Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համար: 1999 թվականի հունվարին ստեղծված հիմնադրամը նշում է իր քսանամյակը
Երկու տասնամյակի ընթացքում ռեեստրում կամավորագրվել է 30.000 ոսկրածուծի դոնոր, ռեեստր դիմած 4698 հիվանդի հետ նախնական համընկնող 4637 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 32-ն արդեն նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:
Օրերս, 2019 թվականի հունվարի 23-ին, հերթական, այս տարվա առաջին նվիրաբերությունն էր: Դոնոր Քրիստինա Գևորգյանը իր ցողունային բջիջներն էր նվիրաբերում՝ փրկելու Իսպանիայում գտնվող յոթամյա Արեն Ասրյանին: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը այս հավաքագրման պրոցեսին ներկա լրագրողներին մանրամասնեց, որ սա դոնորի համար անվնաս գործընթաց է, ցողունային բջիջները հավաքագրվում են շրջանառվող արյունից, ու թեև տևում է մի քանի ժամ, սակայն դոնորը կորցնում է ընդամենը մոտ 150 գրամ ցողունային բջիջներ, որն արագ վերականգնվում է:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը լրագրողներին ասաց, որ այս իրադարձությամբ նշանավորում են ռեեստրի քսանամյակը. «Մենք ականատես ենք լուրջ իրադարձության, մեր հերոսուհին քրոջ երեխայի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում, և երբ տարիներ առաջ դոնոր էր դառնում, չէր կարող ենթադրել, որ փրկության հույս է դառնալու իր արյունակցի՝ քրոջ որդու համար : Հայաստանում և Իսպանիայում պետք է զուգահեռ այս գործառույթներն իրականացնենք, ամեն ինչ հստակեցված է՝ չվերթները, ծառայությունները, փոխադրամիջոցները: 48 ժամվա ընթացքում պիտի Իսպանիայում կատարվի փոխպատվաստումը: Հատուկ բեռնափոխադրողը նշված ժամկետում Հայաստանում հավաքագրված ցողունային բջիջները հասցնելու է Իսպանիա»:
Բժիշկ Ավագյանը սիրով է հիշատակում նախորդ տարիների հայ դոնորներին: Անցյալ տարի հայ դոնորի օգնության կարիքն ունեցավ լեյկեմիայով տառապող իրանցի մի աղջիկ, դոնորը՝ Տաշիր բժկական կենտրոնի տնօրեն Գեորգի Իլոյանն էր:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ամերիկահայ Ֆրիդա Ջորդանը ևս ներկա էր այս կարևոր իրադարձությանը և լրագրողներին պատմեց քսանամյա գործունեության մասին.« Մեր աշխատանքի հիմքը բարեգործությունն է: Դոնորագրումը , հայ հիվանդների տիպավորումը, համատեղելիությանը ճշտում, հիվանդի համար դոնոր ենք գտնելը անվճար է սակայն նյութան ճշտումը անվճար են, սակայն այս բոլոր ծառայությունները գումար արժեն, ուստի տարեկան տարբեր միջոցառում ենք անցկացնում Լոս Անջելեսում՝ գումար հավաքագրելու համար»:
Ռեեստրի դոնորագրումների աշխարհագրությունը շատ լայն է՝ Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան, անցյալ տարի միացավ նաև Իսրայելը:
Չնայած տարածված կարծրատիպին՝ ոսկրածուծի դոնոր դառնալն ու այլ մարդու կյանքը փրկելու համար սեփական ցողունային բջիջները տրամադրելը բարդ գործընթաց չէ և չի վնասում դոնորին:
«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը դոնորոգրվելու հորդոր է անում. « Ցողունային բջիջների դոնորներ կարող են դառնալ 18 մինչև 50 տարեկան առողջ մարդիկ: Արդեն իսկ ունենք հավաքագրված 30.000 կամավորներ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհասփյուռ հայ գաղթօջախներից: Կենտրոնը դեռ էլի դոնորների կարիք ունի. որքան շատ լինեն նրանք, այնքան շատ հիվանդ իրեն համատեղելի դոնոր գտնելու հնարավորություն կունենա: Մենք պետք է պատրաստ լինենք փրկության հույս տրամադրելու այդ մարդկանց: Այսօր մենք փրկօղակ ենք դառնում մեր հայրենակից տղայի: Մեր կոչը՝ մի ընկրկեք, դոնորագրվեք, օգնելու ձեր ընկերոջը, բարեկամին, թե անծանոթին»: