Օլիմպիական չեմպիոնը կրթված մարզիկն է
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը 48 տարի շարունակ հայկական սպորտը համալրել է օլիմպիական ոգով դաստիարակված բարձրակարգ մարզիկներով: Նրանք զարգացրել են հայկական սպորտը, Հայաստան են բերել առաջնակարգ մրցանակներ, մեր երկրի անունը բարձր պահել համաշխարհային մարզաշխարհում: Ուրախալի է, որ այսօր էլ շատ պատանիներ են ցանկանում սովորել այս քոլեջում, դառնալ պրոֆեսիոնալ մարզիկներ՝ իրենց կյանքը կապելով սպորտի հետ:
Օլիմպիական ապագա չեմպիոնների դարբնոցը
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջը հանրապետության հավաքական թիմերը որակյալ մարզիկներով համալրող ուսումնադաստիարակչական, մարզական հաստատություն է: Այստեղ սովորողները ոչ միայն զբաղվում են պրոֆեսիոնալ սպորտով, այլ նաև անցնում հանրակրթական դպրոցական ծրագիրը: Քոլեջում գործում են հունահռոմեական և ազատ ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, ատլետիկայի, ակրոբատիկայի, մարմնամարզության, ջրային մարզաձևերի, սեղանի թենիսի, հեծանվային սպորտի բաժանմունքներ, նաև թաեքվոնդոյի, սուսերամարտի, բասկետբոլի, ֆուտբոլի, հրաձգության անհատ մարզիկների խմբեր: Ընդունելությունը կատարվում է 7-10-րդ և բարձր դասարաններում: Աշակերտները հանձնում են մասնագիտական քննություն: Ստուգվում է նրանց ֆիզիկական պատրաստվածությունը 4 ուղղությամբ` կարճ տարածության 60 մետր վազք, երկար տարածության վազք՝ տղաների համար 1000 մ, աղջիկների համար 500 մ, թռիչք տեղից և պտտաձողի վրա ձգումներ դեպի վերև, աղջիկների համար՝ գետնի վրա հենում: Հաշվի են առնվում նաև հանրակրթական դպրոցում աշակերտի ունեցած միջին գնահատականները: Այս տարի նույնպես քոլեջի դիմողները բավական մեծ թիվ են կազմել՝ նշում է քոլեջի տնօրեն Վաղինակ Գալստյանը. «Այս տարի ունեցանք մեր ավագ դպրոցի ավարտական 5 դասարան, նաև՝ 42 շրջանավարտ միջնակարգ մասնագիտացված կուրսերից: Մեր շրջանավարտներից 23-ը ընդունվեցին Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի առկա և հեռակա բաժանմունքները: Ինչ վերաբերում է ընդունելությանը, այս տարի, չնայած դիմողները շատ էին, բայց ավելի սահմանափակ թվով ընդունելություն կատարեցինք՝ որակի հսկողությունն ավելի ուժեղացնելու նպատակով: Ներկայումս քոլեջի աշակերտների և ուսանողների թիվը 540-ն է: Անցյալ տարի սեպտեմբերին ունեինք 650 աշակերտ»: Լավագույն աշակերտները 9-րդ դասարանից հետո կրթությունը շարունակում են քոլեջում, ավարտելուց հետո նրանք ստանում են սպորտային մարզիչ-մանկավարժի որակավորում: Քոլեջի սաների 20 % -ը պետպատվերի շրջանակներում ընդունվում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի առկա կամ հեռակա բաժիններ՝ հարցազրույցով: Այսպես խիստ ռեժիմի, կարգապահության ու բարձր գաղափարախոսության մթնոլորտում պատրաստվում է Հայաստանը օլիմպիական աշխարհում ներկայացնող պատանիների հերթափոխը, որոնց մասնագիտական աճն ու զարգացումը շարունակվում են ազգային հավաքականների կազմերում:
Եթե դու պատրաստ չես ռեժիմով պարապմունքներին, ուրեմն պատրաստ ես պարտության
Վաղինակ Գալստյանը ներկայացնում է քոլեջի առօրյան, ու անմիջապես պարզ է դառնում՝ այստեղ ընդունվող աշակերտներր պետք է պատրաստ լինեն բարձր ֆիզիկական ծանրաբեռնվածության, անընդհատ մարզումների ու միևնույն ժամանակ չթերանան հանրակրթական ուսման մեջ: Անգամ դպրոցական արձակուրդների ժամանակ, երբ բոլորը հանգստանում են, այստեղ աշակերտները մարզվում են, մասնակցում տարբեր մարզական միջոցառումների ու մրցումների, որովհետև յուրաքանչյուր, անգամ կարճատև դադարը մարզիկի համար հետընթաց է: Ուսումնական օրն այստեղ սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին՝ մարզումներով: 10:30-ից՝ դասերն են: Դասերն ավարտում են 15:40, ու աշակերտները պատրաստվում են երկրորդ մարզմանը, որն սկսվում է 16:15: Այսպես ամեն օր քոլեջի սաները դպրոցում են լինում մինչև 18:00-ն: Դասերի ու պարապմունքների միջակայքում աշակերտները նաև երկու անգամ սնվում են: Ի դեպ ՀՀ մարզերից, Արցախից ու Ջավախքից եկած մոտ 150 սաները բնակվում են քոլեջի հանրակացարանային մասնաշենքում: Հանրակացարանի 5 հարկանի շենքը՝ շրջակա տարածքով, վերանորոգվում է՝ տեղեկացնում է Վաղինակ Գալստյանը. «Մյուս տարի արդեն լրիվ կավարտենք վերանորոգման աշխատանքները: Հանրակացարանի չօգտագործվող աջ մասնաշենքը նպատակ ունենք վերակառուցելու որպես հյուրանոց, որը նորից կծառայի հավաքական թիմերի հավաքների և միջոցառումների մասնակից հյուրերի ընդունելության համար, ինչպես որ եղել է նախկինում: Շատ գեղեցիկ նախագիծ է մշակվել. հանրակացարանի դիմաց կլինի հանգստյան գոտի: Քոլեջի ամբողջ տարածքը կբարեկարգվի ու կկանաչապատվի, եղևնիների նոր տեսակներ կտնկվեն: Շրջապատն էլ պետք է ուսմանը տրամադրող ու հաճելի լինի, կարգապահությունը, կոկիկությունը, գեղեցկությունը, որոնք հատուկ են սպորտին, պետք է զգացվեն դարպասից անմիջապես ներս մտնելուն պես»:
Քոլեջը ուսումնական և հանրակացարանային մասնաշենքերից բացի ունի նաև մասնագիտացված և ընդհանուր ֆիզիկական պատրաստության մարզասրահներ, բուժվերականգնողական կենտրոն, ճաշարան, հանդիսությունների դահլիճ և վարչատնտեսական այլ կառույցներ: Տնօրենի խոսքով վերանորոգման կարիք ունեն նաև մարզադահլիճները, որոնք նորոգվել են դեռ 2005 թվականին «Հայաստան» հիմնադրամի կողմից: «Նախատեսվում է կառուցել թեթև կոնստրուկցիաներով մարզադաշտ՝ տրիբունաներով, որտեղ կկարողանանք անցկացնել մրցումներ, մրցաշարեր, նաև համերգներ, ցուցադրական ելույթներ, մեծ էկրանի վրա մրցաշարերի անմիջական հեռարձակումներ և այլն: Եվ մարզադահլիճներն էլ արդեն վերանորոգումից հետո կօգտագործենք միայն մարզումների համար, որովհետև մարզադահլիճներում մեծ մրցումների կազմակերպումը նաև հանգեցնում է տարածքի շուտ շարքից դուրս գալուն և վերանորոգման խնդրի առաջ վաղ կանգնելուն»:
Մարզիչներն այստեղ իրենց սաների լավագույն օրինակն են
Քոլեջի մարզիչ-մանկավարժներից 28-ը ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչներ են: Նրանք տվել են ինչպես բազմաթիվ օլիմպիական խաղերի հաղթողներ, այնպես էլ Եվրոպայի աշխարհի առաջնությունների մրցանակակիրներ. «Մարզչական կազմը շատ բարձր մակարդակի է,-ներկայացնում է քոլեջի տնօրեն Վաղինակ Գալստյանը,- մեր մարզիչներից, օրինակ, Ֆեդյա Ալեքսանյանը, Կարեն Աղամալյանը, Արտյոմ Սիմոնյանը բռնցքամարտի պատանիների և երիտասարդների հավաքականների գլխավոր մարզիչներն են, ազատ ըմբշամարտի պատանիների հավաքականի ավագ մարզիչը՝ Արշակ Հայրապետյանը, նույնպես մեր մարզչական կազմից է, մեր թիմից են նաև ծանրամարտի մինչև 15 տարեկանների հավաքականի ավագ մարզիչ Երվանդ Կիրակոսյանը, հունահռոմեական ըմբշամարտի երկրորդ մարզիչ Ալեքսան Հովհաննիսյանը. այս ցանկը կարող եմ երկար թվել: Այնպես որ, ակնհայտ է՝ մեր մարզչական կազմում հանրապետության լավագույն արհեստավարժ մարզիչներն են»:
Մարզական կրթությանն ու դաստիարակությանը զուգահեռ այստեղ մեծ նշանակություն է տրվում ազգային գաղափարախոսությանը, հայրենիքի հանդեպ սիրո ու պատասխանատվության սերմանմանը: Այդ նպատակով հաճախակի են կազմակերպվում ազգային բանակի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումներ, նախազինակոչային մարզական միջոցառումներ: Նաև Օլիմպիական հերթափոխի քոլեջի աշակերտների առօրյայի անբաժան մասն են կազմում մշտական այցելությունները Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, գիտական օջախներ ու արվեստի կենտրոններ (թատրոններ, ատոմակայան, Բյուրականի աստղադիտարան, Հայաստանի պետական պատկերասրահ, Երևանի պատմության, Էրեբունու, Բնության թանգարաններ, Մատենադարան, տարբեր գրողների տուն-թանգարաններ, նաև վանական համալիրներ):
Տարբեր տարիներին քոլեջը ղեկավարել են ՀՀ վաստակավոր մարզիչ, «Ժողովրդական բարեկամության» և «Պատվո նշան» շքանշանակիր Էդուարդ Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, միջազգային օլիմպիական կոմիտեի շքանշանակիր, Մովսես Խորենացու մեդալակիր և Պատվո նշանի շքանշանակիր Դերենիկ Գաբրիելյանը, Արմեն Գաբրիելյանը, այսօր՝ հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալստյանը: Գործին նվիրյալ ղեկավարության և մարզչական հզոր թիմի շնորհիվ քոլեջում մշտապես ապահովվել են սաների լիարժեք, առողջ ու ակտիվ կենսակերպի, բարոյակամային բարձր որակների ձեռքբերման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Դրա արդյունքն էլ եղել են քոլեջի սաների առաջին կարգի մրցանակները միջազգային տարբեր մրցաշարերում:
Օլիմպիական առողջ սկզբունքներ կրող սերունդը
Ամեն տարի Օլիմպիական հերթափոխի քոլեջի սաները փայլուն ելույթներ են ունենում տարբեր միջազգային մրցաշարերում, հայկական սպորտի պատմությունը հարստացնում նոր հաղթական անուններով: Միայն անցյալ տարի նրանք եվրոպական առաջնություններից Հայաստան բերեցին 6 ոսկե մեդալ, նաև 7 արծաթ ու 19 բրոնզ: Իսկ հիմնադրման տարվանից՝ 1971 թ. մինչև 2018 թ. քոլեջի սաները միջազգային ու հանրապետական տարբեր մրցաշարերում նվաճել են 1279 ոսկե, 1177 արծաթե, 1406 բրոնզե մեդալ:
Սրանք, իհարկե, հրաշալի ցուցանիշներ են, որոնք շարունակական են լինելու՝ հաշվի առնելով քոլեջի հավատարմությունը օլիմպիական սկզբունքներին: Այս տարի քոլեջն արդեն ունի 19 մեդալակիր. առաջին ոսկե մեդալը մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունից բերեց ծանրամարտիկ Մոնթե Մխիթարյանը, որն ուսանում է քոլեջի 12-րդ դասարանում: Բայց առջևում են դեռ աշխարհի ազատ և հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունները, հետևաբար մրցանակների թիվը, վստահ է քոլեջի ղեկավար Վաղինակ Գալստյանը, դեռ ավելանալու է: Բայց որպեսզի պատանի ու երիտասարդ մարզիկների հաջողությունները շարունակական լինեն, ու կարիերան էլ ավելի սահուն ու հաջողակ զարգանա, անհրաժեշտ է, որ վերականգնվի պետպատվեր հասկացությունը, և զինակոչային տարիքի մարզիկները չգնան ծառայության, այլ շարունակեն իրենց ծառայությունը հայրենիքին սպորտում՝ միջազգային ասպարեզներում փայլելով: Քոլեջի ղեկավար Վաղինակ Գալստյանը պատրաստվում է այդ հարցը բարձրացնել Ազգային ժողովի սպորտի հարցերը քննող հանձնաժողովում. «Երբ վերականգնվի քոլեջում պետպատվեր հասկացությունը, մենք շատ ավելի լավ արդյունքներ կունենանք: Մարզիկներն էլ ավելի ապահովագրված կլինեն ու կունենան մարզական շարունակական կենսագրություն: Պատանիների առաջնություններում ունեցած ձեռքբերումները նրանք կկարողանան շարունակել երիտասարդականում ու ավելի լավ արդյունքներ կունենան, իսկ զինվորական ծառայությունը դրանից հետո կանցկացնեն արդեն մարզական զորամասում»:
Ինչպես տեսնում ենք, Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջը միավորում է սպորտն ու կրթությունը՝ ապահովելով պատանիների ու աղջիկների ներդաշնակ զարգացումը: Այստեղ սպորտը դաստիարակիչ հզոր գործիք է, և ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ դոմինանտ են փոխըմբռնումը, առողջ մրցակցությունը և համերաշխ խաղը, որտեղ չկան հաղթողներ ու պարտվողներ: Հենց նման դաստիարակությունն է տալիս ռեալ բարձր արդյունքներ: Երևանի օլիմպիական հերթափոխի քոլեջի այս հաջողությունները ճիշտ կազմակերպված աշխատանքի, արդյունավետ ուսումնական մեթոդիկայի և բարձրակարգ մարզչական-դասախոսական կազմի ընտրության արդյունք են: Նրանք Հայաստանի չեմպիոնների, մարզիչների ու մեծերի օրինակով իրենց սաներին են փոխանցել ազնիվ պայքարի ու խաղի սկզբունքները և օլիմպիական արժեքները՝ յուրաքանչյուր սանի մեջ տեսնելով օլիմպիական ապագա չեմպիոնին: