ՏՏ. իրական հնարավորություններ տնտեսության համար. Կարեն Վարդանյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն
Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ ոլորտում առկա հիմնախնդիրները բազմազան են: Դրանք չորս հիմնական դաշտերում են: Առաջինը, որ կընդգծեի, որակյալ և մրցունակ կրթական միջավայրի ձևավորումն է, հաջորդ խնդիրը Հայաստանի ներկայացումն է արտերկրում, մեր երկրի ճանաչելիությունը օտարների կողմից որպես տեխնոլոգիական երկիր, երրորդը տեխնոլոգիական ձեռներեցության զարգացման խնդիրն է, և վերջինը՝ կառավարության հետ հարաբերակցության խնդիրը, թե որքանով է պետությունը աջակցում այս ոլորտին:
Կրթական ոլորտի հիմնական խնդիրը համապատասխան մասնագետների ֆիզիկական բացակայությունն է և վերջիններիս անհրաժեշտությունը: Սակայն այս խնդիրը զուտ տեխնոլոգիական չէ, այլ հոգեբանական, որովհետև մեր հանրության հավաքական ցանկությունն է իրենց զավակներին տալ այնպիսի մասնագիտություն, որտեղ ավելի շատ են կողոպտելու և կաշառք վերցնելու լծակները, և սա է, թերևս, պատճառը, որ մենք կանգնում ենք մեծ խնդրի առջև: Օրինակ՝ Ստեփանակերտում կա ֆիզմաթ ուղղությամբ դպրոց, որի շրջանավարտների 99%-ն ընտրում է հաշվապահի մասնագիտությունը. այսինքն կա ոլորտի նկատմամբ թերահավատության և բացասական վերաբերմունքի դրսևորում: Այդ առումով մեր միությունը կատարում է ծավալուն աշխատանք. մարզերում ստեղծել ենք ռոբոտաշինության խմբակներ և ձեռնարկություններ, իսկ մեր գերնպատակն է բոլոր դպրոցներում ստեղծել այդ խմբակները: Այդպես տարեկան հինգ հազար տաղանդավոր երեխա կարող ենք ընտրել և ուղղորդել այս ոլորտ:
Հաջորդ հիմնախնդիրը, որը առաջնային եմ համարում, Հայաստանի ներկայացումն է դրսում: Մենք պետք է հստակ ընդգծվենք արտաքին շուկայում, որովհետև մրցակցությունը ոչ թե ընկերությունների միջև է, այլ երկրների: Գիտակցելով վերջինս՝ մենք պետք է որդեգրենք մի ռազմավարություն, այն, որ Հայաստանը պետք է դառնա հաճելիորեն զարմացնող ինժեներական լուծումներով երկիր, հստակ հիմնվի լավագույն որակի, ստեղծագործող մտքի և ճկունության վրա: Սակայն մինչ այդ մենք մեր ներսում պետք է այդ մոտեցումը որդեգրենք:
Հաջորդ դաշտը, որտեղ առկան են խնդիրները, տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումն է, այստեղ ևս առկա է մշակութային խնդիրը: Օրինակ, եթե երեխան դպրոցն ավարտելուց հետո որոշի համալսարան չընդունվել, այլ իր հետաքրքիր գաղափարը վերածի բիզնեսի, ծնողների կողմից երբեք չի խրախուսվի: Ամեն դեպքում պետք է կոտրել առկա մշակութային կարծրատիպը, պետք է խրախուսել նոր սերունդների գաղափարները, որքան էլ դրանք թվան անհեթեթ, եթե մենք ուզում ենք աշխարհի շուկայում շատ խնդիրների ձեռնամուխ լինենք, պետք է շատ ձեռնարկություններ ստեղծենք, որոնք կարողանում են բանակցել, լուծում գտնել, վաճառել, հետագայում սպասարկել: Ձեռնարկությունների ավելացման դեպքում կապահովենք նաև աշխատատեղերի աճ, և ավելի շատ մարդիկ կներգրավվեն ոլորտ:
Այն հարցի վերաբերյալ, թե կառավարությունը որևէ մոտեցում ցուցաբերու՞մ է, որևէ քայլ արվու՞մ է ոլորտը խթանելու համար, հստակ կարող եմ ասել, որ այսօրվա կառավարական մարմինները դուրս են եկել ոչ արտադրական խավերից, ինչը չի կարող նպաստել ոլորտին: Իննսունական թվականներից մեր իշխանությունը կարող էր հենվել Հայաստանի գերակշիռ ինժեներական խավին, բայց վերջինս հենվեց առևտրական, կաշառքի վրա հիմնված մոտեցումներին, և մինչ այսօր մեր իշխանության պատկերացումները տնտեսության մասին չեն փոխվել: Վերջիններիս ոչ արտադրական մոտեցումները արտադրական ոլորտների վերացման հիմնական պատճառ հանդիսացան: Անհրաժեշտ է արագ տեմպերով վերականգնել այն նախկին տեխնոլոգիական պոտենցիալը, որն ուներ Հայաստանը իննսունականներին: Կարևոր է ստեղծել այնպիսի կազմակերպված կառույցներ և արհմիություններ, որոնց առաջնային նպատակը լինի ոլորտի զարգացման ուղղությամբ անընդհատ ճնշումը կառավարության վրա, զուգահեռ հանդիսանալ վերջիններիս ամենահուսալի գործընկերը և միահամուռ ուժերով հասնել բարձունքների ՏՏ ոլորտում: Ավելի բարենպաստ և արդար պետք է դարձնել նաև պետական գնումների համակարգը, արդյունքում տեխնոլոգիական գնումների ծավալները մեծանում են, իսկ կաշառակերությունը և ոչ թափանցիկությունը սպանում են մեր տեղական ընկերություններին՝ նախապատվությունը տալով այլ երկրներին: Բնական է, որ դրանք ևս կոռուպցիոն երևույթներ են: Նմանատիպ երևույթներից զերծ մնալու համար կառավարությունը պետք է համագործակցի նման միությունների հետ, իսկ համագործակցության արդյունքում կարող ենք հայտնվել աշխարհի քսան ամենատեխնոլոգիական երկրների շարքում: Կարևոր խնդիրներից է նաև հարկային արտոնությունների խնդիրը, որը կարող է փոխել վիճակը՝ ուղղելով ռեսուրսներ և կադրեր այս ոլորտ, ինչը նաև կհանդիսանա լոկոմոտիվ Հայաստանի տնտեսության և այլ խնդիրների լուծման համար: Բայց հարկային հատկանիշները միայն խնդրի մի մասն են, դրանց մեջ պետք է ստեղծվի ենթակառուցվածք՝ ի դեմս ինկուբատորների և տեխնոպարկերի, որտեղ այն երիտասարդները, ովքեր ցանկություն կցուցաբերեն զբաղվել տեխնոլոգիական բիզնեսով, հեշտությամբ կմտնեն դաշտ և կիրականացնեն իրենց գաղափարները: Սակայն պետք է նախ և առաջ տրամադրել այդ դաշտը:
Երևակ ամսագիր