Նրանք ապրում են պարի մեջ ու պարով․ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա

Նրանք ապրում են պարի մեջ ու պարով Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիա

 

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում պարը կենսառիթմ է յուրաքանչյուր պարուսույցի համար։ Նրանք ապրում են պարի մեջ ու պարով։ Ակամայից այդ նվիրումը պարին նրանք փոխանցում են նաև իրենց սաներին։ Այդ սերը հարյուրապատկվում ու հազարապատկվում է տարիների հետ, ակադեմիայի նոր մասնաճյուղեր բացելու հետ։ Աշխարհում ամենամեծ հայկական պարային կառույցի մասին զրուցել ենք Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանի և բալետմեյստեր Գագիկ Հայրապետյանի հետ։   

Դու կարող ես տեխնիկապես ճիշտ պարել, բայց բաց թողնել  պարի ուրախությունն ու հաճույքը։ Հալվիր պարի մեջ, դարձիր պար, մոռացիր պարողի մասին

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան (հայտնի է նաև Հովիկ-ստուդիո անունով) տարին սկսում և ավարտում է համերգներով թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում։ Յուրաքանչյուր համերգը հանդիսատեսի համար վերածվում է տոնի, պարգևում հոգևոր բավարարության, որը մարդն ակնկալում է նման ներկայացումներից։ Օգոստոսի 1–ին Ալ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում կայացած համերգն էլ բացառություն չէր։ Ամեն տարի այս համարգից  հանդիսատեսը սպասում է գեղագիտական հաճույքի անգնահատելի պահերի ու չի սխալվում։ Այս մենահամերգները ունեն մեկ առանձնահատկություն, որն էլ հենց դրանց գլխավոր գրավչությունն է։ Մենահամերգը ամեն տարի սկսվում է պարային նոն-ստոպ դրամայով։ Սցենարի հեղինակը Իշխան Գասպարյան է, բեմադրողը՝ Գագիկ Հայրապետյանը։ Պարային դրաման ներկայացնում են ակադեմիայի հիմնական կազմում ընդգրկված կատարողները՝ պարուսույցները։ Հատկապես մեծ արձագանքներ ու հաջողություն ունեցավ 3 տարի առաջ ցեղասպանության թեմայով բեմադրած «Կորցրած երազանքի հետքերով» պարային դրաման, որը ներկայացվեց տարբեր բեմերում, մշտապես լեփ-լեցուն դահլիճներում։ «Այս տարվա մենահամերգին պարի լեզվով հանդիսատեսին ներկայացվեց մի սիրո պատմություն՝ «Կփնտրեմ քեզ իմ երազներում»։ Սիրո պատմությունը միշտ էլ դոմինանտ է մեր ծրագրում, թեմաներում։ Սիրով է սկսվել ընդհանրապես երկրագնդի վրա մարդկային կյանքը։ Ինչքան էլ տեխնոլոգիական պրոցես մենք գրանցենք ողջ երկրագնդում, միևնույնն է ամեն ինչի հիմքում սերն է»,-ասում է ակադեմիայի գեղարվեստական ղեկավարը։

Պարի հրաշալի աշխարհում ապրողները

Պարային դրամայից հետո սկսվում է համերգի հաշետու մասը, երբ ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղերի մոտ 300 սաները ներկայացնում են այն, ինչ սովորել են այդ մեկ տարվա ընթացքում։ Համերգի այս բաժնում լինում են նաև հրավիրված արտիստներ, երգիչներ, որոնք սաների հետ հանդես են գալիս բեմում։ Մենահամերգի ծրագիրը ամեն տարի փոփոխվում ու նորացվում է, հանդիսատեսը միշտ նոր բեմադրություններով հիանալու, երեխաներին նոր պարային կերպարներում տեսնելու հնարավորություն է ունենում։  Գլխավոր բալետմեյստեր Գագիկ Հայրապետյանը, որը բեմադրությունների 60% -ի հեղինակն է, ծրագրի անընդհատ թարմացումներն ու նորացումները շատ կարևոր ու պարտադիր է համարում իրենց գործում «Մենք անընդհատ ընդլայնվում ենք, բացվում են նոր մասնաճյուղեր, ու նոր երեխաների, նոր ձևավորվող խմբերի հետ նոր պարեր ու բեմադրություններ ենք անում։ Այդպես նաև մեր հանդիսատեսը չի ձանձրանում ամեն տարի նույն երգերի ներքո նույն պարերը դիտելով։ Դա մեզ էլ է պետք եթե անընդհատ մնանք նույն ծրագրի մեջ, կլճանանք, մի օր կուզենք նոր ինչ-որ միտք, նոր բեմադրություն, ու կտեսնենք, որ չի ստացվում։ Մանկավարժներին ծուլանալ չի կարելի, որովհետև նրանք հենց այդ գործընթացի մեջ են մուսա գտնում, ստեղծագործում, կատարելագործվում։ Կանգառը, թեկուզ կարճատև մեզ համար հետընթաց ու անկում է դառնում»։

Իսկ արվեստագետի մուսայի անխափան աշխատանքի համար պետք է անընդհատ իրենց առջև տեսնեն այդ ոգեշնչման աղբյուրը։ Իսկ դա իրենց պարագայում սաներն են, ասում է ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը«Ռուսաստանի ու Հայաստանի տարբեր քաղաքների մեր  մասնաճյուղերում մենք ունենք բազմաթիվ շնորհալի երեխաներ, գեղեցիկ կատարողներ, նրանցից ավագները արդեն հասունացել են պարի մեջ, փոքրերից շատերն էլ անսպասելիորեն տաղանդավոր են ու օժտված։ Հենց այս սաներն էլ պարուսույցների հետաքրքիր բեմադրական աշխատանքների հումքն են դառնում, որից թրծվում են արվեստի գործեր»։

Ընդունելություն Հ.Գասպարյանի անվան պարի ակադեմիան կատարում է, երեք տարեկանից։ Ու արդեն այս տարիքից մանուկները բեմ են բարձրանում, ի տարբերություն շատ այլ պարային կոլեկտիվների, որտեղ այս տարիքի երեխաներին խուսափում են բեմ բարձրացնել՝ սպասելով, որ նրանք պարային բազա կուտակեն։ Հ.Գասպարյանի անվան պարի ակադեմիան ունի իր հստակ դիրքորոշումն այս հարցում «Մենք փոքրիկներով բեմում պարային մեծ ծրագիր չենք ներկայացնում։ Նրանք հիմնականում էպիզոդիկ դերերում են հանդես գալիս, պարային խաղիկներ են ներկայացնում, բայց դա պարտադիր է, ու մեր պարային քաղաքականության մասը կազմում այդ տարիքից երեխաները պիտի սովորեն հանդիսատեսի ծափերին, սիրեն բեմարվեստը։ Այդ համերգների միջոցով երեխաները մոտենում են պարային մթնոլորտին, գիտակցում, որ հայտնվել են պարի կախարդական աշխարհում»,-հավելում է գեղարվեստական ղեկավարը։

 Բեմում մենք տեսնում ենք կազմակերպված, գեղեցիկ պարային համարներ, տարբեր տարիքի հրաշալի պարող երեխաներ։ Իսկ այդ նույն ընթացքում ետնաբեմում տիրում է մոտ 300 հոգանոց մի իրարանցում, ի բնե շարժման ու ակտիվության հակված երեխաների իրարանցում։ Ետնաբեմում աշխատանքները համակարգում է բալետմեյստեր Գագիկ Հայրապետյանը՝ 14 հոգանոց մանկավարժական անձնակազմի օգնությամբ «Հավատացեք, որ համերգին ամբողջ անձնակազմով պատրաստվում ենք նաև հոգեպես։ Շատ համերգներ ենք ունեցել ու գիտենք, թե ինչ ծանրաբեռնված, բարդ ու պատասխանատու օր է մեզ սպասվում։ Իհարկե բարդ է, բայց սա այն հաճելի բարդերից է։ Մինչև համերգը ծրագրում ենք ետնաբեմի աշխատանքը։ Այնտեղ յուրաքանչյուր պարուսույց, փորձավար ու փորձավարի օգնական ունի իր գործառույթն ու հանձնարարականները, վերահսկում են, օգնում, ուղղորդում։ Այդպիսի պահ չկա, որ ինչ-որ մեկը պարապ լինի, բոլորը միշտ զբաղված են։ Անգամ մեր ավագ խմբերի երեխաները, որոնք ավելի փորձառու են, տարիներ շարունակ անցել են համերգային այս թոհուբոհով, և փորձավարական ուղին սկսելու շեմին են, նույնպես օգնում են։ Այնպես որ այդ իրարանցումը, երբեք քաոսի չի վերածվում, որովհետև յուրաքանչյուրը գիտի իր տեղն ու դերը»։

Տարին Հ.Գասպարյանի անվան պարի ակադեմիան Մոսկվայում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կայանալիք մեծ համերգով։ «600-ից ավելի սան ունենք Հայաստանի և Ռուսաստանի մեր բոլոր մասնաճյուղերում միասին։ Մենք ունենք մի մեծ երազանք մի օր բոլորին ներկայացնել մեկ բեմում։ Դա ոգեշնչող իսկապես իրադարձություն կլինի»,- ասում է ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը։

Պարի սիրահար չեղար` պարող չես դառնա

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի մանկավարժական կազմն ունի աստիճանակարգ վերին աստիճանը գլխավոր բալետմեյստերն է, որին հաջորդում են պարուսույց բեմադրողները, պարուսույցները, փորձավարները և վերջին աստիճանում՝ փորձավարի օգնականներ։ Ակադեմիայում ուսանող սաներից նրանք, ովքեր որոշել են դառնալ պրոֆեսիոնալ պարողներ ու պարի նվիրյալներ, անցնում են հենց այդ ուղիով, նեքևից վերև։ «Պարուսույցները էտալոն են իրենց սաների համար։ Սաները նրանց նայելով օրինակ են վերցնում, և նրանք, ովքեր իրենց կյանքի ուղին կապում են պարարվեստի հետ,  հենց այդպիսի կենդանի օրինակների վրա են կայանում։ Որպեսզի երեխան պարը ընտրի որպես իր հիմնական մասնագիտություն ու կյանքի ուղի, նա պիտի սիրահարվի պարին։ Իսկ պարը սիրելու համար երեխան նախ սիրահարվում է իր մանկավարժի կողմից ներկայացվող պարային էլեմենտներին, սիրահարվում իր մանկավարժին, հենց այդպես են նրանք ներքաշվում պարավեստի մեջ։ Իսկական նվիրյալներ կառուցելու ճանապարհն է դա։ Ակադեմիայի մանկավարժական անձնակազմը բոլոր պարուսույցները կատարող են, նրանք պարում են, նրանք ապրում են բեմական պարային ակտիվ կյանքով։ Նրանք ակադեմիայի հիմնական կազմն են, որի մեջ կարող են ընդգրկվել ավագ խմբերի լավագույն պարողները դրանով պլացդարմ ենք պատրաստում, որ վաղը, նրանք ընտրելով պարի ուղին դառնան հիմնական կազմի անդամներ»։

Պարասեր հասարակությունը մոտ ժամանակներս հնարավորություն կունենա հիանալ հիմնական կազմի պարային կատարումով «Ամեն տարի էքսկուրսիոն ծրագրի շրջանակում հիմնական կազմով և սաների հետ գնում ենք ՀԱյաստանի տեսարժան վայրեր, լինում են նաև ինչ-որ նկարահանումներ։ Բայց այս անգամ որոշել ենք  պրոֆեսիոնալ պարային տեսահոլովակ պատրաստել հիմնական կազմի՝ պարուսույցների մասնակցությամբ։ Հիշեցնեմ, որ մեր պարուսույցները բոլորը նաև կատարողներ են։ Ուղղակի ծափ տվող պարուսույց չկա, կա ցուցադրող ներկայացնող և օրինակ հանդիսացող պարուսույց»,-ասում է Իշխան Գասպարյանը։  

Եթե պարը պարուսույցի մեծագույն կիրքը չէ, եթե նա չի խանդավառվում իր աշխատանքով, չի զգում երաժշտությունը և հաճույք չի ստանում մեղեդուն համահունչ իր կամ իր սաների մարմնի շարժումներից, նա իր տեղում չէ։ Եթե նա մտածում է դասից հետո ուրիշ աշխատանքի շտապելու մասին, նա իր տեղում չէ «Մեր փորձը (քիչ չէ՝ 15 տարի) ցույց է տալիս, որ երբ պարողը սկսում է համատեղել պարը այլ զբաղմունքների ու ոլորտների հետ սոցիալական կենցաղային կարիքները հոգալու համար, սովորաբար ձախողվում է կարիերայում, այդպես էլ չի կայանում պարում։ Պարարվեստով զբաղվող մանկավարժը իրավունք չունի համատեղել արվեստը այլ զբաղմունքի հետ, եթե ունի սոցիալական խնդիրներ, պետք է համբերի, հաղթահարի, բայց մնա հավատարիմ իր սիրելի արվեստին։  

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի առանձնահատկությունները

Դասական պարի հիմքի վրա, նրա պարային էլեմենտների կիրառությամբ ուսուցանվող ու բեմադրվող ժողովրդական պարեր են պարում Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում։ «Մենք չենք աղավաղում ոչինչ, ոչ ազգագրությունը, ոչ հայկական պարի հին արմատներ։ Կան այնպիսի կոլեկտիվներ, որոնք հենց տվյալ ժանրով են ներկայանում ու մաքրամաքուր ազգային պար են ցուցադրում։ Մեր դեպքում մենք նորարար ենք մեր հանդիսատեսի համար, մենք համարձակվում ենք ներկայացնել գեղեցիկը։ Եթե դասական պարի որոշ էլեմենտներ համադրելով ժողովրդական պարի հետ ստանում ենք և՛ պարողի փառահեղ կեցվածք և՛ գեղեցիկ բեմադրություն, և՛ հանդիսատեսի հիացմունք, այդ դեպքում համարում եմ ճիշտ ճանապարհին ենք»։

Ստեղծագործական ջիղ ունեցող պարուսույց բեմադրողներ են աշխատում  Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայում։ Պարային կոլեկտիվների մեծ մասը, չունենալով ստեղծագործական այդ պոտենցիալը, վերաթողարկում են վարպետների հայտնի ու սիրված բեմադրությունները։ «Մեր դեպքում մենք կերտում ենք մեր պատմությունը սա էլ մեր կարգախոսն է մենք կերտում ենք մեր սեփական պարային պատմությունը, դա նշանակում է սեփական ստեղծագործ միտք, սեփական բեմադրություններ»,-ասում է Իշխան Գասպարյանը։ Դրա հետ մեկտեղ այդ պատմությունը կերտում են նաև մարդիկ, ակադեմիայում աշխատող, պարին նվիրված մարդիկ ադմինիստրացիայից, մանկավարժական կազմից մինչև ղեկավարություն։ Բոլորն այստեղ կազմում են մի թիմ, փոխադարձ սիրո, հարգանքի, աջակցության վրա կառուցված հարաբերություններով ապրող մի թիմ, որը դարձել է մի ընտանիք ու այդ ընտանեկան ջերմությամբ էլ առանձնանում է։ 

Բայց Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գլխավոր առանձնահատկությունը նրա մասշտաբներն ու աշխարհագրությունն է։ 18 մասնաճյուղ Հայաստանի և Ռուսաստանի տարբեր քաղաքներում և 600 –ից ավելի սաներ։ Ակադեմիայի ռուսաստանյան գործունեությունը արժանահիշատակ է նաև այնառումով, որ օտար երկրում ապրող հայ երեխաների շրջանում տարածում ու վառ է պահում հայկական մեղեդին ու պարը։ Ի դեպ այս տարի կբացվեն ևս երկու մասնաճյուղեր մեկը Երևանում՝ Հարավ-արևմտյան թաղամասում, մյուսը՝ Ռուսաստանում (այժմ ընթանում են տեղի ընտրության աշխատանքները)։ Ու չնայած մասշտաբներին ու աշխարհագրությունը նույն խիստ պահանջներով ու բարձր որակով պարը ուսուցվում է բոլոր մասնաճյուղերում։ Ակադեմիայի խորեոգրաֆիկ մանկավարժական անձնակազմը մշտապես լինում է  տարբեր մասնաճյուղերում։ Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր բալետմեյստերը հաճախ անակնկալ այցեր են կատարում տարբեր մասնաճյուղեր։ Գլխավոր բալետմեյստեր Գագիկ Հայրապետյանի խոսքով իրենց սաները, անկախ նրանից, թե որ մասնաճյուղում են պարապում, ապրում են պարով «Մենք չենք պարտադրում, ինքնաբերաբար ստացվում է, չեն ուզում ապրել առանց մեզ, առանց «Հովիկ ստուդիոյի», առանց պար»։ Ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանն այդ կապվածությունը բացատրում է բոլոր մասնաճյուղերում տիրող արվեստագիտական մթնոլորտով «Երեխան մտավ պիտի տեսնի արվեստի մթնոլորտ։ Դա միայն պարին չի վերաբերում, մեր պարողները պիտի գեղեցիկ խոսեն, գեղեցիկ քայլեն, լինեն կիրթ ու իրենցից արվեստ ճառագեն։ Մենք այդպես ենք անում, ոչ թե որովհետև այդպես ստրատեգիորեն ճիշտ է, այլ որովհետև մենք այդպես էլ ապրում ենք, ֆորմալ ոչինչ չկա»։  Իհարկե բավարարվել այն պատկերով, որն ունի ակադեմիան, չի կարելի։ Այստեղ մշտապես պիտի լինի ձգտումը դեպի կատարելություն, նույնիսկ հաշվի առնելով, որ այդ կատարելությունը անհասանելի է, անվերջանալի ճանապարհ։