Մրցույթ-փառատոններ, որոնք ճանապարհ են բացում դեպի մեծ բեմեր…
Արվեստը լեզու է, որով կարելի է խոսել աշխարհի ցանկացած երկրում. այս նշանաբանով չորս տարի առաջ հիմնադրված Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան արդեն իսկ կազմակերպել է հարյուրավոր փառատոններ ու մրցույթներ Հայաստանում և արտերկրում: Այն հայտնի բրենդ է աշխարհի տարբեր երկրներում:
Ասոցիացիայի կողմից կազմակերպվող մրցույթ- փառատոնները բազմաթիվ են եւ բազմապիսի: Մրցույթ-փառատոններին մասնակցում են տաղանդաշատ երգիչներ, պարողներ, երաժիշտներ ու արվեստի այլ ճյուղերի ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր ժանրի արվեստագետ կարող է ինքնաարտահայտվելու հնարավորություն եւ հարթակ ստանալ: Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի անդամներ են դառնում մրցույթ- փառատոնների մասնակիցները, որոնք էլ հնարավորություն են ստանում ամիսը մի քանի անգամ ներկայանալ արտերկրի հանդիսատեսին: Օրերս տեղի ունեցավ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հերթական` 5-րդ համագումարը, որի ընթացքում ամփոփվեցին տարվա ընթացքում իրականացված մրցույթների ու փառատոնների արդյունքները: Մասնավորապես, շեշտադրվեց, որ ասոցիացիային արդեն իսկ անդամագրված է ավելի քան 40 հազար արվեստագետ, որոնք Հայաստանը ներկայացնում են աշխարհի շուրջ հարյուր երկրներում:
Համագումարին ելույթով հանդես եկավ Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության նախագահ Հովհաննես Թադևոսյանը: Վերջինս առաջարկեց ստեղծել հիմնադրամ և պարբերաբար մրցույթ-փառատոններից ստացված հասույթի որոշակի մասը փոխանցել հիմնադրամին:
«Գումարը կհավաքագրվի և կօգտագործվի երեխաների հագուստի և արտերկիր մեկնելու ծախսերը հոգալու համար: Ես վստահ եմ, որ բոլորը ցանկություն կհայտնեն օգնել մեր հիմնադրամին: Առաջին մեծ ներդրումը կանեմ ես»,- խոստացավ Հովհաննես Թադևոսյանը: Ապա քննարկվեց Էրեբունի-Երևանի մշակութային փառատոններին մասնակցության ձևաչափերը:
Համագումարի շրջանակներում մասնագետներն անդրադարձան նաև ասոցիացիայի ներսում գեղարվեստական խորհրդի ստեղծման անհրաժեշտությանը, որը պետք է վերահսկողություն իրականացնի ինչպես հանրապետական, անպես էլ միջազգային մրցույթներին մասնակցող խմբերի ընտրության հարցում: Հենց համագումարի ընթացքում ընտրվեցին խորհրդի անդամները, որոնք նաև պետք է հանդես գան հայաստանյան և միջազգային մրցույթ-փառատոնների ժյուրիի կազմում:
Ի դեպ, միջոցառմանը խոսեցին նաև խնդրահարույց հարցերից, որոնցից առաջնայինը վերաբերում էր դպրոցներում պարի դասավանդմանը: Ասոցիացիայի ներկայացուցիչները շատ կարևորում են պար առարկայի դասավանդումը բոլոր դպրոցներում, քանի որ այն օգնում է երեխաներին չհեռանալ ազգային արմատներից: Սակայն համագումարի անդամների համար մտահոգիչ է այն, որ միշտ չէ, որ դպրոցում առարկան դասավանդում են իրական պրոֆեսիոնալները: Նրանք որոշեցին մի շարք մասնագետների անունից համատեղ առաջարկ ուղարկել Կրթության և գիտության նախարարին՝ խնդրին լուծում տալու համար:
Համագումարն ամփոփվեց առաջիկա ծրագրերի ներկայացմամբ, որոնք նոր թափ են հաղորդելու ասոցիացիայի ակտիվ աշխատանքին: Մինչև տարեվերջ ասոցիացիան շատ հագեցած օրակարգով է աշխատելու՝ բացահայտելով ու ճանապարհ բացելով մեծաթիվ տաղանդաշատ երիտասարդների համար:
Սեպտեմբեր 24-25-ը Երևանում տեղի կունենա «Կոմիտաս- 2018» հոգևոր ու դասական երգի և երաժշտության 1-ին հանրապետական մրցույթ- փառատոնը: Առաջին փուլը տեղի կունենա Երևանում, երկրորդը` Գյումրիում:
Սեպտեմբերի 28-30-ը Մոսկվայում տեղի կունենա «Autumn Moscow Cup-2018» Սպորտային պարերի միջազգային մրցաշարը, որտեղ Հայաստանը կներկայացնի Արսեն Մելքոնյան-Լուսինե Կարապետյան զույգը` հանդես գալով պրոֆեսիոնալ կարգում:
Հոկտեմբերի 6-9-ը Մոսկվայում տեղի կունենա «Красная Звезда-2018» 2-րդ միջազգային մրցույթը:
Հոկտեմբերի 12-15-ը Երևանում տեղի կունենա իռլանդական Ստեպ պարերի վարպետության եռօրյա անվճար դասընթաց, Իռլանդական պարերի միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրենի մասնակցությամբ: Հոկտեմբերի 13-ին պարարվեստի ուսումնարանում կանցկացվի «Pa De De-2018» դասական բալետի և մոդեռնի 1-ին միջազգային մրցույթը, որին կմասնակցեն և՛ պարարվեստի ուսումնարանի ուսանողները, և ՛ մասնակիցներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ճապոնիայից, Իսրայելից,Հարավային Կորեայից:
Հոկտեմբերի 14-ին Համազգային թատրոնում կանցկացվի «Սայաթ Նովա-2018» ժողովրդական պարերի 1-ին հանրապետական մրցույթը: Նույն օրը Համազգային թատրոնում տեղի կունենա նաև «Ֆլամենկո-2018» իսպանական պարերի 1-ին հանրապետական մրցույթը և «Armenian Golden Star Music Awards-2018» կատարողական արվեստի գործիչների հանրապետական 2-րդ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կպարգևատրվեն արվեստի գործիչներ շուրջ հիսուն անվանակարգերում: Հոկտեմբերի 15-ին կանցկացվի «Փոքրիկ և Երիտասարդ Աստղեր-2018» մանկապատանեկան արվեստի 1-ին հանրապետական մրցանակաբաշխությունը: Նույն օրը տեղի կունենա նաև «Էկզերսիս-2018» պարային հանրապետական 1-ին մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում պարային խմբերը տեսաերիզով կներկայացնեն իրենց պարային բեմադրությունները, իսկ ասոցիացիան կորոշի մրցանակակիրներին: Բացի այդ, կպարգևատրվեն մեր պարարվեստում իրենց ներդրումն ունեցած պարարվեստի մի շարք գործիչներ: Հոկտեմբերի 16-ին առաջին անգամ Գյումրիում կանցկացվի Աղասի Շաբոյանի անվան հանրապետական պարի փառատոն, որին կմասնակցեն պարային խմբեր հանրապետության տարբեր մարզերից և քաղաքներից:
Հոկտեմբերի 24-ին,Ռիգայում տեղի կունենա «World Dance Cup-2018» պարի աշխարհի 3-րդ առաջնությունը: Հոկտեմբերի 30-ին Պրահայում կանցկացվի «Europe Stars-2018» 2-րդ միջազգային մրցույթը: Նոյեմբերի 3-ին Նեպտուն մարզահամալիրում տեղի կունենա Սպորտային պարերի Հայաստանի 1-ին բաց առաջնությունը: Նոյեմբերի 4-ին Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում կանցկացվի Վանուշ Խանամիրյանի անվան 3-րդ Հանրապետական պարային փառատոնը: Նոյեմբերի 7-13-ը Կրասնոյարսկում տեղի կունենա «Дети 21-ого века» դասական բալետի միջազգային մրցույթը: Նոյեմբերի 18-24-ը Չեխիայում տեղի կունենա «Artsitic Dance World Championship-2018» արտիստիկ պարերի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը կներկայացնի Մոսկվայում գործող «Արատտա» պարային համույթը: Նոյեմբերի 22-26-ը Բեռրլինում կանցկացվի «Euro Pop Contest Berliner Perle-2018» երգի միջազգային մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի երգչուհի Անահիտ Հակոբյանը: Նոյեմբերի 28-30-ը Դուբայում տեղի կունենա «Dubay Star-2018» 1-ին միջազգային մրցույթը: Իսկ դեկտեմբերի 6-10-ը Ռիգայում սպասվում է «Riga Simphony-2018» 5-րդ միջազգային մրցույթը:
Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան չափազանց կարևորում է հայկական մշակույթի զարգացումն ու հանրահռչակումը: Միջազգային մրցույթները, փառատոնները, կոնգրեսները աշխուժացնում են մշակութային կյանքը Հայաստանում, նպաստում տաղանդավոր երիտասարդների ճանաչմանն ու նվաճումներին: