Մի հանդուրժեք ցավը որովայնի շրջանում. խորհուրդներ վիրաբույժից
«Ցավ որովայնի շրջանում: Սա ազդակ է, որը չի կարելի անտեսել: Որքան շուտ դիմեք վիրաբույժի, այնքան շուտ կախտորոշվի հիվանդությունը և հեշտությամբ կլուծվի խնդիրը»,-նշում է ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս, չհանդուրժել ցավը, հատկապես սուր ցավերը, վերջինիս հայտնվելուն պես անհապաղ դիմել վստահելի վիրաբույժի։ Որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունները բազմաթիվ են, սկսած լայնորեն տարածված ապենդիցիտից, լեղաքարային հիվանդությունից, մինչև ճողվածքներ ու նորագոյացություններ։ Սրանցից շատերի դեպքում ժամանակին սկված թերապևտիկ բուժումը բավական է հիվանդության զարգացումը կանխելու համար, սակայն հաճախ վիրաբույժն արդեն գործ է ունենում բարդացած դեպքերի հետ, երբ այլևս վիրահատությունից խուսափելն անհնարին է։ Ցավը, որ անմիջական կապ ունի սննդի ընդունման հետ կարող է վկայել ստամոքսի խոցային հիվանդության զարգացման մասին։ Ստամոքսի խոցային հիվանդությունը չնայած հանրության շրջանում որոշակի անվստահությանը, այսօր միանշանակ բուժելի հիվանդություն է համարվում։ Ստամոքսի խոցը զարգացման սկզբնական շրջանում բուժվում է թերապևտիկ եղանակով, սակայն այն ոչ միշտ է էֆֆեկտիվ, և հաճախ վիրահատական միջամտության անհրաժեշտություն է առաջանում։ Բացի այդ, բարձիթողի դեպքերում հիվանդությունը կարող է զարգանալ և հանգեցնել մի շարք վտանգավոր բարդությունների, ինչպիսիք են՝ խոցի թափածակումը (պերֆորացիան), արյունահոսությունը, ստամոքսաելքի նեղացումը և խոցի այլ օրգանների մեջ թափանցելը։ Ստամոքսի խոցային հիվանդության բարդությունների առկայությունը վիրահատական բուժման համար բացարձակ ցուցում է հանդիսանում։ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանը, ստամոքսի խոցի վիրահատական բուժման հարուստ փորձ ունի, և կախված հիվանդության զարգացման փուլից, խոցի տեղակայումից և բարդությունների առկայությունից, իր հիվանդներին առաջարկում է ամենից հարմար բուժման տարբերակը։ Ցավ որովայնում՝ առավելապես աջ զստային(ստորին) շրջանում, սրտխառնոց, թուլություն, վքնածություն, աջ ոտքի ձգվածություն, այսպիսի ախտանշանները կարող են վկայել սուր ապենդիցիտի(կույր աղու որդանման ելունի բորբոքման) մասին։ Թեև ապենդիցիտի լայն տարածվածությանը, այս խնդրի ճիշտ ախտորոշումը մինչ այժմ էլ դժվարություններ է հարուցում։ Պատճառն այն է, որ նմանատիպ ախտանշաններ կարող են հանդիպել ինչպես սուր ապենդիցիտի, այնպես էլ այլ հիվանդությունների, օրինակ՝ երիկամային խիթի դեպքում։ Սակայն այնուամենայնիվ կան ապենդիցիտի համար տարբերակիչ նշաններ, որոնք չեն վրիպի հմուտ մասնագետի աչքից։ ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի խոսքերով՝ ով սուր ապենդիցիտի ախտորոշման և բուժման հարուստ փորձ ունի, գիտականորեն ապացուցված է, որ ապենդիցիտը 70 տոկոս դեպքերում ժամանակի ընթացքում հետ է զարգանում, սակայն առկա է 30 տոկոս հավանականություն, որ հիվանդությունը կզարգանա հանգեցնելով մի շարք բարդությունների: «Ժամանակակից բժշկությունը սպասելու և տարբեր սցենարներին հետևելու տակտիկային կողմնակից չէ: Առավել անվտանգ է ժամանակին կատարել վիրահատությունը և կանխարգելել հիվանդության զարգացումն ու բարդությունների առաջացումը»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանն, ու հավելում, որ անցյալում են այն ժամանակները, երբ ապենդիքսը վիրահատելու համար մեծ կտրվածք էր արվում, ներկայումս ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, նախապատվությունը տրվում է փոքր կտրվածքներով լապարասկոպիկ վիրահատությանը։ Ի շնորհիվ լապարասկոպիկ վիրահատության քիչ տրավմատիկ լինելու, վիրահատությունից արդեն մի քանի օր անց հիվանդները վերադառնում են իրենց սովորական առօրյա գործունեությանը։ Սակայն կան դեպքեր, երբ լապարասկոպիկ եղանակը կիրառելի չէ, և բժիշկը դիմում է բաց վիրահատության։ Վիրաբույժ Գոռ Գրիգորյանը իրականացնում է որովայնի խոռոչի օրգանների վիրահատություններ՝ և բաց և լապարասկոպիկ եղանակով: ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանի գործունեության մեջ մեծ տեղ են գրավում ճողվածքների վիրահատությունները։ Որովայնի ճողվածքը որովայնի խոռոչի օրգանների արտափքումն է՝ պատված առպատային որովայնամզով։ Որովայնի առաջային պատի վրա կան անատոմիական թույլ տեղեր։ Ներորովայնային ճնշման բարձրացման պարագայում այդ թույլ տեղերից դուրս են գալիս ճողվածքները։ Ճողվածքի առաջացման համար գործարկող կարող են հանդիսանալ այն բոլոր գործոնները, որոնք կտրուկ բարձրացնում են ներորովայնային ճնշումը, օրինակ՝ ծանրություն բարձրացնելը։ Ճողվածքները լինում են ներքին՝ երբ դուրս են գալիս դեպի կրծքավանդակի խոռոչ (օրինակ՝ ստոծանիական ճողվածքները), կամ հետորովայնամզային տարածություն, և արտաքին՝ երբ դուրս են գալիս մաշկի տակ։ Առավել հաճախ հանդիպում են աճուկային, ազդրային, պորտային և հարպորտային, ինչպես նաև սպիտակ գծի (էպիգաստրալ) ճողվածքները։ «Ճողվածքը տարիներ շարունակ կարող է ոչ մի անհանգստություն չպատճառել հիվանդին, սակայն վերջնական բուժումը վիրահատությունն է»,- նշում է վիրաբույժ Գոռ Գրիգորյանը և հավելում, որ միջամտությունը հետաձգել խորհուրդ չի տրվում, քանի որ այնպիսի բարդության զարգացում, ինչպիսին օղակումն է, կարող է առաջանալ անգամ մեկ ժամվա ընթացքում։ Ճողվածքի տեղակայումից կախված ընտրվում է վիրահատության առավել նպատակահարմար տարբերակը։ Արտաքին ճողվածքի դեպքում, որովայնի առաջային պատին տեղադրվում է ցանց՝ անատոմիական թույլ տեղն ամրացնելու և ճողվածքի հետագա կրկնումից խուսափելու համար։ «Պլանային վիրահատության եղանակը ընտրելուց առաջ երկար զրուցում եմ հիվանդի հետ, քննարկում վիրահատության տարբերակները, նշում առավելություններն ու հնարավոր խնդիրները: Ես պացիենտներիս խորհուրդ եմ տալիս ընտրել բժշկի, որին լիարժեք կվստահեն: Չէ՞ որ դժվար ճանապարհը միայն հուսալի ընկերոջ հետ են անցնում», նշում է ՀՀ ոստիկանության հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի վարիչ՝ Գոռ Գրիգորյանն ու խորհուրդ տալիս հետևել առողջությանը, ժամանակին դիմել համապատասխան մասնագետի և չզբաղվել ինքնաբուժմամբ, քանի որ հիվանդությունը, որն այսօր կարելի է բուժել դեղորայքով, վաղը շտապ վիրահատության պատճառ կարող է դառնալ։