այդ իմպերիան սարքել, մեր ժողովրդի մեջ մտցրեց համաշխարհային իմպերիային ձգտելու գաղափարը: Այսինքն՝ մենք ունեցել ենք այդ գաղափարը, որ կարող ենք դառնալ համաշխարհային տերություն, բայց հետո կամաց-կամաց կոտրվեցինք, ոնց որ հույները կոտրվեցին: Պատմական իրողությունների այդ շարքում որ նայում ենք, առաջինը քրիստոնեությունն ընդունած երկիրն ենք, բայց մենք այդ արժեքը չենք հասկանում մինչև վերջ: Համաշխարհային պատմության մեջ դա արձանագրված է, ֆիքսված է: Մենք վերջին հելլենիստական համաշխարհային կայսրությունն ենք: 23 տարի մենք տիրել ենք այն ժամանակվա աշխարհին: Դա մեծագույն արժեք է: Մենք կարող ենք հպարտանալ այդ իդեայով, հիշելով դա՝ մեր մեջ ձևակերպենք մեր իսկապես փոքրիկ առաքելությունը: