Քոլեջում թերություններ շատ կան, պետք է թիմային աշխատանքի շնորհիվ շտկենք, դնենք պրոֆեսիոնալ հարթակի վրա. Վ. Խաչումյան
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի սաներն օրեր առաջ իրենց հաշվետու համերգը ներկայացրին պրոֆեսիոնալ բեմում՝ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Երկու ժամ տևած համերգ-հաշվետվությունը ներկաները վայելեցին մեկ շնչով: «Այսպիսի ավանդույթ եղել է, սակայն բավականին երկար ժամանակ ընդհատվել է: Ուսանողները խնդրեցին վերականգնել այդ ավանդույթը և ես ընդառաջեցի նրանց: 20 և ավելի տարիներ անց քոլեջի սաները կրկին պրոֆեսիոնալ բեմում են»,- ասաց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի տնօրեն,ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանը:
Վ. Խաչումյանն ընդամենը մեկ ամիս է ղեկավարում այս երաժշտական կրթահամալիրը, սակայն հասցրել է ծանոթանալ բոլորի հետ, ներկա գտնվել նրանց դասերին ու քննություններին: Ասում է՝ անելիքներ շատ կան, և պետք է թիմային աշխատանք տանել: «Անելիքներ շատ կան, պետք է ավելացնել, զարգացնել այն, ինչ ունի քոլեջը, պետք է շտկել բոլոր բացերը, թերությունները և դնել պրոֆեսիոնալ հիմքի վրա: Մի հոգու անելիք չէ, թիմայի աշխատանք է, առողջ թիմ է պետք»,- ասաց նա: Հաշվետու համերգն իրենց ներկայությամբ պատվել էին հայ անվանի երաժիշտներ, կոմպոզիտորներ, դասախոսներ, պրոֆեսորներ:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանի խոսքով՝ հաշվետու համերգը պրոֆեսիոնալ բեմում ներկայացնելու գաղափարը շատ գովելի է: «Չգիտեմ ինչու այս ուսումնարանը կոչեցին քոլեջ:Ամեն դեպքում ՝ օրվա ելույթները ապացուցեցին՝ մենք պոտենցիալ ուժ ենք, և ավելին կարող ենք, քան ցուցադրվում է:
Ողջունում եմ տնօրինությանն ու ուսանողությանը: Թե քանիսը պիտանի կդառնան երաժշտությանը, իրենք կորոշեն, բայց որ գրագետ երաժիշտներ կան նրանց մեջ, դա աներկբա է: Ես ուզում եմ որ քոլեջը ծաղկի ու հասնի այն տարիների հաջողությանը, որը մենք թողել ենք որպես պատմություն»,- ասաց Ռուբեն Մաթևոսյանը: Անդրադառնալով Հայաստանում մշակութային կյանքին՝ լեգենդը նշեց,որ կուզենար ՝ կանոնակարգվեր աշխատանքը մշակութային ոլորտում:
Հետաքրքրված լինեին ցանկացած ժանրի պրոպագանդմամբ: Ռուբեն Մաթևսոյանը նշեց, որ հայ երգի միջոցով կարողացել է օտարին ստիպել ծափահարել մեր երկրին, ուստի ազգային դիմագիծը պահպանելը շատ կարևոր է: Հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ոչ միայն ներկա էր համերգին, այլև հնարավորություն տվեց քոլեջի սաներին իր հետ ելույթ ունենալ մեկ բեմում: «Մեր կյանքի մեջ մենք մի քիչ թափթփված ենք ապրում: Մենք շատ ավելի ազատ ենք ապրում, քան կարող ենք մեզ թույլ տալ: Շատ հարցերում պետք է կազմակերպված գործել: Այս հաշվետու երեկոն մի կողմից ինձ ուրախացրեց, մյուս կողմից ինձ տխրեցրեց, քանի որ մտովի համեմատում եմ մեր ժամանակների ուսումնարանի հետ և տեսնում, որ հսկայական անելիքներ կան: «Պետք է բացառել կյանքում թափթփվածություւնը: Ինչո՞ւ տուրք տալ նորաձևությանը, գնալ ուրիշ թելադրանքի ճանապարհով:
Տնօրենի հետ զրուցել ենք և պատրաստ եմ նրանց կողքին կանգնել, մենք պետք է բացառենք քոլեջ բառը: Պարտք ունեմ մատաղ սերնդին օգնելու, պիտի ամրացնենք կորիզը»,- ասաց կոմպոզիտորը: Ռոբերտ Ամիրխանյանը հայ մշակութային կյանքով շատ է մտահոգված: «Չեմ ուզում դատավորի դերում լինել, բայց ցանկացած փոփոխություն նշանակում է մի ուրիշ բան անել, սակայն ես չեմ տեսնում արդ քայլերը: Մենք շատ թանկ ենք վճարելու, մեր կրակոցները անտեղի են, նպատակային չեն, մենք կորցնում ենք այնպիսի թանկ ժամանակ որը պատմության մեջ երբեք չի լրացվելու: Ինչպե՞ս կարելի է մշակութային գիտակցությունը թուլացնել:
Այս պահին կռիվ է գնում Արցախի և Հայաստանի միասնականության հարցի շուրջ, բոլորն ուզում են ապացուցել, որ դա մենք չենք, իսկ մշակույթի նախարարությունը կարող էր հակառակն ապացուցել: Ահա թե ինչպես կարելի է մշակույթի միջոցով քաղաքական խնդիր լուծել:Մենք իրավունք չունենք մշակույթը թողնել ժամանցային կարգավիճակում»,- անդրադառնալով մշակույթի նախարարության կցմանը մյուս նախարարություններին՝ ասաց Ամիրխանյանը: Մեր թղթակցի հետ զրույցում՝ Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի տնօրեն, Կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Հարությունյանը հույս հայտնեց, որ քոլեջը նոր կյանք կսկսի և հաջողություններ կգրանցի նոր տնօրենի՝Վարազդատ Խաչումյանի շնորհիվ: