Տիգրան Ալաջաջյան. Սիրիահայերի ճնշող մեծամասնությունը ուզում է հետ գալ Հայաստան

Տիգրան Ալաջաջյանի խոսքը

 «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության»

կազմակերպած «Դեմոգրաֆիա. առկա իրավիճակ, զարգացման հեռանկարներ, լուծումներ» հադիպում-քննարկման ժամանակ

Վիճակը այդքան վատ չէ, ինչպես որ ասվում է: Վատ է եղել. համաձայն եմ: Ես չեմ տիրապետում ոչ մի սոցիոլոգիական հարցման կամ ինչ-որ տվյալների ու ոլորտի մասնագետ չեմ, բայց ես սովորական ընտանիքի հայր  եմ, 24 տարեկան տղա ունեմ, 16 տարեկան աղջիկ: 2012 թ. տղաս ընդունվեց Երևանի պետական համալսարան, ռադիոֆիզիկայի միջուկային ռեակտորների բաժնում էր սովորում: Առաջին ցույցերի ակտիվիստներից էր, երբ որ ոչ մի հաջողության չհասան, որոշում կայացրեց, որ գնում եմ բանակ, կամավոր գնում եմ դիմում գրեմ, պարտքս կատարեմ ու գնամ մագիստրատուրան արտասահմանում սովորեմ: Բարեհաջող ծառայեց Արցախում, հետ եկավ, հեղափոխության օրերին ավարտեց բակալավրը: Փառք Աստծո, մեր ընտանիքն ունի որոշակի ֆինանսական հնարավորություն, և կարող էինք նրան ուղարկել արտասահմանում սովորելու: Բայց ասաց՝ չեմ գնում, ես մնալու եմ այստեղ ու շարունակեմ Հայաստանում: Իմ աղջկա հետ դրսում սովորելու մասին ընդհանրապես խոսել չի լինում. Ասում է՝ ես այստեղ եմ սովորելու, այստեղ եմ ապրելու: Իսկ ինչ վերաբերում է արտագաղթին, ապա չեմ ուզում քննարկել դրա պատճառները. մարդիկ գնում են, և դա իրենց որոշումն է: Ես ուզում եմ քննարկել ներգաղթի խնդիրը, ինչով անձամբ զբաղվել եմ: 2012թ. ես քաղաքացիական նախաձեռնություն սկսեցի՝ «Օգնիր եղբորդ» անվանումով. ես այդ նախաձեռնության հեղինակն եմ: Երբ Սիրիայից հայերը սկսեցին վերադառնալ Հայաստան, մենք բնակարանաշինության շատ լուրջ խնդիրներ ունեինք: Ի՞նչ սկսվեց քաղաքացիական նախաձեռնության ու կառավարության մեջ: Այն ժամանակ Սփյուռքի նախարարի հետ բանակցում էինք, որ այդ մարդկանց պետք է պահել ամեն գնով: Սկսեցինք թաղամասաշինության ծրագրեր քննարկել, բայց ամեն մեկը սկսեց իր կողմ քաշել. Դաշնակցությունն՝ իր կողմ, Սփյուռքի նախարարությունն՝ իր կողմ, հասարակական կազմակերպությունն իր փորձերն արեց: Իհարկե բոլորիս մոտ այդ ծրագիրը տապալվեց, որովհետև միասնական չէինք: Այս նույն խնդիրը շարունակվում է: Հեղափոխությունից հետո էլի նույն սիրիահայերը, թեկուզ այն փոքր մասը, ովքեր մնացել էին Հայաստանում, չգնացին Կանադա, Եվրոպա, մնացին ու այսօրվա դրությամբ էլի այդ խնդիրներն ունեն: Մենք շարունակում ենք այդ խնդիրներով զբաղվել, քննարկում ենք՝ ո՞նց անեն, որ տուն ունենան Հայաստանում:

Գիտե՞ք, մենք ունենք 10 մլն հայ, ու հավատացնում եմ ձեզ՝ մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը ուզում է հետ գալ Հայաստան: Իմ ազգանունից, իմ բարեկամներից միայն ես եմ մնացել Հայաստանում: Ինչու՞ չեն գալիս. այ, այդ «ինչու չեն գալիս»-ը ունի իր մեծ շարանը: Չեն գալիս, որովհետև մարդը Ամերիկայում 10 000 դոլար աշխատավարձ է ստանում ու դժվար գալ այստեղ և թեկուզ 1000 դոլար աշխատավարձ ստանալ: Մենք այսօր ստարտափների խնդիր ունենք: Ես Երևանում ծնված, Երևանում մեծացած մարդ եմ, բայց բիզնես սկսելու համար ասում են՝ դու ստարտափ ես: Բա էդ խեղճ ամերիկացին ի՞նչ անի: Գալու է, գնա բանկ, ասի հիփոտեք տուր, կասեն՝ բեր 2-3 տարվա աշխատավարձը: Ու այսպես շատ խնդիրներ կան, բայց այդ խնդիրները ունեն իրենց լուծումները: Ու ես շատ ուրախ եմ, որ այսօր մեր կառավարությունն ասում է, որ ունի կամք: Մենք կորցրեցինք սիրիահայ համայնքը, որովհետև միասնական չեղանք. Հրանուշ Հակոբյանը քաշեց իր կողմ, դաշնակները իրենց կողմ քաշեցին, մենք էլ մնացինք խեղճ ու կրակ սիրիահայերի հետ: Ու շուտով մենք բեյրութահայերի հետ ենք խնդիրներ ունենալու, Ռուսաստանի հայերի, Ուկրաինայի հայերի, ու այս մարդիկ իրենց ապաստանը պետք է գտնեն Հայաստանում: Ես Սիրիայից նոր եմ վերադարձել, մարդիկ ասում են՝ կարող է ի վիճակի չենք գալ Հայաստան, բայց կարող ենք գոնե ինչ-որ բան առնել, մնա այդտեղ, որ երբ այստեղ վիճակը վատանա, գանք տուն: Հասկանու՞մ եք, սա է այդ մարդկանց տունը: