Դարձիր ոսկրածուծի դոնոր, փրկիր կյանքեր

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1999 թվականից: Սա կազմակերպություն  է, որն այսպես ասած,  միջնորդ է հանդիսանում հիվանդ մարդկանց եւ դոնորների միջեւ, որոնք պատրաստ են,  իրենց արյան ցողունային բջիջները տրամադրելով,  մարդկային կյանք փրկել:

30 000 դոնոր` 30 000 մարդ, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է տրամադրել իր ցողունային բջիջները եւ փրկության պատուհան բացել արյան ծանր հիվանդություն ունեցող մարդու համար, որը հենց իր կարիք ունի:

« Մեր նման փոքր երկրի համար 30000-ը բավականին տպավորիչ թիվ է, եթե համեմատելու լինենք այլ երկրների հետ: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում դոնորների թիվը հասնում է 37 հազարի: Բայց  միեւնույն ժամանակ չենք կարող ասել, որ  բավարար է: Եթե տոկոսներով խոսենք, հավանականությունը, որ մենք կգտնենք դոնոր մեր երեսու հազար բազայով, տասը տոկոս է: Դա եւ շատ է,  եւ քիչ: Շատ է այն առումով, որ հարյուր հիվանդից տասը կարող է իր դոնորին գտնել Հայաստանում, բայց դեռ քիչ է…Դոնորագրված, համակարգում գրանցված մարդկանց թիվը պետք է ավելացնել, չ՞է որ միայն այդպես կարող ենք ավելացնել անհրաժեշտ դոնոր գտնելու հավանականությունը»,- ընդգծում է ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը:

Ոսկրածուծի դոնոր կարող է դառնալ տասնութ տարեկանից բարձր ցանկացած մարդ: Համակարգում գրանցման գործընթացը պարզ է: Մի քանի րոպե հարցաթերթիկում անձնական տվյալները լրացնելու եւ 3մլ արյուն՝ տիպավորման համար:

«Շատերի մոտ թյուր կարծիք կա, որ դոնորագրվելու համար անհրաժեշտ է արյուն հանձնել: Ուզում եմ  ընդգծել՝ այդպես չէ: Մեզ ընդամենը մի քանի կաթիլ արյուն է անհրաժեշտ, որ տիպավորենք, պարզենք տվյալ մարդու  գենետիկական հատկանիշները: Դա շատ արագ, մի քանի ժամում վերականգնվող արյան քանակ է»,- նշում է Ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:

Արյան տիպավորման արդյունքում ստացված տվյալները այնուհետեւ տեղադրվում են ռեեստրի համակարգում ու այնտեղ պահպանվում մինչեւ տվյալ մարդու 60 տարին լրանալը:  Հնարավոր է, որ հարեւան տանը կամ էլ  աշխարհի մյուս ծայրում լինի մեկը, որին անհրաժեշտ կլինի հենց նրա արյան ցողունային բջիջները: Նա կլինի միակը ամբողջ աշխարհում, որ կկարողանա փրկել ծանր հիվանդության հետ բախված մեկ ուրիշ մարդու կյանք:

«Մարդն  իր օգանիզմում ունի 100 միլիոնի չափով ցողունային բջիջներ, որից  ամբողջ նրա կյանքում օգտագործվում է հինգից տասը տոկոսը: Բայց ցողունային բջիջների այդ մեծ պաշարը կարող է փրկել մեկ ուրիշ մարդու կյանք: Այստեղ, սակայն,  պետք է մի կարեւոր հանգամանք հաշվի առնել: Մարդիկ արտաքնապես իրար շատ նման լինելով՝  տարբեր են գենետիկորեն, ցողունային բջիջները ընդունվում են  միայն այն դեպքում, երբ դոնորը եւ հիվանդը գենետիկորեն նման են: Որքան շատ մարդ գրանցված լինի համակարգում, այնքան կմեծանա  համապատասխան դոնոր գտնելու հավանականությունը: Ի դեպ, հիվանդի ընտանիքի անդամները ոչ միշտ են կարող դառնալ  ցողունային բջիջների դոնոր: Հավանականությունը մեծանում է, եթե ընտանիքում չորսից ավելի երեխաներ կան»,- բացատրում է Միհրան Նազարեթյանը ու ավելացնում, որ դոնորագրված մարդկանցից  շատերին չէ, որ վիճակվում է դառնալ դոնոր: 20 տարվա  ընթացքում ոսկրածուծի դոնոր է դարձել հայկական ռեեստրում գրանցված 32 մարդ:

Եթե հիվանդ, ցողունային բջիջների անհրաժեշտություն ունեցող եւ դոնորագրված մարդկանց գենետիկական տվյալները համընկնում են, դոնորը պարտադիր լիարժեք հետազոտություն է անցնում:

«Ցողունային բջիջների առանձնացման պրոցեդուրան լիովին անվնաս է դոնորի համար: Տրամաբանենք, եթե դոնորին մի փոքրիկ վնաս սպառնար, մենք այդ բանը չէինք անի: Բժշկությունը երբեք առողջ մարդուն վտանգի չի ենթարկի, հիվանդին փրկվելու հավանականությունը բարձրացնելու համար: Դոնորի կյանքը դնել վտանգի տակ, հիվանդին միգուցե փրկելու համար, ոչ ոք չի անի եւ բժշկության մեջ նման օրենք չկա»,- վստահեցնում է Միհրան Նազարեթյանը

«Վստահ կարող ենք ասել, որ դոնորի համար ցողունային բջիջների առանձնացումը բացարձակ անվնաս գործառույթ է: Դոնորի առողջության հաշվին հիվանդի առողջությունը բարելավելու միտում չկա: Մարդիկ ցողունային բջիջները են հանձնում եւ գնում աշխատանքի: ԱՄՆ-ում 30 հազար փոխպատվաստում է արվում եւ, եթե հանկարծ նրանցից որեւէ մեկը առողջական խնդիր ունենա ամբողջ օրը դատերի մեջ կլիներ նրանց ռեեստրը: Պրոցեդուրայից  առաջ դոնորը լիարժեք հետազոտվում է եւ, եթե անգամ աննշան  վտանգ ենք  տեսնում՝ մենք դադարեցնում ենք գործընթացը, ասում ենք՝ շնորհակալություն եւ վերջ» ,- պատմում է  Սեւակ Ավագյանը  եւ մեզ առաջնորդում սենյակ, որտեղ տեղադրված է սարքավորումը, որի միջոցով առանձնացվում են  ցողունային բջիջները: Վերջին մի քանի տարին ցողունային բջիջներ հանձնելու համար արտերկիր մեկնելու անհրաժեշտություն չկա: Պրոցեդուրան կատարվում է տեղում եւ  տեւում է երեքից չորս ժամ: Ցողունային բջիջներն անջատվում են կամավոր դոնորի շրջանառվող արյունից Աֆերեզ սարքի միջոցով, որը միացվում է դոնորի երկու երակներին: Մի երակով դուրս մղվող արյան հոսքից սարքն անջատում է ցողունային բջիջները և մյուս երակով հետ է վերադարձնում արյունը: գործընթացը տևում է 3-ից 4 ժամ, իրականացվում է առանց ցավազրկման, ողջ ընթացում դոնորը գտնվում է գիտակից վիճակում, չի ունենում ցավային զգացողություններ, իսկ գործընթացի ավարտից հետո վերադառնում է տուն: «Հայերը եզակի են նրանով, որ կարող են ինչ -որ մեկին փրկել եւ դրա դիմաց ոչինչ չակնկալել: Դա գեն է, որ գուցե քնել է եւ պետք է արթնացնել: Դա երկկողմանի կարեւոր է , ոչ ոք չգիտի վաղը ի՞նչ է սպասվում իրեն, արդյոք իր դուռը հիվանդությունը կթակի, թե՝ ոչ , դրա համար պետք է պատրաստ լինել՝ գիտակցելով, որ դա անում ես քեզ համար, դիմացինի համար, անում ես քո երեխաների, քո ապագայի համար: Եթե մենք ուզում ենք հարատեւել պետք է ունենանք առողջ սերունդ եւ, եթե որպես մարդ դու կարող ես օգնության ձեռք մեկնել, այդ ձեռքը պետք է մեկնես»,- ամփոփում է Սեւակ Ավագյանը՝ հորդորելով բոլորին օր առաջ դոնորագրվել: Գուցե ինչ-որ մի տեղ, կյանքի համար պայքարող մեկը  հատկապես քո օգնության կարիքը ունի: