ՏՏ ոլորտի զարգացման հիմքում գիտությունը պետք է լինի…
Ամբողջ աշխարհը դեռ վաղուց սկսել և շատ պրոգրեսիվ կերպով շարունակում է տեղեկատվական տեխնոլոգիաների հարցում ռազմավարական լուրջ ծրագրեր մշակել: Պետական համակարգի ամենատարբեր ոլորտներում ՏՏ ոլորտի ընձեռած հնարավորությունները կարող են արգասաբեր պտուղներ տալ: ՏՏ ոլորտի զարգացման մեր հեռանկարների և դրանցում Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի դերակատարության մասին իր տեսակետն է ներկայացնում ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանը:
Ըստ նրա՝ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը գիտության ու տեխնիկայի տարբեր ճյուղերում համակարգչային տեխնոլոգիաների ստեղծման ու ներդրման մեծ ներուժ ունի: Սակայն այդ ներուժն առայժմ մնում է լիարժեք չբացահայտված ու չօգտագործված:
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գործունեության հիմքում տեսական հետազոտությունների անցկացումն է, որոնք կազմում են ինֆորմատիկայի հիմքը: Վլադիմիր Սահակյանը փաստում է, որ հենց տեսական հենքի վրա են ստեղծվում տեղեկատվական նոր տեխնոլոգիաները. <<Նոր տեխնոլոգիան պետք է ունենա գիտական հիմք, որի արմատները տեսական հետազոտություններում են: Բայց Հայաստանում հիմնական մոտեցումն այն է, որ վերցնում են պատրաստի տեխնոլոգիան, ինչ-որ բան են ավելացնում և անվանում նոր տեխնոլոգիա: Իրականում դա եղած տեխնոլոգիայի նոր կիրառությունն է ընդամենը>>,- նշում Վ. Սահակյանը:
Տեսական գործունեությունից զատ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը ունի նաև լուրջ հաջողություններ կիրառական ասպեկտում: ԻԱՊԻ-ի մասնագետների ջանքերով է ստեղծվել Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական համակարգչային ցանցը՝ ASNET.AM-ը. <<Այն Հայաստանում ներառում է ավելի քան 65 հետազոտական և կրթական կազմակերպությունների ցանցեր: ASNET-AM ցանցի ենթակառուցվածքը Երևանում կառուցված է dark fiber մուգ մանրաթելի տեխնոլոգիայով, որն ապահովում է 100/1000/10000 Մբիթ/վրկ թողունակություն: Միջազգային կապուղու թողունակությունը գերազանցում է 1000 Մբիթ/վրկ>>,- փաստում է Վ.Սահակյանը:
ASNET.AM-ը ունի մի շարք առավելություններ, որոնք չունի և ոչ մի ինտերնետ-մատակարար: Ցանցը հնարավորություն է տալիս ցանկացած ուղղությամբ հեռախոսային անվճար զանգեր կատարել. ցանցի անդամները պետք է ընդամենը գրանցվեն eduoram համաեվրոպական ցանցում: Այն գործում է եվրոպական բոլոր բուհերում, բավական է մտնել որևէ ուսումնական հաստատություն և սմարթփոնն անմիջապես միանում է ցանցին: ASNET.AM-ը մի շարք այլ գործառույթներ էլ ունի. <<Գործում է նաև file sender ծառայությունը, որի միջոցով հնարավոր է լինում մեծ չափսերի ֆայլեր ուղարկել և ստանալ: ASNET.AM-ում ստեղծվել է նաև Ամպային հաշվարկների աշխատանքային միջավայր գիտաշխատողների համար: Ցանցում կան հարյուրից ավելի վեբ-սերվերներ, որոնք պահպանվում են ամպային միջավայրում ապահով ու գաղտնագրված>>,- ներկայացում է Վ. Սահակյանը:
ArmGrid. գիտական վիրտուալ տիրույթի ստեղծման հիմքում ևս Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի մասնագետների աշխատանքն է. <<Հայկական գիտական համայնքին ArmGrid-ը տրամադրում է ՏՏ պլատֆորմ: Մեր գիտական կենտրոնները հնարավորություն ունեն հետազոտություններ իրականացնել էլեկտրոնային գիտության տարբեր տիրույթներում: Արմգրիդը նաև տրամադրում է հարմարավետ մուտք դեպի բաշխված հաշվողական ռեսուրսներ: Այսօր այդ կլաստների հիմքով մենք իրականացնում ենք տարբեր միջազգային ծրագրեր>>,-նշում է Վ.Սահակյանը:
Կլաստերային հզոր համակարգի շնորհիվ ինստիտուտը համագործակցում է օդերևութաբանական, սեյսմիկ կայանների, բնապահպանության, կրթության և գիտության նախարարության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ՝ ստեղծելով ոլորտային էլեկտրոնային միջավայրեր, պահուստային համակարգեր:
Վ.Սահակյանը ՏՏ ոլորտի զարգացման հիմքում հայ երիտաարդների գիտական ներուժն է տեսնում: Բայց ցավով փաստում է, որ ամենատարբեր գերատեսչությունները իրենց զարգացման ծրագրերում հիմնականում գիտնականների չեն ընդգրկում: Գիտնականների մեծ մասն էլ, չկարողանալով իր գիտելիքները Հայաստանում ռեալիզացնել, մեկնում է արտասահման: Վ. Սահակյանը փաստում է, որ իրենց ուսանողներից շատերը ասպիրանտուրան ավարտելուց հետո հեռանում են ինստիտուտից, աշխատանք գտնում ՏՏ ոլորտի տեղական ու միջազգային կազմակերպություններում կամ արտասահմանում. <<Եթե այսպես շարունակվի, չավելանա գիտության ֆինանսավորումը, չստեղծվեն տեխնոլոգիական գործարաններ, երիտասարդ գիտնականների զբաղվածության ու բարեկեցության պայմաններ, մոտ ժամանակներս մենք կադրային լուրջ խնդրի առաջ կկանգնենք»,-նշում է Վլադիմիր Սահակյանը: