Տիգրան Քամալյան. Բուժհիմնարկներն ու ապահովագրական ընկերությունները հակադիր դաշտում են

Վլ. Ավագյանի անվան բժշկական կենտրոնի Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանի խոսքը  «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած   «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ

Ապահովագրական ծառայություններին պետական հիմնարկում այլ կերպ են նայումապահովագրական ընկերություններում՝ մեկ այլ կերպհիվանդանոցներում՝ բոլորովին այլ

Ապահովագրական ծառայությունների խթանումը միանշանակ դրական է, կարծում եմ՝ քննարկման ենթական չէ, այդ հարցում բոլորս միաձայն ենք: Համամիտ եմ նաև, որ դա հեշտ չի լինելու. կա օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն, կոռուպցիոն ռիսկերի վերանայում, վերահսկողության մեխանիզմների մշակում, տեխնիկական մի շարք խնդիրներ կան: Ապահովագրական ծառայություններին պետական կաբինետներում այլ կերպ են նայում, ապահովագրական ընկերություներում՝ մեկ այլ կերպ, բայց լրիվ ուրիշ տեսք ունեն հիվանդանոցներում: Դրա համար բժիշկները ու հիվանդները կարծես հայտնվում են պատերազմական վիճակներում: Միևնույն ժամանակ հակադիր դաշտում են նաև բուժհիմնարկներն ու ապահովագրական ընկերությունները: Բնականաբար, ապահովագրական ընկերությունը, որը ֆինանսավորող կառույցն է, ձգտում է ինչքան հնարավոր է՝ ֆինանսավորումը քիչ լինի, մյուս կողմից բժիշկներն էլ ձգտում են հնարավորինս ապահովել վիրահատական ծախսերը: Հաճախ այս ամենը արվում է բնականաբար ոչ ազնիվ եղանակներով երկու կողմից էլ: Բժիշկը փորձում է ոչ ազնիվ եղանակներով ներս բերել գումարը, ապահովագրական ընկերություններն էլ հաճախ փորձում են, կներեք կոպիտ բառիս համար, ինչ-ինչ եղանակներով ցրել մի կլինիկայից մյուսը, գիտեք՝ էս ախտորոշմանը չի համապատասխանում, մյուսին չի համապատասխանում: Այսինքն՝ մենք խնդիր ունենք թե՛ ախտորոշումների ցանկի հետ, թե՛ գնացուցակների հետ, թե այս ամենը կազմակերպելու հետ: Համաձայն եմ այն մտքին, որ այստեղ շատ մեծ դեր կունենա ապացուցողական բժշկությունը, որովհետև եթե մենք ունենանք հստակ ուղեցույցներ, հստակ գործելակարգեր, ըստ որոնց պարզ կդառնա, որ այսինչ հիվանդության բուժման համար ամենանպատակահարմաը այ այս մեթոդն է: Իսկ գործելակարգերը հաշվի են առնում ֆինանսական կողմը: Բնականաբար ապահովագրական ընկերությունները՝ լինեն պետական թե մասնավոր, բոլորը ստիպված կլինեն այդ ուղղությամբ մտածել: Էս պահին եղած մոտեցումները,  հատկապես սոցփաթեթները, խանգարում են նույնիսկ գիտական զարգացումներին, խանգարում են նոր մեթոդների ներդրմանը, որովհետև տրամադրում են իքս գումար, բնականաբար շատ քիչ, և ստիպում են, թե այս մեթոդով պետք է արվի այսինչ բուժումը: Եվ մենք չենք կարողանում կիրառել նորագույն տեխնոլոգիաներ ու ստիպված գնալու ենք դեպի հինը: Այսինքն՝ ինչ-որ տեղ արգելակվում է նաև բժշկության զարգացումը: Կարծում եմ, որ ամենակարևոր քայլը ապահովագրական ներդրումներից առաջ ստանդարտների մշակումը  պետք է լինի, որը հնարավորություն կտա գոնե ճիշտ ուղղության վրա դնելու այս ներդրման մեխանիզմները: