Արտավազդ Յախշիբեկյան. առողջապահության կազմակերպման ամենաարդյունավետ ձևն աշխարհում դեռևս ապահովագրությունն է
«Փրայմ Ինշուրանս» ընկերության գործադիր տնօրեն Արտավազդ Յախշիբեկյանի խոսքը «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Բժշկական ապահովագրության ներդրումը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ
Ես ներկայացնում եմ «Փրայմ Ինշուրանս» ընկերությունը, որը զբաղվում է ապահովագրական և վերաապահովագրական ծառայություններով, մենք ներկայացնում ենք ապահովագրվողների շահերը: Անձամբ ես 3 ապահովագրական ընկերություն եմ ստեղծել Հայաստանում: Առաջինը, որ կուզենայի ասել, առողջապահության կազմակերպման ամենաարդյունավետ ձևն աշխարհում դեռևս ապահովագրությունն է: Դա կարելի է ուղղակի չքննարկել: Մյուս հարցը՝ շատ խոսքեր են ասվում, տերմինաբանության ցավ կա մեկ-մեկ, բայց արդյունքում՝ ապահովագրությունը փոխօգնության ձև է, որ վճարում են բոլորը, օգտվում են նրանք, ովքեր տուժում են: Վերցնենք երկու օրինակ՝ շուրջ 20 տարի բժշկական կամավոր ապահովագրության առկայությունը և սոցփաթեթ կոչվող բժշկական ապահովագրությունը: Մեկը դեռևս իրեն արդարացնում է, մյուսը վայրիվերումների մեջ է՝ մեկ հանում են, մեկ մտցնում են, մեկ տալիս են էս կազմակերպությանը, հետո հանում են, մյուսը պիտի վերահսկի: Պիտի փոքր փորձ կատարվի, հասկանանք՝ ինչու, որովետև ապահովագրությունը բիզնես է, այն սակավաթիվ բիզնեսի տեսակներից է, որն ապահովում է տնտեսական շահերը:
Պիտի պահանջարկ լինի, հետո ապահովագրություն լինի: Բայց կա մի խնդիր. ապահովագրողը վաճառող է, նա վաճառում է խոստում, որ եթե հիվանդանաս, ես քեզ կվճարեմ, որ դու բուժվես: Եվ դրա վրա ձևավորվել է այսօր գործող կամավոր բժշկության որոշակի պորտֆել, որում չեմ ներառվում ֆիզիկական անձինք, որովհետև ապահովագրության՝ նախկինում մշակույթ և փորձ չունենալու հետևանքով մարդիկ դիմում են ապահովագրությանը այն ժամանակ, երբ հիվանդ են, ուզում են վճարել 100 000 դրամ, ստանալ 1 մլն դրամ: Դա լոտոյի նման մի բան է դառնում, ապահովագրության իմաստը կորչում է, դրա համար ոչ մի ապահովագրական ընկերություն Հայաստանում ֆիզիկական անձանց չի ապահովագրում: Հիմա ինչու՞ սոցփաթեթը դարձավ այն, ինչ որ դարձավ, ու վերջում ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ դարձավ, որովհետև սոցփաթեթի մշակմամբ և ներդրմամբ զբաղվում էին տարբեր պետական ապարատների կաբինետներում:
Արդյունքում այդ մշակված համակարգը չաշխատեց: Չաշխատեց այն պարզ պատճառով, որ երբ ասում են՝ 50 000 դրամ ենք տալիս, դուք պիտի ապահովագրեք, դրանով սկզբից զբաղվում էր սոցնախարարությունը, հետո՝ փոխվարչապետը, հետո՝ մի ուրիշ նախարարություն, հետո՝ մի քանի նախարարություն միասին: Հետո այդ նախարարությունների ոգևորությունը հասավ նրան, որ զինվորականներին և ոստիկաններին մտցրեցին սոցփաթեթի մեջ այն դեպքում, երբ զինվորականներն ու ոստիկաններն ունեին իրենց մասնագիտացված կլինիկան, և նրանց բժշկական ծառայությունները վճարելու ոչ մի խնդիր չկա: Անկասկած՝ բժշկական պարտադիր ապահովագրությունն անհրաժեշտ է, բայց անհրաժեշտ է՝ ելնելով այն պահանջներից, որը բնակչության ապահովագրական խնդիրը սկզբունքորեն կհանի: Դեռևս Հայաստանում ոչ մի պետական ծրագիր, որը վերաբերում է ապահովագրությանը, չի նպաստել ապահովագրական հարաբերություններ ստեղծելուն, սկսած ԱՊՊԱ-ից, վերջացրած տարբեր պարտադիր ապահովագրություններով: Կայացվում է որոշում, ասվում է՝ կա որոշում, պետք է անեք: Այ, հիմա նույնպես որոշում կա՝ գերմանական FW բանկի մեծ ֆինանսավորումը ներդնել գյուղատնտեսության ապահովագրության մեջ:
Շատ ակտիվ քննարկում է գնում, տարբեր մարդիկ պաշտոններ, հաստիքներ են ստացել, գնում են միջազգային կոնֆերանսներին ելույթ են ունենում: Կներեք, ես այդ ոլորտն իմանալով եմ ասում, չի աշխատելու այդ ապահովագրությունը: Պարտադիր բժշկական ապահովագրությունը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ բազա լինի, որ կամավոր բժշկական ապահովագրությունը արդարացրել է իրան: Ավելի քիչ պետական միջամտություն է պետք, ինչքան հնարավոր է՝ քիչ, որպեսզի համակարգը ձևավորվի առաջարկ-պահանջարկի սկզբունքով:
Եվ մյուսը՝ բոլոր պարտադիր ապահովագրությունները զարգացած երկրներում ներդրվում են՝ հաշվի առնելով մի շարք չափանիշներ, որոնք Հայաստանում համառորեն հաշվի չեն առնվում: Այսինքն՝ երբ ներդրվում է որևէ պարտադիր ապահովագրություն, պետությունը ապահովագրողների հետ մտնում է գործարքի մեջ: Գործարքի իմաստը այն է, որ մենք ձեզ տալու ենք կամ ապահովագրելու ենք, որ ստանաք այսքան գումար, և եթե այդ գումարը չբավարարի ապահովագրական հատուցումներ տալուն, դա ձեր խնդիրն է, լրացրեք ձեր կողմից: Ձեզ սահմանում են, որ դուք կարող եք ադմինիստրատիվ ծախսերի համար ունենալ այսքան գումար, որպեսզի չփոշիացվի գումարը: Երբ որ դուք կհատուցեք բոլոր գումարները, կնվազեցնեք ստացած գումարը ձեր ադմինիստրատիվ ծախսերով, մնացած գումարը այս չափանիշով բաժանվում է պետության և ապահովագրողի միջև, և այդ գումարն ուղղվում է ոլորտը բարելավվելուն: