HC Armenia 2019 կրթական կոնֆերանսը Հայաստան է բերեց ճողվածքների բուժման արդիական մեթոդներ
Հայաստանում առաջին անգամ կայացավ IHC Armenia 2019 կոնֆերանսը՝ նվիրված ճողվածքների և որովայնի առաջնային պատի վերականգնողական վիրաբուժության արդի մեթոդներին: Կոնֆերանսի շրջանակում Հայաստան էին ժամանել աշխարհահռչակ վիրաբույժներ Բելգիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Նրանք՝ որպես կոնֆերանսի բանախոսներ, մասնակիցներին ներկայացրին իրենց հարուստ վիրաբուժական փորձը, ճողվածքի վիրահատության առաջատար նորարարական մեթոդները: Միջազգային հերնիա համագործակցությունը (IHC) ամեն տարի կրթական կոնֆերանսներ է կազմակերպել ԱՄՆ_ում, Անգլիայում, Հնդկաստանում:
Հայաստանում միջոցառումը տեղի ունեցավ ԱՄՆ-ում ապրող և աշխատող հայազգի ընդհանուր վիրաբույժ Թալար Թեջիրյանի նախաձեռնությամբ: Ըստ բժշկուհու Հայաստանում բժշկությունը բավական բարձր մակարդակի վրա է գտնվում, կան բազմաթիվ հրաշալի մասնագետներ, և կոնֆերանսի նպատակն էր հայ վիրաբույժներին ծանոթացնել ճողվածքների վիրահատության նորագույն միտումների ու տեխնոլոգիաների հետ,ծանոթացնել հանրահայտ մասնագետների պրակտիկ փորձի հետ: Թալար Թեջիրյանը աշխատում է Լոս Անջելեսի Քայզեր Պերմանենտե բժշկական կենտրոնում, ճողվածքների վիրաբուժությանը նվիրված բազմաթիվ հոդվածների հեղինակ է, հրավիրվող դասախոս ճողվածքներին ուղղությամբ: Որպես բանախոս կոնֆերանսին ներկա էին նաև Բելգիայից Ֆիլիպ Մայսոմսը՝Եվրոպական ճողվածքաբանության միության նախագահը, ԱՄՆ-ից Շիրին Թոֆիգը, Վլադ Բուրդակովը Ռուսաստանից, Մերսեդեհ Բաղայը ԱՄՆ-ից:
Հայաստանից որպես բանախոս կոնֆերանսին մասնակցում էր ընդհանուր վիրաբույժ Լևոն Գրիգորյանը: Նա Միջազգային ճողվածքաբանական համագործակցության և Ճողվածքների եվրոպական միության անդամ է և ակտիվորեն մասնակցում է Հայաստանում աճուկային, վենտրալ և հետվիրահատական ճողվածքների մինիմալ ինվազիվ մեթոդների ներդրման ու զարգացման գործում. «Ճողվածքները վիրաբուժական ամենատարածված պաթոլոգիաներն են, այս կոնֆերանսի խնդիրն է Հայաստան բերել ուկիրառել քիչ ինվազիվ լապարասկոպիկ այն մեթոդները, որոնք փորձված են, ապահովում են ավելի լավ արդյունքներ: Իհարկե որոշ մեթոդներ մեր երկրում արդեն կիրառվում են, բայց պետք է թարմացնել գործիքակազմը, չզիջել համաշխարհային զարգացումներին, կատարելագործել գիտելիքները, գործնական հմտությունները: Իսկ դրա լավագույն ճանապարհը սա է. հանրաճանաչ վիրաբույժների պրակտիկ վիրահատական փորձի ուսումնասիրություն, նրանց հետ քննարկումներ ու հարցուպատասխան»,- mednews.am-ի հետ զրույցում ասաց նա։ Բանախոս Շիրին Թոֆիգը Բևերլի Հիլզում գտնվող Ճողվածքների կենտրոնի ղեկավար է, կոնֆերանսում ներկայացնում էր իր փորձը կանանց ճողվածքների բուժման, ճողվածքների վիրահատությունների ժամանակ կիրառվող ցանցերի հետ կապված բարդությունների վերացման մեջ: Նա մեծապես կարևորում է ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ մարդկանց կյանքի որակը բարելվելու ընձեռնվող հնարավորությունը. «Ճողվածքներն ամենատարածված հիվանդությունն են ամբողջ աշխարհում,միայն ԱՄՆ- ում տարեկան կատարվում է 1 մլն ավելի վիրահատություն: Կարևոր է, որ կազմակերպվեն նման կոնֆերանսներ, որտեղ կներկայացվեն ամենարդյունավետ ու ճիշտ մեթոդները որոնք կարող են օգտագործվել ճողվածքի կրկնություններն ու բարդությունները մինիմալի հասցնելու համար»,- նշեց նա։ Կոնֆերանսի կարևորությունը շեշտեցին նաև մասնակից հայ վիրաբույժները:
«Շենգավիթ» ԲԿ –ի փոխտնօրեն, վիրաբուժական ծառայության ղեկավար Լևոն Սերգեյի Հակոբյանը առաջին վիրաբույժներից է, որն իրականացրել է ճողվածքների վիրահատություն՝ ցանցերի կիրառությամբ. «1994 թ. ԱՄՆ-ում վերապատրաստումից հետո առաջին վիրաբույժներից մեկն եմ, որ կիրառեցի այդ մեթոդը Հայաստանում: Դրանից հետո հարյուրավոր ցանցեր եմ օգտագործել, տարբեր տեղակայմամբ,և պետք է ասեմ, որ շատ արդյունավետ մեթոդ է: Հայաստանը՝ որպես անկախ երկիր, պետք է բաց լինի նման կոնֆերանսների համար, բերի առաջատար բժշկական փորձն ու տեխնոլոգիաները: Ողջունում եմ կոնֆերանսի կազմակերպումը: Նման համաժողովները պետք է պարբերական բնույթ կրեն մեր երկրում, եթե մենք իսկական զարգացում ենք ակնկալում»:
Կոնֆերանսի հաջորդ օրը կատարվեցին ճողվածքների բարձր տեխնոլոգիական լապարասկոպիկ միջամտություններ Հայաստան ժամանած առաջատար մասնագետների մասնակցությամբ: Բացառիկ վիրահատությունները ուղիղ միացմամբ հեռարձակվեցին IHC ֆեյսբուքյան խմբի միջոցով, որին մասնակից են 8000-ից ավելի հետևորդ վիրաբույժներ, որոնք այնտեղ տեղադրում են իրենց բացառիկ վիրահատական միջամտությունների տեսագրությունները, կիսվում փորձով, հարստանում ու հարստացնում գիտելիքներով: Կոնֆերանսին մասնակցած հայ վիրաբույժները ևս հնարավորություն կունենան միանալ վիրաբույժների այդ մեծ խմբին: Սա ճողվածքների վիրաբուժության զարգացման ու կատարելագործման նոր հարթակ է: