Գոհար Չարխիֆալակյանը ամեն օր վայելում է իր աշխատանքը իր ստեղծած աշխարհում՝ լուսավոր ու աղմկոտ, բայցև ներդաշնակ ՏՆԱԿ-ում

Ռուս մեծ գրող Լև Տոլստոյը մի առիթով ասել է. «Եթե ուսուցիչն իր մեջ զուգակցում է սերը՝ գործի և աշակերտների նկատմամբ, նա կատարյալ ուսուցիչ է»: Իսկ Գոհար Չարխիֆալակյանի մեջ վստահորեն համադրված են այս երկու կարևոր հատկանիշները միաժամանակ:

Երբ մանկավարժ լինելը  ոչ թե աշխատանք է, այլ ապրելակերպ:

Ահա այս սկզբունքով է տարիներ շարունակ իր մանկավարժական գործունեությունը ծավալում Գոհարը: Մարդ, ով անսահման շատ է սիրում երեխային և ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում իր առաքելությանը:

 
 

Մեր զրույցը նրա հետ սկսվեց նրա անցած ուղուց և ձգվեց մինչև «Տնակ» զարգացման կենտրոնի ստեղծումն ու ապագա ծրագրերը:  Դեռ պատանեկության տարիներին, երբ եկավ մասնագիտություն ընտրելու ժամանակը, Գոհար Չարխիֆալակյանը կարիք չուներ երկար-բարակ մտածելու: Այդտեղ երկրորդ տարբերակ լինել չէր կարող. միանշանակ մանկավարժություն: Այդպես վստահորեն էլ ընդունվեց Գյումրիի պետական մանկավարժական ինդտիտուտ ու դեռ ուսանողության  տարիներից մտնելով դպրոց՝ որպես կամավոր, վերջնականապես սիրահարվեց խորհրդավոր ու լուսավոր այդ աշխարհին: Ինստիտուտն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցավ Անանիա Շիրակացու ճեմարանում, որի հետ կապված է հոգու ամենանուրբ թելերով:

Դասվար, հետո երկարօրյայի կազմակերպիչ աշխատելուց հետո՝ մոտ 5-6 տարի, հրաժեշտ տվեց հարազատ դարձած օջախին  ու շարունակեց իր ավանդը ունենալ նույն ոլորտի մեկ այլ՝ ոչ պակաս հեղինակավոր 51 հիմնական դպրոցում: Կյանքի 10 տարիներն էլ անցան այս կրթօջախում՝ որպես ուսուցիչ, մեթոդմիավորման ղեկավար, ապա փոխտնօրեն: Բայց, եկավ մի պահ, երբ Չարխիֆալակյանը այլևս նույն էնտուզիազմով և եռանդով դպրոց չէր մտնում:

Ասում է. «Ուրեմն կանգ առնելու  ժամանակն էր: Նոր ճանապարհների փնտրտուքը ինձ տարավ Պետական կառավարման ակադեմիա, որտեղ 33 տարեկանում ստացա 2-րդ մասնագիտությունս՝ հոգեբանություն: Ու ես հասկացա մի պարզ ճշմարտություն. ես չեմ ուզում լինել ոչ դպրոցի տնօրեն, ոչ փոխտնօրեն, ինձ պետք է երեխայի հետ ամենօրյա անմիջական ու կենդանի շփում, իսկ ադմինիստրատիվ աշխատանքը ինձ դա թույլ չէր տալիս: Ստիպված էի կայացնել կյանքիս դժվարին որոշումներից մեկը` թողնել դպրոցը»:

Գոհարը  կարող էր թողնել դպրոցը, սակայն ոչ երբեք երեխայի հետ ամենօրյա շփումը:

Նա ամեն օր վայելում է իր աշխատանքը իր ստեղծած աշխարհում՝ լուսավոր ու աղմկոտ, բայցև ներդաշնակ ՏՆԱԿ-ում:

https://www.facebook.com/tnaktrainingcenter