Լավրովը մանրամասն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը
Ռուսաստանի Դաշնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ շարունակում է բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին, «Ռոսիա 24» հեռուստաընկերության փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2012 թ-ի ամփոփիչ մամուլի ասուլիսում:
Պատասխանելով ԼՂ կարգավորման բանակցությունների մասին արդբեջանցի լրագրողի հարցին, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը չի դատապարտում «ԼՂ հակամարտության հարցում հայկական կողմի «ապակառուցողական» դիրքորոշումը, Լավրովն հակադարձել է, թե եթե որևէ մեկը ցանկանում է ուշադրության արժանանալ հասարակական տարածությունում, այդժամ կարելի է խոսել պահանջների, դատապարտանքների մասին: «Մենք ցանկանում ենք հարցին պրակտիկ լուծում տալ, ինչի համար անհրաժեշտ է գործել այլ մեթոդներով, և այդպես են աշխատում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, և Ռուսաստանը որպես համանախագահներ»:
Անդրադառնալով հարցին, Լավրովն հիշեցրել է, որ դեռևս 2007 թ-ին համանախագահները պատրաստել էին հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների նախագիծ, որը հիմք կարող էր ծառայել ապագա խաղաղ համաձայնագրի համար: Նախարարի խոսքերով, Հայաստանը պատրաստ էր ընդունել այդ նախագիծը որպես հիմք, սակայն Ադրբեջանն այն մերժել էր:
«Համանախագահները երկու կողմերի համար ընդունելի բազա ստեղծելու նպատակով շարունակեցին աշխատանքները: 2009 թ-ին նրանք թարմացրեցին հիմնական սկզբունքների նախագիծը և ներկայացրեցին կողմերին: Ադրբեջանը համաձայնեց դրան, սակայն հայերը նախընտրեցին աշխատել 2007 թ-ի նախագծով», - պատմել է նախարարը:
Նրա խոսքերով, այդ իրավիճակում Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպման «Մեր նախագահն ասաց՝ կա 2007 թ-ի փաստաթուղթ, որն ընդունելի է հայերի համար, և կա 2009 թ-ի փաստաթուղթ՝ առավել ընդունելի ադրբեջանցիների համար: Դիմելով կողմերին, նախագահն հարցրեց, թե հնարավո՞ր է արդյոք Ռուսաստանը բոլոր համանախագահների մոտեցումների շրջանակներում փորձի ստեղծել 2007 և 2009 թթ-ի նախագծերը մեկտեղող փաստաթուղթ: Այդ գործին նվիրվեց 10 հանդիպում, որոնց միշտ մասնակցել են ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ ներկայացուցիչը, ովքեր ամբողջապես տեղեկացված են եղել գործընթացից», - հայտարարել է Լավրովը:
ԱԳ նախարարը հիշատակել է նաև 2010 թ-ի «Մեծ Ութնյակի» գագաթնաժողովին Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարությունը, որում կողմերին կոչ էր արվել քննարկել Ռուսաստանի առաջարկած փաստաթղթի վերջին փոխզիջումային տարբերակը:
«Այդ ժամանակ և ծրագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի հանդիպումը Կազանում: Համանախագահող երկրների ղեկավարները կոչ էին արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Կազանի հանդիպմանը ընդունել փաստաթղթի այդ վերջին տարբերակը: Ինձ թվում էր, դա իրադարձությունների բավականին դրական զարգացում է, սակայն, ցավոք, փաստաթուղթը Կազանում չընդունվեց: Ենթադրում եմ՝ տեղյակ եք ինչու, քանի որ կողմերն արեցին համապատասխան հայտարարություններ այդ առնչությամբ: Եվ այդ պահից հետո համանախագահները ձեռնունայն չեն նստել, սակայն բարձր մակարդակով հանդիպումներ դեռևս նախանշված չեն: Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները հանդիպում են, համանախագահները նրանց ներկայացրել են փաստաթղթի կրճատված տարբերակներ, որպեսզի վերացնեն խնդիրներ հարուցող դրույթները: Աշխատանքը շարունակվում է», - ասել է Լավրովը: Պանորամա.ամ