Ծաղիկ Վարդանյան. Գնում ենք դեպի համապարփակ առողջապահական ապահովագրություն

 

Նախ արդեն պետական բարձր մակարդակով ՀՀ-ում հնչեղություն է ստացել այդ հարցը, որ այո, գնում ենք դեպի համապարփակ առողջապահական ապահովագրության ներդրման: Իհարկե սա ամենագլխավորն է, որովհետև քաղաքական կամքի և քաղաքական որոշման մասին է խոսում: Հետևաբար սրանից պետք է բխի մնացած բոլոր այն ենթագործառույթները, որոնցից պետք է կազմվի ճանապարհային քարտեզը՝ համակարգի ճիշտ ներդրման համար: Դա հեշտ գործ չի, և եթե շատ հեշտությամբ արվեր, արդեն իսկ ներդրված կլիներ: Այս գաղափարը նոր չձևավորվեց, տարիներով այս գաղափարի շուրջ եղել են քննարկումներ, անգամ ունեցել ենք հաստատված հայեցակարգ: Այսինքն՝ եղել են նախնական որոշակի քայլեր, սակայն վերջնական լուծում ինչ-ինչ պատճառներով չի եղել: Հիմա պետք չէ հետ նայել՝ ինչու չի եղել, առաջարկում եմ ավելի շատ առաջ նայել: Ասել կուզեմ, որ համար առաջին հարցը արդեն իսկ կա՝ քաղաքական որոշում. դրա մասին խոսել է  և՛ առողջապահության նախարարը, ու մի քանի անգամ , և՛ վարչապետն է հստակ հայտարարել, որ առողջապահության մեջ մենք բարեփոխումը տեսնում ենք ապահովագրական համակարգի ներդրումով: Հիմա ի՞նչ է անում առողջապահության նախարարությունը: Փորձագետներ են ներգրավված, նախարարությունում գործում են տարբեր ուղղություններով աշխատանքային խմբեր: Բոլոր առումներով տեխնիկական աջակցման խնդիրներ կան, արդեն իսկ համաձայնագրեր են ձևավորվել: Բայց իհարկե կոնկրետ, հստակ ճանապարհային քարտեզը վերջնական գծված չէ: Դեռևս ընթացքի մեջ է՝ ի՞նչ ուղղությամբ, ինչպիսի ապահովագրական համակարգ կձևավորվի ՀՀ-ում: Իհարկե, ես շատ հուսով եմ, որ մենք կունենանք ամենաորակյալ, ծախսարդյունավետ, կոռուպցիայից զուրկ առողջապահական համակարգին հարիր ապահովագրական համակարգի ներդրում: