Արդարացված սպասումներ. Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հերթական հաշվետու համերգը
«Պարը ինձ համար հոգու և մարմնի այն յուրօրինակ երկխոսությունն է, որի արդյունքում ծնվում են հրաշագեղ բեմական կերպարներ: Մեր մուսան այն հարյուրավոր սաներն են, որոնք ապահովում են դրական էներգիա, շնորհակալ ենք այդ սաների համար:». Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյան:
Փետրվարի 16-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում պարի ակադեմիայի սաները կերտեցին շատ գեղեցիկ ու յուրօրինակ բեմական կերպարներ: Թվով 27-րդ հաշվետու համերգն էր 13-ամյա գործունեության ընթացքում: Հանդիսատեսը դահիլճում անհամբերությամբ սպասում էր ելույթներին: Կուլիսներում երեխաները պատրաստվում էին: Ամենաշատն աղմկում էին փոքրիկները, որոնց տարիքը սկսվում էր 3 տարեկանից: Մեծերը փորձում էին թաքցնել իրենց հուզմունքը: Այն միանգամից անհետանում էր, երբ հայտնվում էին բեմին, դա զգացվում էր նրանց պարի շարժումների հստակությունից:
Շալախոյից մինչև իսպանական կրքեր, հայկական պոպուրիից ու սուսերով պարից մինչև սահուն ու նրբագեղ վալս, հաշվետու համերգին թվով 5 մասնաճյուղերի սաների ելույթները արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Ելույթների մեծ մասը պատմություն ուներ: Ամենատպավորիչ ելույթներից մեկը «Հայաստան» խորեոգրաֆիկ պատկերն էր, որը պարում էին Հայստանյան բոլոր մասնաճյուղերի սաները:
«Համերգին եմ վայելում այն չարչարանքը, ինչը որ անցել ենք միասին: Համերգի օրը լիաժեք նայում եմ ու հասկանում՝ քրտնաջան պարապմունքները անարդյունք չեն եղել: Այն, ինչ ներդրել եմ երեխաների համար, ստացել եմ, բայց ամենամեծ գնահատականն, իհարկե՛, հանդիսատեսինն է, իրենց ծափերով: Փոքրիկների հետ աշխատելը շատ հաճելի է և միևնույն ժամանակ շատ դժվար, բայց երբ դառնում է հաճելի, էլ դժվար չէ: Մեծերի հետ փոխվում են թե՛ պահանջները, թե՛ ավելի պրոֆեսիոնալ են դառնում մոտեցումները». մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Հայրապետյանը` Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գլխավոր բալետմաստերը:
Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի միայն երևանյան մասնաճյուղն է, որն ունի 6 տարվա պատմություն, մյուսներն ունեն մեկ, իսկ մեկ-երկուսը մեկ տարվանից էլ քիչ պատմություն: Իշխան Գասպարյանը նշեց, որ իրական արդյունքի կարելի է սպասել որոշակի պարային ճանապարհ անցնելուց հետո միայն: Դրա համար 3-4 տարի է պահանջվում: «Գիտե՞ք՝ ինչի համար է մեզ անհրաժեշտ պարային նվազագույն որակ ունեցող երեխաներին նույնիսկ սաղմնային վիճակով բարձրացնել բեմ. շատ կարևոր է, որ նրանք վաղ հասակում զգան հանդիսատեսի ծափը, գնահատականն ու բեմական աուրան: Իրական բեմական վարպետության նրանք հասնում են հենց այսպիսի նախասկզբով, և միմիայն այսպիսի նախասկզբով կարելի է սպասել, որ նրանցից ոմանք կունենան հրաշալի արվեստագիտական—պարային արշավ և կզարմացնեն մեզ իրենց որակական հատկանիշներով»:
Մեծերի սինխրոն շարժումները, փոքրիկների ամենահետաքրքիր ու ստեղծարար գործողությունները երեկոն դարձրին ավելի գեղեցիկ: Այս ամենը լրացնում էին երաժշտական ընդմիջումները: 14 դհոլ մի բեմում. հայկական էր, Նարեկ Բավեյանը հատուկ հյուր էր, ում հետ նույնպես կարողացանք խոսել: « Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի մասին վաղուց գիտեմ, բայց առիթ չէր ընձեռնվել համագործակցելու: Իշխանի զանգը ստանալուց հետո մեծ սիրով համաձայնեցի: Մեծերը շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ են պարում, իսկ փոքրերն իրենց առաջին քայլերն են անում»:
Ծնողները, որոնք սկզբում անհանգիստ էին երեխաների ելույթների համար, ավարտին արդեն վստահ էին ու հանգիստ, որ իրենց երեխաները պորֆեսիոնալ թիմի ձեռքերում են: