Պարարվեստը ոլորտ է, որ պահանջում է անմնացորդ նվիրում. Իշխան Գասպարյան
18 մասնաճյուղ, 600 սան՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան նշում է հիմնադրման 13-ամյակը: Ակադեմիան բացվել Մոսկվայում 2005 թվականին, այսօր այն համարվում է ամենամեծ պարային կառույցը ամբողջ աշխարհում:
«Նման հաստատություն ունենալը մեր ամբողջ ընտանիքի եւ մասնավորապես հորս՝ Հովհաննես Գասպարյանի երազանքն էր: Ցավոք, ժամանակից շուտ կյանքից հեռացավ հայրս եւ նման կառույց հիմնելը արդեն մեր ընտանիքի համար դարձավ գերագույն նպատակ: 2005 թվականին Մոսկվայում հիմնադրվեց ակադեմիան եւ կոչվեց հորս անունով»,- պատմում է ակադեմիայի հիմնադիր Իշխան Գասպարյանը:
Այսօր էլ Ակադեմիայի հիմնադիրը հուզմունքով է հիշում առաջին աշակերտուհուն, որ միակն էր առաջին պարապմունքի ժամանակ: Հետո ավելացան աշակերտները, ընդլայնվեց աշխարհագրությունը: Հաջողության բանաձեւը պարզ էր: Ակադեմիայում պետք է գործեր ամուր ընտանիքի մոդելը:
«Մեր պարային ակադեմիան մի մեծ ամուր ընտանիք է: Իսկ ամուր ընտանիքի հիմքում պետք է ընկած լինի սերը: Այս դեպքում սերը ու նվիրումը կատարած աշխատանքին: Մեր ակադեմիայում հավաքված են ստեղծարար ու ստեղծագործ մարդիկ, որոնք ներդնում են իրենց ամբողջ ներուժը հաջողության հասնելու համար: Պարարվեստը, շոյվելով այդ վերաբերմունքից, այնքան հոգատար է եղել մեր նկատմամբ, որ կարողացել ենք մեծանալ ու ծավալվել»,- պատմում է Իշխան Գասպարյանը:
Այսօր մայրաքաղաքից բացի ակադեմիայի մասնաճյուղերն են գործում Արտաշատում Ավշարում, Էջմիածնում եւ Աբովյանում: Յուրաքանչյուր խմբում միաժամանակ երկու եւ ավելի պարուսույց է աշխատում: Ծնողները պարի ընթացքի հետեւում են սպասասրահում տեղադրված մեծ էկրանի միջոցով:
«Մենք հնարավոր ամեն բան անում ենք, որ երեխաները կտրվեն կենցաղից եւ այդ մի քանի ժամվա ընթացքում հայտնվեն հեքիաթային աշխարհում: Աշխարհ, որտեղ չկա կենցաղ, կա միայն արվեստ: Դա չափազանց կարեւոր է: Մեր հաստատություն հաճախող երեխան ոչ միայն պետք է կարողանա լավ պարել, այլեւ հարուստ ներաշխարհ, գեղեցիկը ընկալելու ու մատուցելու հատկություն ունենա»,- նշում ակադեմիայի հիմնադիրը ու ավելացնում, որ յուրաքանչյուր մարդ կարող է սովորել պարի լեզուն, եթե ունենա աշխատասիրություն եւ ցանկություն: Պարը կա յուրաքանչյուրի մեջ, պետք է կարողանալ արթնացնել ու զարգացնել այն:
Պարի ակադեմիայում կամ, ինչպես սաներն են սիրում ասել, Հովիկ ստուդիոյում ժամանակն արագ է անցնում: 45 րոպե տրամադրվում է դասական պարի ուսուցանմանը, այնուհետեւ երեխաները սովորում են տարբեր ազգերի պարեր:
«Մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում մանկավարժական կոլեկտիվի ընտրությանը: Մեր ակադեմիայում ողջունվում է միայն իրական նվիրյալ մասնագետների մուտքը: Ավելի հաճախ պարուսույցներին մեր նախկին աշակերտներից ենք ընտրում, կամ էլ ներգրավում այլ կոլեկտիվների պարողներին: Գիտեք, պարարվեստը սիրում է անմնացորդ նվիրում: Եթե ընտրել ես այդ աշխարհը, չպետք է դավաճանես: Հաճախ տեսնում ենք, որ պարուսույցը նաեւ այլ ոլորտներում է աշխատում կամ այլ կոլեկտիվում է դասավանդում: Ես հասկանում եմ, որ կենցաղային խնդիրների լուծման համար է արվում, բայց ինձ համար դա ընդունելի չէ: Մեր ակադեմիայում աշխատող պարուսույցը պետք է մեր մեծ ընտանիքի անդամը լինի եւ լիարժեք նվիրվի գործին, որ անում է: Միայն այսպիսով նա կհասնի հաջողության եւ միաժամանակ կնպաստի մեր կառույցի առաջխաղացմանը»,- նշում է Իշխան Գասպարյանը:
Պարի ակադեմիայի մեծ ընտանիքը տարին մեկ անգամ է համախմբվում: Երեխաները մեծ բեմեր հաճախ են բարձրանում, բայց գլխավոր իրադարձությունը հուլիսին է: Երբ Երեւան են գալիս նաեւ Մոսկվայի մասնաճյուղի աշակերտները եւ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդիպում են ակադեմիայի բոլոր 18 մասնաճյուղերի սաները: