Յուրի Ջավադյան. Կառավարության օրակարգում են ջրամբարների ու մաքրման կայանների հարցը
«Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Ջրային ռեսուրսների հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ
Ես ներկայացնեմ մեր ռեսուրսների վիճակը: Հոսող ջրային ռեսուրսները կազմում են ընդամենը 7 մլրդ 300 մլն խորանարդ մետր, որից մենք օգտագործում ենք 2,3 մլրդ խմ: 5 միլիարդ խմ ջուրը հոսում է մեր սահմաններից դուրս: Այսինքն՝ պետք է այսօրվանից սկսած կառուցենք մեծ ջրամբարներ, ջրամբարային համակարգեր: Ի ուրախություն բոլորիս՝ կառավարությունը քննարկեց և շուտով որոշում կլինի, որ Սևանի շուրջը նորից 4 փոքր ու միջին ջրամբարներ կառուցենք, նախագծենք ու 2 տարվա մեջ կառուցենք: Գյադիկվանքի 25 միլիոն խմ ջրամբարը, որը բավականին լավ ջրատարություն կունենա, Զիրակի ջրամբարը, դա կտանք Կեչուտի միջոցով, մյուսը կտանք առաջին թունելի միջոցով, Ֆիալետովոյիի ջրամբարը՝ 42 միլիոնանոց ծավալով, կտանք ուղիղ Հրազդան գետ, և Քասախի 11.5 միլիոնանոց ջրամբարները: Սրանք կլինեն արդեն դոնոր ջրամբաներ, որ այսուհետև մենք չունենանք հնարավորություն և անհրաժեշտություն Սևանից ջուր վերցնելու, թողնենք, որ նորմալ բարձրանա մինչև 6 մետր: Հիմա՝ շարունակությունը սկսենք նրանից, որ այսօր մենք Սևանը բարձրացնում ենք կեղտոտ ջրով, ամենակեղտոտ ջրով: Որովհետև մենակ այդ ռեստորանների և հյուրանոցների սպասքի ու սպիտակեղենի լվացման հեղուկների մեջ զգալի քանակությամբ ֆոսֆոր պարունակող նյութեր կան: Իսկ ծաղկումը հիմնականում ֆոսֆորի բարձր քանակությունից է սկսվում և ջերմաստիճանից: Եվ մեզ խիստ անհրաժեշտ է Սևանի կոյուղացման խնդիրը լուծել: Մենք արդեն ձեռնարկել ենք: «Քիմմաստեր» ընկերության 7 հատ մաքրման կայաններ այսօր գործում են: Համաձայն Սևանի մասին օրենքի՝ պետք է պարտադրենք՝ որևիցե մեկը իրավունք չունի կեղտաջուր թափել Սևանա լիճ: «Քիմմաստեր» ընկերությունը մեզ խոստացել է, որ գոնե մշտական գործող 300 կայաններ տրամադրի: Այսինքն՝ թափող կազմակերպությունները պիտի կարողանան լուծել հարցը, և կայանները տեղադրվեն: Ի՞նչ են տալիս այդ մաքրման կայանները. Սևանի ջրավազանի ամենամաքուր գետի ստանդարտով ջուր: Դրանից պակաս իրավունք չունի: Եվ միկրոբներով են մաքրում, քիմիա չկա, հիանալի բան է մեզ համար: Իսկ այն 3 կառուցված կայանները ավելի մեծ վնաս են տալիս. փոխանակ մաքրեն՝ կենտրոնացնում են կիսամաքրված կեղտաջուրը ու կենտրոնացված են թափում՝ շատ ավելի վատ հետևանքներով: Դրա համար մաքրման մոդուլներ կան, որոնց միջոցով իսկական մաքրված ջուր պիտի լցնենք, որ Սևանը ոչ թե կեղտոտ ջրով բարձրացնենք, այլ մաքուր ջրով: Եվ մենք արդեն կառավարություն ենք ներկայացրել, վարչապետին անձամբ զեկուցվել է: Վարչապետը շատ լավ ընդունում է դժվարությունները, որ պիտի հաղթահարենք, և Տարածքային կառավարման նախարարը ինձ զանգեց, ասաց, որ հարցը դրականորեն լուծվել է: Երկրորդը՝ մեր կարևոր հարցերից մեկը Հրազդան գետի և Երևանյան լճի մաքրության խնդիրն է: Մոտ 30 տարի առաջ մենք Գետառ գետը, հատուկ կոյուղագիծ կառուցելով, հանել ենք Երևանյան լճից, թափվում է ջրամբարից ներքև: Իսկ ի՞նչ է կատարվում այսօր ռեստորանային տնտեսություններում: Բոլորը ուղիղ թափում են գետը: Հարցնում ես՝ սա ինչու՞ է թափվում այստեղ, ասում են՝ դե, մեքենան ուշացել է, դրա համար: Կանչում է մեկին, հայհոյում, թե՝ էս ի՞նչ ես արել, ինչի՞ չես մաքրել: Բանից դուրս է գալիս, նախ՝ ոչ մեքենա ունեն, ոչ էլ մենք թափելու տեղ ունենք: Երևանում չունենք կեղտաջուրը թափելու տեղ: Նոր սկսում ենք մաքրման կայան կառուցել: Դժբախտաբար, Հայաստանում չունենք հիմնական կառուցված, գործող մաքրման կայաններ: Երևանը պիտի առաջ գնա, իսկ 1200 տեղից կեղտաջրեր են թափվում, որից 220-ը՝ Հրազդան գետ: Մենք 2006 թվականին ուսումնասիրել ենք Երևանյան լիճը: Երևանյան լիճը մի ահավոր վիճակում է, այնտեղ ունենք նաև ծանր մետաղներ՝ բարեբախտաբար նորմային մոտիկ: Մենք նախատեսել ենք գերեզմանոց, 15 կիլոմետր Երևանից հեռու տեղ ենք ընտրել՝ 10 հեկտար տարածքով, որտեղ որ գրունտային ջրերի խորությունը 100 մետրից ներքև է, որպեսզի վնաս չտա: Ու սկսելու ենք տեղափոխել Երևանյան լճի հատկապես էն աղբյուրների մասը, ուր եղեգներ են աճում՝ Ամերիկյան դեսպանատան կողմից: Դա Երևանի և շրջակա համայնքների հանգստի վայրն էր:
3-րդ կարևոր հարցը Արարատյան դաշտի հարցն է: Մենք էնպիսի օրին ենք դրել Արարատյան դաշտը որ… Սևջուր գետը 2007 թվականին ունեցել է 26.5 մլն խորանարդ մետր հոսք: Հիմա՝ ընդամենը 3-ը, որից 2-ը կոյուղի են: Հուլիս-օգոստոս ամիսներին մնում է մենակ կոյուղին: Դրանով ջրում ենք բանջարեղեն, մատակարարում մեր ժողովրդին: Այդ հարցի շուրջ մենք հիմա էլի նոր առաջարկությամբ աշխատում ենք, որ Կարակալայի հանգույցից ինքնահոս ջուր բերենք, հասցնենք Սևջուր գետին, որպեսզի կարողանանք հուլիս-օգոստոս ամսին՝ ջրի դեֆիցիտի ժամանակ, ոռոգում կազմակերպել: Այս բոլորը կառավարությունում զեկուցված է, այնտեղ հանձնարարություն կա, որ այդ 4 ջրամբարներից բացի 25 հատ առաջնահերթ ջրամբարներ նույնպես նախագծվեն ու կառուցվեն, չուսումնասիրված բոլոր ջրամբարները կուսումնասիրվեն այս տարվա ընթացքում: Սրանք հիմնական ջրաշինարարական հարցերն են, որոնք օրակարգի մեջ են, բավականին լուրջ միջոցառումներ է ձեռնարկում կառավարությունը, որպեսզի կարողանանք մեր ջուրը հավաքել ու օգտագործել: Իսկ ինչ վերաբերում է կորուստներին, ապա մենք ոռոգման ցանցերում 40 տոկոս սովորական կորուստ ունենք՝ մինչև դաշտը և դաշտն էլ հետը, 40 տոկոս՝ կոմերցիոն կորուստ: