Երկիրը պետք է բարձրացնի ինժեներական աշխատանքների գրավչությունը

«Գիտակրթական համակարգը»  զրուցել է Երևանի կապիմիջոցներիգիտահետազոտության ինստիտուտի ղեկավար Մհեր Մարկոսյանի հետ:

-Պարոն Մարկոսյան,  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցված հաջողությունները ամենատեսանելին են նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ի՞նչ նոր մարտահրավերներ է նետում մշտապես զարգացող տեխնոլոգիական աշխարհը Հայաստանին, և որքա՞ն ենք մենք պատրաստ դիմակայել ու նոր լուծումներ առաջարկել:

-Աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաները զարգանում են օրեցօր: Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտը այսօր մրցակցում է ոչ թե հայկական, այլ համաշխարհային արտադրող ընկերությունների հետ,ինչպիսին, օրինակ, «Սիմենս»-ն է: Աշխարհը մեզ արտոնություն չի տալիս, մենք պետք է կարողանանք դիմակայել մրցակցությանը, ինչը հեշտ չէ: Գնորդը հիմնականում նախապատվություն է տալիս հայտնի, ճանաչում ունեցող  ապրանքանիշերին, մենք պետք է կարողանանք այնպիսի արտադրանք ու այնպիսի գին առաջարկել, որ առավելություն ունենանք եւ կարողանանք շուկա մտնել: Նման մրցակցության հանդիպում ենք նաեւ Հայաստանում. այնպես չէ, որ մեր երկրում ինչ-ինչ արտոնություններ են մեզ տրված: Անընդհատ պետք է ապացուցենք, որ տեղական արտադրանքը որակով եւ գնով  չի զիջում դրսի արտադրանքին:

Ցանկացած երկիր, եթե ուզում է առաջընթաց ունենալ, հսկայական ուշադրություն պետք է դարձնի նյութաբանության վրա: Զարգացման գրավականը տեղում արտադրվող նյութերն են, որոնք չեն օգտագործվում  այլ ձեռնարկություններում: Եթե նյութը բերվում է այլ երկրից, նշանակում է՝ մի քայլ ետ ես, շուկայում նորություն չես բերում: Եթե նոր նյութը դու ես ստեղծում, դրա հաշվին կարող ես մի շարք առավելություններ ունենալ: Բոլոր առաջատար կազմակերպությունները կամ իրենց յուրօրինակ էլեմենտը ունեն, կամ նոր նյութը: Ուրախությամբ կարող եմ նշել, որ,  համագործակցելով Հայաստանում գործող ձեռնարկությունների, անհատների հետ,  մենք կարողացել ենք ստեղծել  նոր նյութ: Այն հնարավորություն է տալիս բավականին մեծ ջերմաստիճանային տիրույթում ստեղծել հերմետիկ միացություններ, միակցիչներ: Նյութի օգտագործմամբ առաջին նմուշները ստեղծել ենք, ուղարկել ենք պոտենցիալ պատվիրատուին, նրանք ստուգել են եւ արդեն որոշակի քանակություն են պատվիրել, ենթադրում եմ, որ  հետագայում արդեն մեծ խմբաքանակի պատվեր կունենանք: Դա, ըստ իս,  լուրջ հաջողություն է:

Շուտով պատրաստ կլինի նաև ինստիտուտի նյութաբանության լաբորատորիան, որը հնարավորություն կտա Հայաստանին ամրապնդել իր տեղը բարձր տեխնոլոգիաների արտաքին շուկայում: Համապատասխան սարքավորումներն արդեն իսկ ունենք, կան նաեւ մասնագետներ: Նրանց կողքին պետք է կայացնենք նաեւ երիտասարդ կադրերին,  որպեսզի գործը շարունակող լինի:

-Պարոն Մարկոսյան, Հայաստանը ավանդաբար համարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ պոտենցիալ ունեցող երկիր: Կարողանո՞ւմ ենք այսօր էլ պահել այդ նշաձողը:

Այսօր Հայաստանում շատ  լավ երեխաներ, շատ լավ երիտասարդություն ունենք: Եթե  նրանց մեջ հետաքրքրություն ես արթնացնում, և սկսում են այդ ասպարեզում աշխատել, մեծ բարձունքների կարող են հասնել: Մեր պոտենցիալը, սակայն, լիովին չի օգտագործվում, ավելին՝ գնալով պակասում է: 1991 թվականից սկսած մեր պոտենցիալը տարեցտարի նվազում է: Դրսում մեծ պահանջարկ ունեցող մարդիկ, որոնք գործազուրկ էին Հայաստանում, նախընտրեցին հեռանալ: Ցավոք, այդ միտումը շարունակվում է նաև այսօր: Լավ մասնագետները, որ մնացել են մեր երկրում, արդեն ծերացել են, իսկ փոխարինողները քիչ են: Երիտասարդները նախընտրում են իրենց օրվա ապրուստը վաստակելու համար հնարավորինս հեշտ գործեր գտնել, իսկ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգագացումը տալիս է դրա հնարավորությունը: Տանը նստած կարողանում են գումար վաստակել ու հոգալ իրենց կարիքները: Դա մի կողմից օգուտ է Հայաստանին, մյուս կողմից հարված է ինժեներական, տեխնոլոգիական զարգացմանը: Ծրագրավորողը դեռ ինժեներ չի, նա ինժեների կողքին կանգնող է: Մենք այսօր պետք է զարգացնենք ինժեներական մտածելակերպը, եւ երկիրը պետք է բարձրացնի ինժեներական աշխատանքների գրավչությունը:

    Վերջերս Ղազախստանում էինք, իննովացիոն ծրագրի վերջին կոնֆերանսին էինք մասնակցում, տաբեր երկրներից երիտասարդեր էին մասնակցում: Շատ լավ զգացի, երբ մեր երիտասարդները տարբերվեցին իրենց և գաղափարներով և ակտիվությամբ և ձեռքբերումներով: Իմիջիայլոց , արժանացանք մրցանակի Եվրասիական էկոնոմիկական միության զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

    Եվրազեսի շրջանակներում համագործակցում ենք Ալմա Աթայի կապի և էներգետիկայի համալսարանի հետ, ռուսական ձեռնարկությունների հետ գիտաարտադրական աշխատանքներ ենք իրականացնում: Հետազոտություններ ենք անում, ու դրա արդյունքում պարզ կլինի՝ որ մասը որտեղ կարտադրվի: Դա հնարավորություն է տալիս մեր շուկայից օգտվելու:

 

-Ո՞րն է լուծումը, որտեղի՞ց պետք է սկսենք

Դպրոցական համակարգն այսօր չի համապատասխանում արդի պայմաններին: Առաջնահերթ պետք է մեթոդիկան փոխվի, որ երեխաները ավելի սիրով զբաղվեն ինժեներիայով: Ես չեմ հասկանում 12-ամյա կրթության անհրաժեշտությունը, եթե մեր երեխաները կարողանում են տասը տարում յուրացնել ծրագիրը: Եթե դպրոցը երկու տարով երկարացվում էր, պետք է բուհական կրթությունը երկու տարով նվազեցվեր: Շատ լուրջ անհամաձայնություն կա այստեղ. երեխաները երկու տարի ժամանակ են կորցնում, եւ այդ կորցրած ժամանակը հետադարձ հարված է հասցնում մեր տնտեսությանը: Ես կհասկանայի, եթե այդ երկու տարին երեխաներին տրամադրվեր ինչ- որ մի արհեստ սովորելու համար: Անհանգստացնող է նաեւ ուսման մակարդակը, դպրոցից հետո շատ թույլ գիտելիքներով երեխաներ են գալիս ԲՈՒՀ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում տարեկան մեզ 3000 մասնագետ է պետք, տարբեր ԲՈՒՀ-երից մոտ այդքան էլ շրջանավարտ ենք ունենում, բայց նրանց թիվը, որ կարող են այդ ասպարեզում աշխատել, չի գերազանցում հազարը, մյուսները ուղղակի ի վիճակի չեն, այդքան գիտելիք չեն ստացել, որ մեր ասպարեզում աշխատեն: Եթե այդ երիտասարդների հետ ճիշտ աշխատես, աշխատանքի գրավչությունը ցույց տաս, վստահ եմ, որ նրանց մեծ մասը ճիշտ կգտնի իր տեղը: Բայց ո՞վ պետք է սովորեցնի այդ երիտասարդներին: Ես վստահ եմ, որ չի կարող ցածր աշխատավարձ ստացող դասախոսը լավ դասավանդել: Ուսանողը երրորդ կուրսում ավելի լավ վարձատրվող աշխատանք է գտնում, քան դասախոսը: Ինչպե՞ս կարող է այդ դասախոսը հեղինակություն լինել, ուսանողի վերաբերմունքը դեպի դասախոսը բոլորովին այլ է լինում այդ դեպքում:

Այս խնդիրը հաշվի առնելով՝ Երեւանի կապի միջոցների գիտահետազոտության ինստիտուտը որոշեց կամուրջ ստեղծել բուհերի հետ:Առաջին պայմանագիրը կնքվեց Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի հետ: Հիմնվեց  հեռահաղորդակցությունների բազային ամբիոն, որը  տեղաբաշխվեց մեր տարածքում: Ուսանողները գործնական, լաբորատոր պարապմունքերը այստեղ են անց կացնում, ոչ մասնագիտական դասերը՝ Սլավոնական համալսարանում: Հաջորդ նմանատիպ համագործակցությունը ծավալեցինք Ճարտարաշինարարական համալսարանում՝ ինֆորմատիկայի, հաշվողական  տեխնիկայի և կառավարման համակարգի ամբիոնում: Մենք համագործակցում ենք նաեւ արտերկրի համալսարանների հետ, մեզ մոտ պրակտիկա անցնելու են գալիս Ֆրանսիայից, Գերմանիայից, Կանադայից և այլն:

Կուզենայի նշել նաև զորակոչիկների հետ մեր համագործակցության մասին: Պետությունը շատ լավ ծրագիր է մշակել, որը հնարավորություն է տալիս զինծառայություն անցնող երիտասարդներին մասնագիտական հմտությունները կատարելագործել: Հանձնաժողովն ընտրում է պոտենցիալ ունեցող զինծառայողներին, եւ նրանք ծառայության ընթացքում աշխատանքի են ընդունվում մեր կամ նմանատիպ այլ ընկերություններում: Ամեն օր նրանք գալիս են աշխատանքի և նորից գնում զորամաս:Երիտասարդները այդ ընթացքում  ավելի են մասնագիտանում, նրանց գիտելիքն ու  ունակությունները, պոտենցիալը կիրառվում են ձեռնարկությունում, եւ շատ հնարավոր է, որ ծառայությունից հետո էլ երիտասարդները  շարունակեն աշխատել ընկերությունում: Երիտասարդները խելացի են, մտածում են խնդրի շուրջ և լուծում տալիս: Նրանք պետք է իմանան ինչ խնդիրներ կան մեզ մոտ: Պետք է վերհանել Հայաստանում կուտակված խնդիրները. նրանք ու ոչ միայն նրանք կսկսեն աշխատել ու լուծել դրանք: Մենք հիմա ձեռնամուխ ենք եղել նման ծրագրի ստեղծմանը .տեղեկանք ենք պատրաստելու, տպելու ենք մի ձեռնարկ, որը կդառնա խնդիրների ժողովածու: Դա համագործակցություն է համալսարանների և մեր միջև, նախաձեռնողը և իրականացնողը մենք ենք