Նորից պրոֆեսիոնալ բեմ. երաժշտական քոլեջը վերականգնում է իր դերը
Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն այսօր ապրում է փոփոխությունների ու նոր զարգացումների կարևոր փուլ։ Խնդիրները, որոնք կուտակվել են երկար տարիների ամենաթողության և անգործության արդյունքում, շատ են։ Բայց քոլեջի նոր տնօրեն Վարազդատ Խաչումյանը շատ վճռական է տրամադրված՝ դրանք լուծելու համար։
Ռոմանոսցիների հաշվետու համերգը պրոֆեսիոնալ բեմում երկար տարիների ընդմիջումից հետո
Հայկական երաժշտության պատմության մեջ առանցքային տեղ գրավող այս կրթահամալիրը վերջին 1 տասնամյակում ապրում էր իր պատմության ոչ լավագույն տարիները։ Այն վերածվել էր պետության՝ պետության մեջ. իշխում էր բարձիթողի մի վիճակ, որը քոլեջը քայքայում էր ներսից։ Ժամանակն այստեղ կանգ էր առել, ու այդ հարկադրված կանգառը շատ բացասական էր անդրադարձել թե՛ ուսումնական պրոցեսի, թե՛ նյութատեխնիկական բազայի վրա։ Անգամ մեծ բեմի վրա անցկացվող հաշվետու համերգները այդ ընթացքում ընդհատվել էին:
Այս տարի՝ երկար ընդմիջումից հետո, քոլեջի նորանշանակ տնօրեն Վարազդատ Խաչումյանը Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի հաշվետու համերգը կազմակերպեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ «Երկար տարիներ քոլեջի ուսանողները պրոֆեսիոնալ բեմում հաշվետու համերգով ներկայանալու հնարավորություն չէին ունեցել։ Ուսանողներն ինձ դիմեցին խնդրանքով, որ վերականգնվի հաշվետու համերգ մեծ բեմում կազմակերպելու ավանդույթը: Ես, իհարկե, ընդառաջեցի նրանց խնդրանքին։ Մեր սաներին բեմում ողջունեցին նաև շատ անվանի երաժիշտներ, որն իհարկե ոգևորիչ էր նրանց համար։ Այս հաշվետու համերգները կդառնան այսուհետ պարտադիր, կկազմակերպվեն նաև այլ համերգներ տարվա ընթացքում։ Դրանք շատ կարևոր են ուսանողների կյանքում։ Նրանք հնարավորություն են ունենում մեկ բեմում ներկայանալ արդեն անվանի ու սիրված երաժիշտների հետ: Պրոֆեսիոնալ բեմում ներկայանալը նրանց համար մեծ փորձ է իրենց ընտրած ճանապարհում հաջողության հասնելու համար»,- ասում է քոլեջի տնօրենը։
Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Գևորգ Մանասյանի ղեկավարած քոլեջի ժողովրդական նվագախումբը պատրաստվում է առաջիկայում բարեգործական մեծ շրջագայության Հայաստանի մարզերով։ Ըստ քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի՝ սա ևս երաժշտությունն ու Ռ. Մելիքյանի անվան քոլեջի անունը հայտնի դարձնելու և մարզերից էլ տաղանդավոր երեխաներ ներգրավելու միջոց է։ Եվ ընդհանրապես, այսուհետ համերգներն ու շրջագայությունները պետք է կազմեն քոլեջի ուսումնական ծրագրի պարտադիր բաղադրիչը։ Առանց համերգների ու բեմական կյանքի, որտեղ հաստատվում, հղկվում ու կատարելագործվում են երգիչներն ու երաժիշտները, անհնար է պատկերացնել ապագա արտիստների մասնագիտական աճը։
Պրոֆեսիոնալ բեմում հաշվետու համերգները կազմակերպելու ավանդույթը տնօրենի առաջին քայլն էր դեպի բարեփոխումներ։ Հաջորդեցին ընդունելության քննությունները,վերականգնվեց մշակութային գործիչների, հայտնի երաժիշտերի շիրիմներ այցելելու ավանդույթը: Սեպտեմբերի 19֊ին
քոլեջի ուսանողները և դասախոսական կազմը այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն՝մեծն կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի գերեզման, որտեղ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին: Պանթեոն այցելությանը հաջորդեց համերգ-ցերեկույթը՝ նվիրված Ռոմանոս Մելիքյանի անդրանիկ համերգին:
Երաժշտության ապագա նվիրյալների դարբնոցը
Այս տարի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում ընդունելության քննություններն անցան աննախադեպ կարգով։ Տարբեր մասնագիտություններով ընդունող հանձնաժողովների կազմում, քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանի հրավերով, ընդգրկվել էին իրենց ոլորտներում մեծ վաստակ ունեցող արտիստներ, որոնք չեն դասավանդում այստեղ։ Երգեցողության հանձնաժողովի կազմ էին հրավիրվել ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը և Օպերայի ու բալետի թատրոնի առաջատար մեներգիչ, վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գագիկ Սմբատյանը՝ որպես լարային ամբիոնի հանձնաժողովի նախագահ: Փողային և հարվածային գործիքների քննության հանձնաժողովի նախագահը ՀՀԶՈՒ գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանն էր, իսկ ժողովրդական գործիքների հանձնաժողովի նախագահը Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի դիրիժոր Աշոտ Պետրոսյանն էր։ Քոլեջում չաշխատող և իրենց ոլորտում բարի համբավ վայելող այս մասնագետներին հրավիրելով՝ քոլեջի տնօրենությունը նպատակ ուներ կազմակերպել բացարձակապես անաչառ ու արդար քննություններ։ Նրանք էլ իրենց հերթին սիրով են համաձայնվել՝ գիտակցելով այն նշանակալի դերը, որն ունի այս քոլեջը պրոֆեսիոնալ երաժիշտներ պատրաստելու և տաղանդներ վերհանելու գործում։
«Այս հաստատությունը ունեցել է փառահեղ անցյալ, և կուզեի, որ ունենար նույնքան փառահեղ ներկա: Ժամանակին այստեղ շատ խիստ է եղել ընդունելությունը։ Ու նույն խստությամբ էլ հիմա մենք ենք անցկացնում։ Ինձ համար չկան բարեկամ, ընկեր, ծանոթ, ինձ համար կան տաղանդ ու շնորհք։ Իհարկե գնահատում ենք ձայնային տվյալները, բնատուր տաղանդը, ռիթմի զգացողությունը, երգչական շնորհը, բայց մյուս կողմից էլ չենք մոռանում, որ մեր դիմաց ոչ թե երգիչ է, այլ մեկը, ով ցանկանում է սովորել երգել։ Գորովանքով ու սիրով պիտի հայտնեմ, որ այս քննությունն ինձ ապշեցրեց, իսկապես տաղանդավոր երեխաներ կային, որ մեզ երջանկություն պարգևեցին: Խոսքս առավելապես վերաբերում է դասական երգեցողության բաժին դիմած երեխաներին։ Ուրախանում ենք, որ նոր սերնդի մեջ կա շատ շնորհալի ներուժ, որը հետագայում կարող է օգտակար լինել թե՛ ժողովրդական, թե ՛ դասական, թե՛ էստրադային ոճերում»,-ասում է հայ երգի վարպետ Ռուբեն Մաթևոսյանը։
Այս տարվա ընդունելության քննություններն ընդհանրապես առանձնանում էին նախորդ տարիներից շատ հատկանիշներով։ Նախ դիմել էին անցած տարիների համեմատ աննախադեպ մեծ թվով աշակերտներ։ Դիմորդների նման քանակությունը տնօրեն Վարազդատ Խաչումյանը պայմանավորում է այն դրական փոփոխություններով, որոնք սկիզբ են առել երկրում ու քոլեջում. «Որպես տնօրեն՝ առաջնային խնդիր եմ համարել ընդունելության քննությունները կազմակերպել թափանցիկ ու արդար, մարդիկ հավատան, որ իրենց երեխան ընդունվելու է օբյեկտիվ քննության միջոցով։ Մանավանդ որ այս տարի դիմորդներն էլ են շատ, մենք հնարավորություն ունենք ընտրել լավագույններին: Մեզ որակ է պետք, մենք գնում ենք դեպի որակը։ Դրա համար էլ որոշեցի որպես հանձնաժողովի նախագահներ հրավիրել վաստակաշատ արտիստներին։ Նախարարությունը իմ այս որոշումը հաստատեց։ Ու փորձը ցույց տվեց, որ դա հաջող որոշում էր. ոգևորված են թե՛ հրավիրված արտիստները, որոնք, չնայած զբաղվածությանը, խանդավառված համաձայնել են, թե՛դիմորդները, որոնք էլ ավելի էին ոգևորվում, երբ հանձնաժողովի կազմում տեսնում էին ոլորտի մեծերին։ Նրանց անցկացրած քննությունները նաև վերածվում էին վարպետաց դասերի, դիմորդները լսում էին խորհուրդներ, որոնք կհիշեն ամբողջ կյանքում»։
Երաժշտության քննող հանձնաժողովի անդամ, Ազգային օպերային թատրոնի մեներգիչ, վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը ևս տպավորված էր քննությունների ընթացքից. «Առաջարկն ընդունեցի սիրով, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպիսին է նոր սերունդը։ Եվ իրոք, դասական վոկալի բաժին ընդունվող երեխաների մակարդակը բավական բարձր էր, ինչը մեր բոլորի սպասելիքները գերազանցեց։ Հուսանք, որ նրանցից շատերը այդ ուժը կունենան՝ իրենց մեջ աշխատելու, շարունակելու, և նրանց կտեսնենք նաև կոնսերվատորիայում: Երեխաներին, հավանաբար, ոգևորում են հայ հայտնի օպերային երգիչների համաշխարհային ճանաչումն ու փառքը: Նրանք տեսնում են, որ, լինելով հայ, սովորելով այստեղ, հնարավոր է դուրս գալ համաշխարհային բեմահարթակ»:
Լավ պատրաստված մեծ թվով դիմորդներ են եղել նաև մյուս բաժիններում։ Փողային և հարվածային գործիքների քննող հանձնաժողովի նախագահ ՀՀ ԶՈՒ գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը նշեց, որ դժվար ընտրության առաջ էին կանգնած. «Այս տարի փողային ու հարվածային գործիքների 12 տեղի համար դիմել են 20 հոգի: Բոլորն էլ լավն են, արժանի իրենց ուսումն այստեղ շարունակելու։ Եթե լինեին բավարար քանակի տեղեր, կընդունեինք բոլորին էլ»։
Մեծ է եղել մրցակցությունը նաև ժողովրդական գործիքների բաժնում։ Ավելին՝ այս տարի դիմորդներ են եղել սանթուր, ուդ, թառ ու քամանչագործիքներով, որոնք վերջին տարիներին վերացող գործիքների շարքին էին դասվում։ «Այսօր այդ գործիքները նվագող երաժիշտների պակաս ունեն պետական նվագախմբերում,- ասում է հանձնաժողովի նախագահը՝ Արամ Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլի դիրիժոր ԱշոտՊետրոսյանը,- և այսպիսի քննությունները նաև լավագույններին այս ոլորտ բերելու, ոգևորելու միջոց են: Անկողմնակալ ու արդար քննություններ են՝ լավագույններին ընտրելու նպատակով, մեզ բարձրակարգ երաժիշտներ շատ են պետք»։
Դաշնամուրային բաժնի հանձնաժողովի ղեկավար Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմինե Գրիգորյանը ևս փաստեց, որ ընդունելության քննությունները անցել են թափանցիկ, հաճելի մթնոլորտում:
Եվ այսպես՝ այս տարի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի երգեցողության բաժնում 9-րդ դասարանի հիմքով ընդունվողներին հատկացված 32 տեղի համար մրցում էին81, ժողգործիքներում 25 տեղի համար՝ 78, իսկ փողային ու հարվածային գործիքների 12 տեղի համար՝ 20 դիմորդ։ Ճիշտ է, այս բաժինները միշտ էլ ավելի շատ դիմումներ են ունեցել, բայց այս տարվա դիմումների քանակը կրկնակի գերազանցում էր նախորդ տարիների ցուցանիշներին։ Ի դեպ, եթե նախորդ տարիներին թափուր տեղեր էին մնում դաշնամուրի ու լարային գործիքների բաժիններում, իսկ երգչախմբավարության ու երաժշտության տեսության բաժիններ ընդհանրապես դիմող չէր լինում, ապա այս տարի դիմումներ եղել են նաև այդ բաժիններում։ Վերջին գրեթե տասը տարում քոլեջում չեն եղել թավջութակի, ալտի դասարաններ, այս տարի ունեցել են 2 թավջութակահար դիմորդ, 1 ալտիստ:
Հիշեցնենք, որ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում ուսուցումը ՀՀ քաղաքացի, 9-րդ դասարանի հիմքով աշակերտների համար անվճար է։ Անվճար որոշակի քանակությամբ տեղեր հատկացվում են նաև 12-րդ դասարանի հիմքով դիմորդների համար։ Քոլեջն ունի նաև վճարովի ուսուցում ՀՀ քաղաքացիություն չունեցող թե՛ 9-րդ, թե՛12-րդ դասարանների հիմքով և 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դիմորդների համար:
Այս տարվա ընդունելության արդյունքներից ընդհանուր առմամբ Վարազդատ Խաչումյանը գոհ է։ Բայց մատնանշում է խնդիրներ, որոնք վերանայման ու շտկման կարիք ունեն. «Ըստ կարգի՝ դպրոցի ավարտական վկայականի գնահատականները գումարվում են մասնագիտական քննությունների արդյունքներին, ու բալային միջին գնահատական է հաշվվում։ Հաճախ պատահում է, որ երեխան փայլուն հանձնում է մասնագիտական քննությունը և վկայականի ցածր գնահատականի պատճառով դուրս մնում մրցույթից, ու նրա փոխարեն քոլեջ է ընդունվում մասնագիտական ավելի ցածր կարողությունների տեր այլ երեխա։ Սա, իհարկե, անարդար է, ու պետք է վերանայվի այս կարգը, որ լավ երաժիշտները կարողանան ուսանել այստեղ, զարգացնել իրենց հմտությունները»։
Պատմական շենքը հիմնանորոգման կարիք ունի
Ռոմանոս Մելիքյանը 1921 թ. ստեղծեց Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ երաժշտական ստուդիան, որի հիմքի վրա էլ 1923 թ. ստեղծվեցին կոնսերվատորիան և ուսումնարանը։ Կոնսերվատորիան և ուսումնարանը գործում էին կից, նույն շենքում։ Շենքը, որտեղ կենտրոնացել էր հայկական երաժշտական այն ժամանակվա ամբողջ պրոֆեսիոնալ ներուժը, հետո հատկացվեց ուսումնարանին, որն ավելի ուշ՝ 1954 թվականից, կոչվեց հիմնադրի՝ Ռոմանոս Մելիքյանի անունով։ Ըստ էության, հենց այս շենքում ձևավորվեցին հայկական երաժշտական նոր մշակույթն ու ավանդույթները, որոնք ճյուղավորվեցին ու զարգացան՝ դառնալով երաժշտական դպրոցներ, նվագախմբեր ու երգչախմբեր։
Պատմական շենքն այս բոլոր տարիների ընթացքում հիմնովին չի վերանորոգվել։ Միայն 2011 թ. հարդարվել է շենքի արտաքին մասը՝ զարդարվելով «Երաժշտություն» կոչվող կերամիկական խճանկարով։ Քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանը առաջնահերթ է համարում շենքային պայմանների բարելավումը. «Սա շատ հին շենք է, երկար տարիներ չի վերանորոգվել, առանձնապես վատ վիճակում են քոլեջի սանհանգույցները։ Չկա ներկայանալի դահլիճ՝ համապատասխան այս քոլեջի պահանջներին։ Որոշ վերանորոգման աշխատանքներ նախատեսել ենք, բայց մեծ նախաձեռնությունը վերաբերում է դահլիճի կառուցմանը շենքի ներքնահարկում։ Այդ տարածքը երկար տարիներ հանձնվել էր ինչ-որ կարաոկե-ակումբի տնօրինությանը։ Այսօր այն վերադարձվել է քոլեջին, ու հնարավորություն ունենք կառուցել ընդարձակ, մեր քոլեջին հարիր դահլիճ»։ Դահլիճի կառուցման համար Վ. Խաչումյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Մարսելում գործող «Պրոֆաս Արմենի» բարեգործական ընկերության հետ։ Ուսանողներն այստեղ շատ ավելի երկար ժամանակ են անցկացնում, դասերից հետո նրանք պարապմուքներ են ունենում մինչև ժամը 19-ը։ Ու շենքային պատշաճ պայմանների ապահովումը շատ կարևոր է։
Քոլեջն ունի նաև գործիքների թարմացման ու նորացման խնդիր, դաշնամուրներն ու ռոյալները 40-70 տարվա հնության են, անգամ որոշ գործիքներ քոլեջի պահոցում չկան ։ «Հարվածային գործիքներից այս տարի քսիլաֆոն պարապող ուսանող ենք ընդունել, բայց գործիք չունենք։ Իսկ գործիքները բավական թանկ են։ Միակ ելքն այն է, որ դասախոս ընդունենք, որն ունի այդ գործիքը ու կտրամադրի»,-ասում է Վ. Խաչումյանը։ Վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր երաժիշտը քոլեջի ղեկավարությունը ստանձնել է մեկ նպատակով՝ վերականգնել ու ամրապնդել քոլեջի այն դերն ու նշանակությունը, որն ունեցել է տարիներ առաջ։