Սովորում ու զարգանում են ուրախությամբ ու հաճույքով. Հրաշք մանկիկ
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրեն Սոնա Մարկոսյանը չորս զավակների մայր է։ 2007 թ․ բացեց այս մանկապարտեզը, որովհետև իր նման բազմաթիվ մայրերի նման, ովքեր խստապահանջ են ու իրենց երեխաների համար ձգտում են ապահովել հնարավորինս անվտանգ, գեղեցիկ ու զարգացնող միջավայր, զգում էր նման հաստատության պակասը։ «Հրաշք մանկիկ» հաճախող առաջին երեխաների մեջ էին նաև նրա երկու որդիները։ Ամեն ինչ ի սկզբանե ստեղծվեց այնպես, ինչպես սեփական երեխաների համար ու այդ սկզբունքը պահպանվում է առ այսօր։
Այստեղ ձեր երեխաները ապահով ձեռքերում են.
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզը ստեղծվել է 12 տարի առաջ։ Սոնա Մարկոսյանն այն ժամանակ արդեն 4 բալիկների մայր էր, փոքր տղան մեկ տարեկան էր։ Եվ Սոնա Մարկոսյանը որոշեց ստեղծել այնպիսի մի մանկապարտեզ, ուր երեխաները կհաճախեն սիրով և ուրախությամբ, ու պայմաններն էլ կլինեն այնպիսին, ինչպիսին ինքն էր ցանկանում իր երեխաների համար։ Իհարկե «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանում են ՀՀ սանիտարական նորմերին ու կանոններին, իսկ ուսումնական ծրագիրը կրթության նախարարության պահանջներին: Սակայն սահմանված նորմերը այստեղ ոչ թե պարզապես պահպանում են այդ նորմերը, այլև գերազանցում, որպեսզի ցանկացած ծնող առանց մի պահ անգամ մտածելու իր երեխային բերի «Հրաշք մանկիկ»: Մանկապարտեզի ծրագիրը չափազանց հագեցած ու հաշվի են առնված յուրաքանչյուր տարիքային խմբի առանձնահատկությունները: Մանկապարտեզում կիրառվում են հատուկ պատվերով պատրաստված քարտեզների ու քարտերի, դիդակտիկ նյութերի ու խաղալիքների այնպիսի կազմ, որն օգնում է հրաշք մանկիկներին սովորել ամեն վայրկյան, սովորել հաճույքով, որովհետև դասը մատուցվում է այնքան գեղեցիկ ու դյուրըմբռնելի։
Այստեղ չեն անտեսվում նաև բակային խաղերը։ Մանկապարտեզն ունի ընդարձակ բակ, որտեղ կան տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված տարբեր չափերի ճոճանակներ, սահարաններ, լաբիրինթոսներ, բատուտներ, տնակ մեքենաներ ու հեծանիվներ։ Դաստիարակաները կազմակերպում են նաև տարբեր խմբային խաղեր։ Ամռանը այստեղ տեղադրվում է ֆիլտրվող մեծ լողավազան ավագ ու միջին խմբերի համար, իսկ փոքրերի համար՝ ավելի փոքր լողավազան։ Հրավիրվում է պրոֆեսիոնալ մարզիչ, որը երեխաներին սովորեցնում է լողալ։ Բակում խաղը մտերմացնում է երեխաներին, դարձնում ընկերներ, նրանք այստեղ կարող են զրուցել, միասին խաղալ, ավելի լավ ճանաչել իրար։ Իսկ դա զարգացնում է երեխաների սոցիալական հաղորդակցության ունակությունները, ինչն իհարկե կարևոր է երեխայի լիարժեք զարգացման համար։
Երեխաների հետ աշխատանքը բծախնդրություն է պահանջում
Հետևողական աշխատանք ու խստապահանջություն․ հաջողության այս երկու կարևոր բաղադրիչներն է նշում Սոնա Մարկոսյանն իր գործում․ «Առանց այս երկու բաղադրիչների անհնար է արդյունք ունենալ։ Ես ամբողջ օրը մանկապարտեզում եմ, ուշադիր եմ յուրաքանչյուրի աշխատողի հանդեպ, յուրաքանչյուր սանի հանդեպ, հատկապես բծախնդիր եմ տարածքի մաքրության գործում։ Անգամ եթե մանկապարտեզում չեմ, աշխատանքներին հետևում եմ օն-լայն տեսախցիկներով»։
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզում ընդհանուր մաքրությունը թե՛ սենյակներում, թե՛ խոհանոցում, թե՛ միջանցքներում ու սանհանգույցում իրականացվում է հատուկ ախտահանիչ նյութերով։ Այստեղ հիգիենան ու մաքրությունը հսկվում են ամենայն խստությամբ։ «Հրաշք մանկիկ» մանկապարտեզում յուրաքանչյուր շաբաթ խաղալիքները, բռնակները, սեղաններն ու աթոռները ախտահանվում են հատուկ ախտահանիչ նյութով։ Յուրաքանչյուր անգամ, երբ երեխաները օգտվում են սանհանգույցից, հետո զուգարանակոնքը մաքրվում է հատուկ ախտահանիչ խոնավ անձեռոցիկով։ Սա արվում է կրկնակի ստերիլության ու անվտանգության համար։ Ավելին, երեխաների առողջության ապահովման համար այն ամիսներին, երբ մեծ է համաճարակների հավանակությունը, խմբասենյակներում օգտագործվում է հատուկ բակտերիցիդ ապարատ, որի արձակած՝ երեխաների համար անվնաս ճառագայթները 99,9 %-ով սպանում են օդում առկա վիրուսներն ու բակտերիաները։ Հիգիենայի այն ստանդարտները, որոնցով առաջնորդվում է այս մանկապարտեզը, անհնար է գտնել մեկ այլ տեղ։
Այստեղ սնվում են համեղ ու ճիշտ
«Հրաշք մանկիկում» երեխաները սնվում են 4 անգամ․ առավոտյան 09:30 նախաճաշ, 12:00 ճաշի, 16:00 հետճաշիկ և քանի որ այստեղ երեխաները մնում են մինչև ժամը 18:00, մի անգամ էլ սնվում են ժամը 17 :00-ին:
Մանկապարտեզի տնօրինությունը հատուկ հետևում է, որ ոչ մի պարագայում երեխաներից որևէ մեկը քաղցած չմնա.«Մեր մանկապարտեզում չուտող երեխա չկա,-ասում է մանկապարտեզի տնօրեն Սոնա Մարկոսյանը։- Եթե այդ օրը նախաճաշին խաշած ձու է, որն, օրինակ երեխաներից որևէ մեկը չի ուտում, մենք ունենք ֆուրշետի սեղան, որի վրա դրված են լինում տարբեր այլ ուտեստներ՝ կարագ, պանիր, կաթ, շոկոլադե կամ սպիտակ փաթիլներ (хлопья)։ Երեխան քաղցած չպիտի մնա միայն այն պատճառով, որ այդ օրվա ճաշացանկով իր չսիրած այս կամ այն ուտեստն է պատրաստվել։ «Հրաշք մանկիկում» երեխան պետք է կուշտ լինի՝ դա մեր սկբունքն է։ Նա ամեն օր պետք է ստանա իր տարիքին համապատասխան օրվա ռացիոնը՝ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, վիտամիններ) անհրաժեշտ քանակությամբ։ Ճաշին անպայման ուտում են հավի կամ տավարի մսով ապուր։ Ամեն օր երեխաները ուտում են սեզոնային միրգ ու բանջարեղեն, նրանց սեղանին անպակաս է թարմ կոմպոտն ու հյութը։ Խմորեղենները նույնպես պատրաստվում են տեղում»։
Սովորում են սովորել
Խոսքի զարգացում, Շրջակա միջավայր, Տրամաբանություն, Անգլերեն, Ռուսերեն, Շախմատ, Երաժշտություն, Նկարչություն, Ծեփ, Պար, Մարմնամարզություն, Մաթեմատիկա․ սա «Հրաշք մանկիկի» առարկայացանկն է։
Կրտսեր խմբից սկսած այստեղ առաջնահերթ ուշադրություն է դարձվում խոսքի և մանր մոտորիկայի զարգացմանը։ Բոլոր խմբասենյակները հագեցած են անհրաժեշտ բոլոր դիդակտիկ նյութերով, պաստառներով, ու իհարկե բազմազան զարգացնող խաղալիքներով։ Դրանց միջոցով փոքրիկների համար սովորելը դառնում է հաճելի ու հետաքրքիր։ Նրանք խաղում են և ինքնաբերաբար սովորում։
Խոսքի զարգացման մաս կազմող հեքիաթի ժամին այստեղ հեքիաթը պարզապես չեն կարդում կամ պատմում, այլ բեմականացնում են։ Կա՛մ իրենք՝ երեխաներն են հանդես գալիս գլխավոր դերերում, կա՛մ դաստիարակներն են ներկայացնում ձեռքի տիկնիկներով։ Ավելին՝ այս մանկապարտեզում սովորական է այցելությունների կազմակերպումը մանկական թատրոններ, հաճախ հրավիրում են նաև տիկնիկային թատերախմբեր, որոնք ամեն անգամ երեխաներին ներկայացնում են որևէ նոր, ծանոթ կամ անծանոթ հեքիաթի բեմադրություն՝ ավելի հաճելի դարձնելով սովորելու պրոցեսը:
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզում Շրջակա միջավայր առարկայի դասերին ավագ խմբերում երեխաները սովորում են նաև աշխարհագրություն, ուսումնասիրում քարտեզներ, որոնք առկա են յուրաքանչյուր խմբասենյակում, ճանաչում են մայրցամաքները, օվկիանոսները, տալիս դրանց ընդհանուր նկարագրերը։ Անգիր գիտեն նաև Հայաստանի քարտեզը, բոլոր մարզերի անունները, տեղադրությունը։ Միայն այս մանկապարտեզն ունի Հայաստանի մագնիսային փազլ- քարտեզ , որը պատրաստվել է մանկապարտեզի պատվերով հատուկ այս հրաշք մանկիկների համար։ Երեխաները հեշտությամբ գրատախտակին փազլի կտորներով հավաքում են քարտեզը ստանալով Հայաստանի պատկերը։
Բացի այդ անցած նյութը, ամրապնդելու համար կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, ասում է մանկապարտեզի տնօրենը․ «Ավագ խմբեցիները ըստ ծրագրի անցնում են «Երևանի տեսարժան վայրեր» թեման։ Բայց որպեսզի երեխաները լսածն ամրապնդեն ու իրենց քաղաքը իսկապես ճանաչեն, ու վերջապես բաց դասի ժամանակ փայլուն ներկայացնեն Երևանի տեսարժան վայրերը, կազմակերպվում է մեծ էքսկուրսիան։ Այն սկսվում է Եղեռնի հուշահամալիրից, այնտեղից Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ են գնում, այցելում «Մայր Հայաստան» ռազմական թանգարան, հետո իջնում Կասկադ, նկարվում Թամանյանի արձանի մոտ, լինում Մատենադարանում։ Էքսկուրսիան ավարտվում է Հանրապետության հրապարակում։ Էքսկուրսիաներ կազմակերպում ենք նաև տարվա ընթացքում Խնկո Ապոր անվան գրադարան, Երևանի կենդանաբանական այգում, Բուսաբանական այգում, Էրեբունու արգելոց-թանգարանում։ Բայց դա ամենամեծն է, հիշարժանն ու սպասվածը։ Ի դեպ բոլոր էքսկուրսիաների ընթացքում կամ հետո երեխաները պարտադիր պոնչիկ են ուտում։ Սա նրանց սիրած պահերից է»։
Այս մանկապարտեզում լավ հիմքերի վրա է դրված նաև օտար լեզուների ուսուցումը։ Անգլերենը այստեղ ուսուցանվում է Օքսֆորդի Մաքմիլանի (Macmillan) գրքերով։ Իսկ ռուսերենի դասերը անցկացվում են ռուսական նախադպրոցական տարիքի լավագույն դասագրքերով և ուղեցույցերով։ Այդ դասերի շնորհիվ երեխաները ոչ միայն ռուսերենի մինիմալ անհրաժեշտ բառաֆոնդն են յուրացնում, այլև մանկապարտեզն ավարտելիս վարժ խոսում են ռուսերեն։
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզում մեծ ուշադրություն է դարձվում նաև ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը։ Մարմնամարզության դասերն անցնում են հարմարավետ ու անհրաժեշտ մարզագույքով հագեցած մարզադահլիճում։ Երեխաների հետ շաբաթը երկու անգամ պարապում է պրոֆեսիոնալ մարմնամարզիկ։ Եվ բոլոր այն մարմնամարզական հնարքները՝ սալտոներ, շպագատ և այլն, որոնք սովորում են, երեխաները ցուցադրում են տարեվերջյան ավարտական հանդեսի ժամանակ՝ առանձին համարով՝ համադրված պարային էլեմենտներով։
Կարելի է ասել՝ չկա Երևանում մի մանկապարտեզ, «Հրաշք մանկիկից» բացի, որտեղ երեխաներին սովորեցնեն նվագել տարբեր երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, թմբուկ, եռանկյուն, ծնծղա, մետաղաֆոն, դափ։ Հարվածային նշված գործիքները պրոֆեսիոնալ են՝ նախատեսված երեխաների համար։ Ավարտական հանդեսին նվագել սովորած բոլոր երեխաները հանդես են գալիս մեկ առանձին համարով, ինչպես նաև որևէ ստեղծագործություն են կատարում նվագախմբով՝ հիացնելով ներկաներին:
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզում յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջում միջին և ավագ խմբերը բաց դասեր են ունենում բոլոր առարկաներից։ Այդ դասերին ներկա են լինում ծնողները և նրանց համար իսկական բացահայտում է լինում այն, թե ինչքան շատ բան գիտեն իրենց երեխաները։ Ավագ խմբի երեխաները նաև ավարտական շքեղ հանդես են տալիս, որի ժամանակ ներկայացնում են նաև իրենց երաժշտական, մարմնամարզական պարային, խոսքի զարգացման՝ այստեղ ձեռք բերած բոլոր հմտությունները։ «Հրաշք մանկիկ» մանկապարտեզի տնօրեն Սոնա Մարկոսյանը առանձնահատուկ ուշադրությամբ է վերաբերում ավագ խմբերի ավարտական հանդեսների կազմակերպմանը։ Այդ հանդեսները երեխայի կյանքում կարևոր անցումային փուլի կենտրոն են, որտեղից նրանք հրաժեշտ են տալիս մանկապարտեզին ու գնում դեպի տարրական դպրոց։ Այդ հրաժեշտը պետք է հիշարժան լինի յուրաքանչյուր երեխայի համար, հավասար դերաբաշխում կատարվի, չանտեսվի ոչ ոք, ամեն մեկն առանձին իրեն զգա այդ հանդեսի կենտրոնում։ Այդ պատճառով էլ դաստիարակները պարտադիր հանդեսների ծրագրերը քննարկում են տնօրենի հետ։ Քննարկումները տնօրենի հետ այստեղ միայն հանդեսի ծրագրին չեն վերաբերում, դրանք մանկապարտեզում պարբերական բնույթ ունեն։ Յուրաքանչյուր շաբաթվա վերջում դաստիարակները տնօրեն Սոնա Մարկոսյանին ներկայացնում են հաջորդ շաբաթվա իրենց ուսումնական պլանը, միասին ի մի բերում յուրաքանչյուր դասի համար ըստ թեմայի անհրաժեշտ պատճենները երեխաների քանակով, որոնց վրա երեխաները պետք է աշխատեն, ներկեն, նկարեն, լուծեն հանելուկները, խնդիր-նկարելուկները և վարժությունները։
Հենց այս մանրակրիտ, բծախնդիր ու խստապահանջ աշխատանքի շնորհիվ է, որ «Հրաշք մանկիկը» դպրոց է ուղարկում բավական կիրթ, բազմակողմանի զարգացած խելացի սաներ։ Այստեղ երեխաները սովորում են պետական չափորոշիչների համապատասխանող ծրագրով, սովորում օտար լեզուներ, ստանում գեղագիտական դաստիարակություն։ Եվ այս երեխաները սովորաբար իրենց գիտելիքների մեծ պաշարով ու հմտություններով առանձնանում են, լինում դասարանի առաջատարներից։
Այս հաջողության հիմքում նաև թիմային աշխատանքն է, որն մեծապես կարևորում է Ս. Մարկոսյանը. «Այստեղ շատ լավ թիմ է հավաքվել, դրական մարդիկ, որոնք աշխատում են փոխվստահության և փոխօգնության սկզբունքով։ Դա նկատում ու բարձր են գնահատում նաև ծնողները, ովքեր այս թիմին վստահում են իրենց ամենաթանկ էակներին»։
«Հրաշք մանկիկ» մանկապարտեզում ստեղծվել է մի կողմից ապահով ու անվտանգ միջավայր, որը նպաստում է երեխայի ֆիզիկական առողջ ու լիարժեք զարգացմանը, մյուս կողմից՝ կրթական բազմակողմանի ու հարուստ միջավայր, որը նպաստում է երեխայի մտավոր ու հոգևոր զարգացմանը։ Այսինքն՝ ըստ էության ստեղծվել է մի վայր, որի մասին երազում է յուրաքանչյուր ծնող իր երեխայի համար։ Պատահական չէ, որ մայրերն այստեղ են բերում իրենց երկրորդ, երրորդ երեխաներին, խորհուրդ տալիս իրենց բարեկամներին։ Նրանք գիտեն․ երեխաներն այստեղ ապահով ձեռքերում են։